Երեւանում մեկնարկել է ՀՀ-Կանադա հանքարդյունաբերական ֆորումը

14.03.2016 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր մեկնարկել է Հայաստան-Կանադա հանքարդյունաբերական ֆորումը՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու Հայաստանում Կանադայի դեսպանության նախաձեռնությամբ:

ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոլանդ Քյուրի փոխանցմամբ՝ Կանադան հարուստ փորձ ունի հանքարդյուանբերության ոլորտում, որը ներառում է ամենավաղ փուլից սկսած՝ հետազոտական աշխատանքներից մինչեւ ֆինանսվորումը, հանքերի շահագործումն ու ամբողջ գործընթացի կառավարումը:

«Աշխարհով մեկ գործող կանադական հանքարդյուանբերական ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կողմնակիցներ են: Սա վերաբերում է ոչ միայն էկոլոգիային եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը, այլեւ տեղական աշխատուժի մեջ ներդրում կատարելու եւ համայնքներին սատարելուն: Սա անխտիր արվում է ցանկացած երկրում, ներառյալ՝ Հայաստանում»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ կանադական հանքարդյունաբերական մոդելը չի ենթադրում «շահող» եւ «կորցնող» կողմերի առկայություն:

«Մեր մոտեցումը ենթադրում է, որ եւ ընկերությունը, եւ երկիրը, որտեղ գտնվում է հանքն ու ազդակիր համայնքի բնակչությունը, շահում են դրանից»,- ասել է նա:

Ջոն Ռոլանդ Քյուրը հույս է հայտնել, որ ֆորումը կոստեղծի նոր գործարար կապեր ու ներդրումների հնարավորություններ՝ նկատելով, որ Կանադան Հայաստանի հետ հաջող ներդրման օրինակներ ունի, եւ անհրաժեշտ է հետագայում եւս խորացնել համագործակցության այդ ուղղությունը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, ներկայացնելով ՀՀ ընդերքի բազմազանությունը, հույս է հայտնել, որ նման ներկայացուցչական համաժողովի անցկացումը խթան կհանդիսանա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման համար:

«Ներկայումս ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում՝ ստեղծելու հնարավոր մեխանիզմներ՝ արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ ու ավարտուն ցիկլերով անցկացնելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի համար կարեւոր է նաեւ ապահովել հանքավայրերի շահագործումը էկոլոգիապես մաքուր եղանակով:

Ֆորումի ընթացքում կկայանան հայկական եւ կանադական ընկերությունների շնորհանդեսներ, կներկայացվի Հայաստանի հանքարդյուանբերության ոլորտը, հարկային, իրավական դաշտն ու ֆինանսական հնարավորությունները, կանցկացվեն դեմ առ դեմ գործարար հանդիպումներ:

Դիտում՝ 2605
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai