«Հին Երեւան» պատմաճարտարապետական նախագծի հողային աշխատանքները Բուզանդ փողոցի հատվածում մեկնարկել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը:«Հողային աշխատանքը սկսվել է Բուզանդի փողոցի կողմից։ Նախագիծը հաստատվել է մշակույթի նախարարության կողմից եւ ներկայացվել քաղաքապետարանին, որի կողմից համապատսախանեցվելու դեպքում կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- նշել Լեւոն Վարդանյանը:Անդրադառնալով նախագծի շինարարության մեկնարկի ուշացմանը՝ Լեւոն Վարդանյանը նշել է, որ դա պայմանավորված է տարածքի հողերի իրացման գործընթացով, որի մանրամասների շուրջ ինքն իրավասու չէ խոսել:Հեղինակի փոխանցմամբ՝ նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:«Շենքերը, որոնց քարերը պահպանվել են ամբողջությամբ, կվերականգնվեն իրենց իսկ քարերով, ինչպիսին Աֆրիկյանների տան շենք է, իսկ այն շենքերը, որոնց քարերը չեն պահպանվել կամ կիսատ են, կհամալրվեն նոր՝ բայց նախկինի տեսքով մշակված քարերով»,- ասել է նա:Հիշեցնենք, որ դեռ 2015թ. հունվարին «Հին Երեւան» նախագծի հեղինակը Մեդիամաքսին հայտնել էր, որ շինարարության մեկնարկը նախատեսվում է նույն տարվա ամռանը:2014թ. դեկտեմբերին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանը համաձայնագիր էին ստորագրել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Tweet Դիտում՝ 3543