“ԱրմենՏելի”` ֆիքսված հեռախոսակապի սակագներն անփոփոխ կմնան մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը

24.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել անփոփոխ թողնել ֆիքսված հեռախոսակապի գործող սակագները մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հանձնաժողովի որոշման մեջ ասված է, որ մինչեւ 2007 թվականի մարտի 1-ը այդ սակագները կհամարվեն “անցումային”:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել սակագնային քաղաքականության վերաբերյալ բանակցություններ անցկացնել “ԱրմենՏել” ընկերության նոր սեփականատիրոջ` ռուսաստանյան “Վիմպելկոմի” հետ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ այս տարվա հոկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրաժարվել էր բավարարել “ԱրմենՏելի” հայտը ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ-ծառայությունների սակագները վերանայելու վերաբերյալ` “բավարար հիմքերի բացակայության պատճառով“: Դրան հաջորդեցին “ԱրմենՏելի” եւ Հանձնաժողովի ներկայացուցիչների բանակցությունները, որոնց ընթացքում, սակայն, կողմերին չհաջողվեց համաձայնության հասնել:

“ԱրմենՏելը” այս տարվա սեպտեմբերին դիմել էր Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների վերանայման հայտով: Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում էր բարձրացնել ամսեկան բաժանորդային հեռախոսավարձը քաղաքացիների համար 1100 դրամից 3000 դրամ, ինչպես նաեւ բարձրացնել հեռախոսակապի րոպեավճարի արժեքը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏել” ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր նախընտրել է չպատասխանել լրագրողների հարցերին:

Օլեգ Բլիզնյուկը նշել է, որ ռուսական “Վիմպելկոմի” կողմից “ԱրմենՏելի” ձեռքբերման գործարքն ավարտվել է ընդամենը 9 օր առաջ, իսկ ինքը նոր պաշտոնում նշանակվել է միակն երեկ` նոյեմբերի 23-ին:

“Ընկերության ղեկավարությանը որոշ ժամանակ է պետք` ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելու համար“, - ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6810
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW