ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է ռուսական X5 Retail Group ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ համագործակցության հարցերով դեպարտամենտի տնօրեն Մանուչար Կուտատելաձեին: X5 Retail Group-ը Ռուսաստանում գործող մի շարք հայտնի առեւտրային ցանցերի (Перекрёсток, Пятерочка, Карусель եւ այլն) հիմնադիրն է եւ տնօրինում է ՌԴ տարածքում գործող ավելի քան 7500 սուպերմարկետ:ՏՄՊՊՀ-ում նշել են, որ հանդիպումը նախաձեռնել էր ընկերությունը՝ արձագանքելով օրեր առաջ Արտակ Շաբոյանի կողմից բարձրացված խնդրին: Օրերս Երեւանում կայացած ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստի ժամանակ Արտակ Շաբոյանը նշել էր, որ հայաստանցի գործարարները ռուսական մանրածախ առեւտրի ոլորտում հանդիպում են որոշակի խնդիրների: Նա նշել էր, որ խոշոր առեւտրային ցանցերը հրաժարվում են ուղղակիորեն աշխատել հայկական ընկերությունների հետ եւ նրանց ուղղորդում են ապրանքի մատակարարման պայմանագրերը կնքել միջնորդ կազմակերպությունների հետ, որոնք թելադրում են իրենց պայմանները:Մանուչար Կուտատելաձեն նշել է, որ բարձրացված խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ: Խոշոր ընկերությունները գերադասում են աշխատել դիստրիբյուտորների միջոցով, քանի որ վերջիններս տիրապետում են ապրանքի վաճառքի հետ կապված պարտադիր կանոնակարգերին, բացի այդ, հստակ գիտեն իրենց պահանջներն ու ապրանքի մատակարարման գործընթացը դառնում է ավելի դյուրին: Նա հորդորել է, որ հայ գործարարները եւս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որ կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ որեւէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Մանուչար Կուտատելաձեի խոսքով՝ X5 Retail Group-ը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում: ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել բոլոր խնդիրների լիարժեք լուծմանը՝ հայ արտահանողների համար ապահովելով արդար մրցակցային պայմաններ: Արտակ Շաբոյանը կարեւորել է նաեւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար առեւտրի եւ ծառայությունների միասնական սկզբունքների կանոնակարգման անհրաժեշտությունը: Tweet Դիտում՝ 3802