Այս տարի լրանում է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծավալած գործունեության 10 տարին:Այս կապակցությամբ այսօր Երեւանում մեկնարկել է բանկի կազմակերպած երկօրյա համաժողովը, որի ընթացքում հայ եւ օտարազգի փորձագետները ներկայացնում են նախագծերի կառավարման ոլորտում տեղական ու միջազգային փորձը: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր այս տասը տարիների ընթացքում նպաստել են Հայաստանում Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մշակմանն ու զարգացմանը: Հաջողություն չի կարող լինել առանց հմուտ ու փորձառու ծրագրերի կառավարիչի: Հայաստանը նման կառավարիչների կարիք ունի, որին էլ ուղղված է մեր կողմից կազմակերպված համաժողովը»,- ասել է Հայաստանում ԱԶԲ մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլը:ԱԶԲ-ի՝ Հայաստանին տրամադրած վարկերն ուղղվում են տրանսպորտի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ էներգետիկայի ոլորտներին, բիզնես միջավայրի բարելավմանն ու կանանց ձեռներեցության խթանմանը: ԱԶԲ տարածաշրջանային գրասենյակի ավագ համակարգող Արեգ Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 2015թ. հոկտեմբերի դրությամբ ֆինանսական կառույցը Հայաստանին տրամադրել է $1.04 մլրդ վարկ, այդ թվում՝ $133 մլն-ը մասնավոր եւ $910 մլն-ը` հանրային հատվածում մի շարք ծրագրերի իրականացման համար:ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ հանրային հատվածում իրականացվել են «Հյուսիս-հարավ» միջանցքի, քաղաքային կայուն զարգացման, ջրամատակարարման եւ ջրահեռացման, կոշտ թափոնների կառավարման ներդրումային ծրագրերը:Բանկի՝ մասնավոր հատվածի ֆինանսավորման միջոցով իրականացվող ծրագրերից են Սեւան-Հրազդան հիդրոէներգետիկ կասկադի վերականգնման, ինչպես նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրերը: Դեյվիդ Դոուլի փոխանցմամբ՝ ԱԶԲ-ն ապագայում շարունակելու է աջակցել ՀՀ ներքին տրանսպորտային կապերի զարգացմանը, քաղաքային բարեկարգմանը, էներգետիկ եւ սեյսմիկ անվտանգության բարելավմանը: Tweet Դիտում՝ 13589