Ֆինանսական ամենամեծ բեռն իրենց վրա զգում են 30-ից 49-ը տարեկան մարդիկ՝ կազմելով այն սերունդը, որը գտնվում է «երկու քարի արանքում»՝ սերունդ, որը ֆինանսական պարտավորություն է կրում թե իրենից ավագ, եւ թե երիտասարդ սերնդի համար:Այս մասին է վկայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի «Կենսաթոշակի անցնելու ապագան» նոր զեկույցը, որը կազմվել է 17 երկրում ավելի քան 18 000 աշխատանքային տարիքի մարդկանց եւ կենսաթոշակառուների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում:Լարվածությունը սկսում է թեթեւանալ միայն 50-59 տարեկան հասակում, եւ շատերի մոտ սկսվում է ավելի բարեկեցիկ կյանք վայելելու ժամանակաշրջանը: Հետազոտությունը նաեւ ցույց է տալիս, որ այսօր ֆինանսական դժվարությունները, որոնք հիմնականում բնորոշ են «երկու քարի արանքում» գտնվող սերնդի մարդկանց, հետզհետե փոխանցվում են ավելի երիտասարդ տարիքային խմբերին: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդներից շատերն արդեն ստիպված են վարկեր վճարել եւ ֆինանսապես օգնել հարազատներին: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի անհատական վարկերի պորտֆելի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տվել գրեթե նույն պատկերը: Վարկային պրոդուկտներից օգտվող անհատների միջին տարիքը 39-ն է: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդները, որոնք վարկեր ունեն կազմում են ընդհանուր պորտֆելի 20%-ը, մինչդեռ «երկու քարի արանքում» գտնվող սերնդին բաժին է ընկնում՝ 60%-ը: Ինչ վերաբերում է վարկառուների տարիքային ցանկին, ապա այն գլխավորում է 30-39 տարեկանների խումբը (35%): Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի տվյալներով, վարկառուների քանակը պակասում է տարիքը բարձրանալուն զուգընթաց՝ մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են ֆինանսական բեռ վերցնում իրենց վրա, երբ հասնում են 50-70-ի: «Այսօր, երբ «երկու քարի արանքում» գտնվող սերնդին բնորոշ ֆինանսական դժվարությունները փոխանցվում են ավելի երիտասարդ տարիքային խմբերին, չափազանց կարեւոր է, որ մարդիկ բոլոր տարիքներում էլ գիտակցաբար մոտենան իրենց ֆինանսական միջոցներին եւ սկսեն ավելի ակտիվ կերպով խնայողություններ անել՝ իրենց հետագա կյանքի համար: Պատշաճ կերպով նախապատրաստվելը՝ վաղ տարիքից խնայողություններ անելը կամ ազգային կենսաթոշակային համակարգին միանալու մասին մտածելը կօգնի երիտասարդներին պատրաստվել կենսաթոշակային կյանքին»,- նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը: Tweet Դիտում՝ 19292