Հայկական Hytex Plastic ընկերությունը Վրաստանում բացելու է ժամանակակից գործարան, որի վաճառքների տարեկան ծավալը նախնական փուլում կկազմի $5 մլն

19.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայկական Hytex Plastic ՓԲԸ-ն վրացական Coca Cola Bottlers Georgia ՍՊԸ-ի հետ ստորագրել է Հուշագիր երկարաժամկետ համագործակցության մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Hytex Plastic ՓԲԸ տնորենների խորհրդի նախագահ Լեւոն Մելիքսեթյանն ասել է, որ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է ժամանակակից պլաստիկ շշերի պրեֆորմաների արտադրության հիմնում Վրաստանի տարածքում Hytex Plastic ընկերության կողմից, որի վաճառքների տարեկան ծավալը նախնական փուլում կկազմի $ 5 միլիոն:

Հուշագրի առաջին փուլը, որի ընթացքում կկատարվեն Թբիլիսիում հատկացված տարածքների վերանորոգման եւ գործարանում ժամանակակից տեխնոլոգիական հոսքագծերի տեղադրման աշխատանքները, կիրականացվի 2007 թվականի առաջին կիսամյակում եւ Hytex Plastic ՓԲԸ-ից կպահանջի $2 միլիոնի ներդրում: Հետագա տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի $ 5 միլիոն դոլար:

Լեւոն Մելիքսեթյանը նշել է, որ այս լայնածավալ համաձայնագիրը ստորագրվել է Hytex Plastic-ի արտադրանքը վրացական շուկա արտահանման մեկնարկից ընդամենը կես տարի հետո: Վրաստանում Hytex Plastic-ի դուստր ձեռնարկության ստեղծման եւ գործարանի կառուցման որոշումը կայացվել է արտադրանքի ինքնարժեքի նվազեցման եւ տրանսպորտային եւ մաքսային ընթացակարգերի դյուրացման նպատակով:

Բացի այդ, ասել է ընկերության տնորենների խորհրդի նախագահը, ՙՎրաստանում սեփական գործարանի առկայությունը մեզ թույլ կտա դուրս գալ տարածաշրջանի այլ շուկաներ՚:

Այսօր Hytex Plastic ընկերությունը ապահովում է վրացական շուկայի պլաստիկ շշերի պրեֆորմաների 30%-ը: Թբիլիսիում գործարանի կառուցումից հետո վրացական շուկայում հայկական ընկերության մասնաբաժինը կհասնի 50%-ի: Ստորագրված Հուշագրի համաձայն, Coca Cola Bottlers Georgia ընկերությունը մինչեւ 2013 թվականը պրեֆորմաների իր պահանջարկը բավարարելու է Hytex Plastic արտադրանքի հաշվին:

Ստորագրման արարողությանը ներկա էր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեվին: 2006 թվականի հունվարին ՎԶԵԲ-ը ձեռք է բերել Hytex Plastic ընկերության բաժնետոմսերի 30%-ն ու ակտիվ մասնակցություն է ունեցել Coca Cola Bottlers Georgia-ի հետ համաձայնության ձեռք բերման գործում:

Hytex Plastic ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականին: Պլաստիկ շշերի պրեֆորմաների արտադրությամբ զբաղվում է 1997 թվականից: Ընկերությունը ոչ միայն ապահովում է Հայաստանի գրեթե ողջ շուկան` հանդիսանալով շշալցված եւ գազավորված ջրերի եւ ոչ ալկոհոլային խմիչքների խոշորագույն արտադրողների մատակարարը, այլեւ առաջատար դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի տարածաշրջանում: Վերջին 5 տարիների ընթացքում Hytex Plastic ընկերությունը $ 4 միլիոնի ներդրում է կատարել իր արտադրության արդիականացման նպատակով, որի շնորհիվ գործարանում տեղադրվել են նորագույն տեխնոլոգիական հոսքագծեր:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 14646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW