Բաժնետերերի տարեկան ժողովում Յունիբանկն ամփոփել է 2015թ. արդյունքները
03.06.2016 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ

2016թ. հունիսի 1-ին Երեւանում կայացել է Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Բանկում նշել են, որ ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ եւ ծավալների զգալի աճ, Յունիբանկը 2015թ. որոշում է կայացրել ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով առավելագույնս թափանցիկ եւ հանրային բանկ:
«IPO-ի արդյունքում բանկի բաժնետերերի թիվը կազմել է 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն է դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում:
«2015թ. Յունիբանկը որոշեց իրականացնել առաջին ժողովրդական IPO-ն Հայաստանում, եւ մենք տեղաբաշխեցինք բաժնետոմսերը բորսայում: Տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվեց եւ կազմեց մոտ 5 մլն դոլար: Դա բանկի բաժնետոմսերի մոտ 10%-ն է, ինչը, կարծում եմ, իսկապես լավ արդյունք է: Ներկայում մենք ունենք ավելի քան 180 բաժնետերեր, որոնք, համոզված եմ, գոհ կլինեն իրենց ներդրումների արդյունքներից: Միասին կաշխատեն այնքան արդյունավետ, որքան Յունիբանկը արդեն 15 տարի շարունակ»,- նշել է Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Լինելով բաց բաժնետիրական ընկերություն եւ ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների եւ շահերի պաշտպանությանը, տեղեկատվության հասանելիության եւ գործունեության թափանցիկության ապահովմանը:
Գագիկ Զաքարյանի խոսքով՝ բանկը բաժնետերերին առաջարկում է հատուկ ծառայություններ եւս: Հատուկ բաժնետերերի համար անհատական սպասարկում իրականացնելու համար մի քանի մասնաճյուղերում բացվել է առանձին «պատուհան» անհատական սպասարկման համար:
«Եվ մենք, եւ Յունիբանկի մենեջմենթը ջանքեր ենք ներդնում, որպեսզի Յունիբանկը դառնա ավելի հաջող, ավելի զարգացած բանկ, որը հետաքրքիր եւ պահանջված կլինի եւ բաժնետերերի, եւ հաճախորդների կողմից»,- նշել է Գագիկ Զաքարյանը:
«Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի երկարաժամկետ ներդրումային գործիքների, այդ թվում` բաժնետոմսերի եւ պարտատոմսերի նկատմամբ փաստում է Յունիբանկի ռազմավարության արդյունավետությունը եւ հեռանկարային լինելը, ինչպես նաեւ խոսում է բանկի հանդեպ բնակչության վստահության մասին»,- նշել են բանկում:
Այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարել է բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը եւս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:
«2015թ. արդյունքներով Յունիբանկը գրանցեց 358 մլն դրամի շահույթ եւ ամրապնդեց շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Բանկի բաժնետոմսերի երրորդ թողարկումն արդեն ընթացքում է, եւս մեկը նախատեսել ենք այս տարվա հոկտեմբերին: Այդպիսով կհամալրենք Յունիբանկի կապիտալը մինչեւ 30 մլրդ ՀՀ դրամի»,- ընդգծել է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: