Ֆրենչայզինգին նվիրված համաժողովը Երեւանում 50 ընկերության է համախմբել

22.09.2015 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկել է ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա գործարար համաժողով, որը կազմակերպել են Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը, Երեւանում ԱՄՆ դեսպանությունը եւ ԱՄՆ Կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը:

Համաժողովին մասնակցում են 50-ից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ եւ ձեռներեցներ: Միջոցառմանը ներկայացվել են ԱՄՆ ֆրենչայզինգային ձեռնարկությունները, որոնք թեեւ նոր են մուտք գործում հայկական շուկա, սակայն տարածաշրջանի այլ վայրերում արդեն հաջող տնտեսավարման փորձ ունեն:

«Կարծում եմ, որ ֆրենչայզինգային ձեւաչափն ամենաքիչ ռիսկային տարբերակն է, որը հնարավորություն է ընձեռում արտասահմանյան ընկերություններին մուտք գործել հայկական շուկա եւ հասկանալ դրա առանձնահատկությունները, իսկ տեղական ներդրողներին՝ ներգրավել կայացած եւ հաջողակ բիզնես տեխնոլոգիաներ»,- նշել է Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ օտարերկրյա ներդրումներն իրենց էությամբ ոչ միայն կապիտալի, այլեւ տեխնոլոգիաների, բիզնես գործընթացների, մարդկանց ծառայություններ մատուցող պրոդուկտների ներհոսք են ապահովում:

«Ֆրենչայզինգի համար Հայաստանի բիզնես միջավայրն այսօր բավական բարենպաստ է: Ֆրենչայզինգային ընկերությունները գալիս են այնտեղ, որտեղ պաշտպանված են ինտելեկտուալ սեփականության իրավունքները: Կարծում եմ՝ Հայաստանում ոլորտն անցել է բարեփոխումների միջով եւ հասել մի մակարդակի, երբ ֆրենչայզինգային ոլորտի ընկերությունները հետաքրքրվում են Հայաստանով»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը:

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսն էլ հույս է հայտնել, որ դեսպանությունը կկարողանա «պարարտ հող նախապատրաստել հայաստանյան գործարարների եւ ամերիկյան կորպորացիաների միջեւ կապերի ձեւավորման համար»:

Համաժողովին մասնակցում են ամերիկյան երկու կորպորացիաների՝ Papa John’s Pizza-ի եւ Tutti-Frutti Frozen Yogurts-ի ներկայացուցիչները:

Դիտում՝ 13465
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW