ԿԲ Խորհուրդն անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.75%

05.12.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ թողեց ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.75%, հայտնեցին ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին ԿԲ մամլո ծառայությունում:

“Թեեւ դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները` կապված էներգակիրների, ինչպես նաեւ մի շարք այլ ապրանքների (մասնավորապես` շաքարավազի) տարվա ընթացքում ձեւավորված միջազգային գների բարձր մակարդակի հետ, այնուամենայնիվ, առաջիկա տասներկու ամիսների համար այդ հատվածից սպասվող գնաճային ճնշումներն ավելի մեղմ են:

Շարունակվում է տնտեսական բարձր աճի արձանագրումը հիմնականում շինարարության եւ ծառայությունների ոլորտներում: Սպասվող նմանօրինակ զարգացումներով պայմանավորված բնակչության եկամուտների ավելացումը, զուգորդվելով մասնավոր տրանսֆերտների աճի հետ, պահպանում է չափավոր գնաճային ճնշումները:

Միաժամանակ, տարեվերջին դրամի պահանջարկի սեզոնային մեծածավալ աճի եւ տնտեսությունում դրամայնացման երեւույթի շարունակման պարագայում արտարժույթի առքի միջոցով ԿԲ կողմից դրա բավարարումը, տնտեսությունում կառաջացնի իրացվելիության ավելցուկ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս ավելցուկի չեզոքացումը հնարավոր է տոկոսադրույքների ներկայիս մակարդակի պայմաններում:

Տնտեսության զարգացման ներկա հեռանկարների պահպանման դեպքում ԿԲ խորհուրդը չի բացառում առաջիկա ամիսների ընթացքում տոկոսադրույքի ճշգրտման իրականացումը”, - ասվում է ԿԲ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5634

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW