Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որն ավելի վաղ հանձնվել էր Պաշտպանության նախարարությանը, $30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառվել է «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին: Այդ մասին հայտարարվել է կառավարության այսօրվա նիստում:Նշվում է, որ համալիրի շրջակայքում կստեղծվի ընտանեկան ուղղվածության կենտրոն: ««ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊՆ-ն պարտավոր է առնվազն 6 ամիս ժամկետով եւ առնվազն 55 հազար ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագիր կնքել մարզահամերգային համալիրում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, ինչպես նաեւ օգտագործման ուղղվածությունը»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում: Հավանություն է տրվել նաեւ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ ներդրումային ծրագրին, այդ թվում նորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել առավելագույնը 4 տարվա ընթացքում, իսկ ներդրումների չափը գերազանցելու է $100 մլն-ը: Կստեղծվի առնվազն 250 աշխատատեղ: Tweet Դիտում՝ 4515