Երեւան, 2 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 4.75%:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, հոկտեմբերի 31-ին կայացած ԿԲ խորհրդի նիստում նշվել է, որ թեեւ օգոստոսից արձանագրվում է նավթի միջազգային գների որոշակի նվազման եւ կայունացման միտում, դեռեւս պահպանվում են արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները: Գնաճային ճնշումների աղբյուր կարող է հանդիսանալ նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում հացահատիկի բերքի սպասվող նվազումը: Նիստի ընթացքում նշվել է, որ շարունակվում է տնտեսական բարձր աճի արձանագրումը հիմնականում շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվին, որի արդյունքում բնակչության եկամուտների ավելացումը, զուգորդվելով մասնավոր տրանսֆերտների աճի հետ, ստեղծում է գնաճային ճնշումներ: Պահպանվում են նաեւ գյուղատնտեսության ոլորտից եկող գնաճային ճնշումները: Չնայած առկա գնաճային ճնշումներին, նշված ռիսկերի չափավոր դրսեւորման դեպքում, առաջիկա 12 ամիսների ընթացքում գնաճը կգտնվի նպատակայինª 4+-1.5% ցուցանիշի սահմաններում: Միեւնույն ժամանակ, նշում են ԿԲ մամլո ծառայությունում, տնտեսությունում դրամայնացման երեւույթի շարունակման պարագայում արտարժույթի առքի միջոցով ԿԲ կողմից դրամի նկատմամբ պահանջարկի բավարարումը, զուգակցվելով մինչեւ տարեվերջ բյուջեի մեծածավալ ծախսումների հետ, տնտեսությունում կառաջացնի իրացվելիության ավելցուկ, ինչի չեզոքացումը հնարավոր է տոկոսադրույքների ներկայիս մակարդակի պայմաններում: Վերոնշյալ ճնշումների ուժեղացման պարագայում առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածում ԿԲ-ն աստիճանաբար կչեզոքացնի դրանց ազդեցությունը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7053