Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ, նախկինում՝ ԵվրԱզԷՍ) իր զուտ շահույթի 10%-ը կուղղի սոցիալական ոլորտի ծրագրերի աջակցությանը: Ինչպես հայտնում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ԿԶԵՀ նախագծային բլոկի ծրագրավորման եւ ուղեկցման բաժանի պետ Արտակ Ազիզյանը Բիշկեքում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել պարենային անվտանգության եւ սննդի եվրասիական ցանցի զարգացմանը: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում սոցիալական ոլորտի ծրագրերի աջակցման համար նախատեսվում է հատկացնել $10 մլն՝ դրամաշնորհների տեսքով: Նման դրամաշնորհները հիմնադրամի նոր գործիքն են, որոնք ուղղված են ազգային ծրագրերի ֆինանսավորման ապահովվմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, պետկառավարման արդյունավետությունը, սոցիալական ապահովությունը, այդ թվում՝ պարենային անվտանգությունը: Դրամաշնորհները տրամադրվելու են ԿԶԵՀ անդամ այն պետություններին, որոնց համախառն ազգային եկամուտը մեկ անձի համար միջինից ցածր է: Դրամաշնորհների հնարավոր ստացողներն են Հայաստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Արտակ Ազիզյանը համաժողովի մասնակիցներին ծանոթացրել է նաեւ ԵՏՄ տարածաշրջանում պարենային անվտանգության բարձրացմանը ուղղված ԿԶԵՀ-ի գործունեության հետ: Նա պատմել է մասնակից պետություններում անցկացվող հիմնադրամի նախագծերի մասին՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով «Ոռոգման համակարգերի արդիականացումը Հայաստանում» նախագծի վրա: Նրա խոսքով՝ այդ ծրագիրը երկրի գյուղատնտեսության եւ պարենային անվտանգության բարձրացման գործում ԿԶԵՀ-ի ներդրման վառ օրինակ է: Նշենք, որ հիմնադրամի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը: Tweet Դիտում՝ 9061