ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում «Էներգետիկ ռեֆորմ» վերտառությամբ գրառում է կատարել, որում ներկայացրել է 9 կետ, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են էլեկտրաէներգետիկ ոլորտի բարեփոխման համար:Այս կետերի իրականացման համար, պատգամավորի համոզմամբ, 15 օրվա աշխատանք է պետք։Հրանտ Բագրատյանի ներկայացրած կետերը հետեւյալն են՝1. ՀԾԿՀ 2015թ. հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա՝ հետեւյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտ գծերի ներկայացուցիչներ եւ մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։3. Էներգետիկ շուկայի մասնակիցների միջեւ պարբերաբար (սկզբնական շրջանում՝ ամեն օր, իսկ ապա՝ ամեն շաբաթ, ի վերջո՝ առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։ 4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձեւավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ «գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին»։6. ՀԾԿՀ-ն, ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից, շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված՝ ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) եւ ծավալի (ամսական մինչեւ 100 կիլովատ, 100-300, 300-1000 եւ այլն)։ 7. Մարժան սահմանելուց հետո ձեւավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ եւ իջնել)՝ ըստ ամիսների։8. ՀԷՑ-ը (անկախ, թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին, Երեւանը եւ մնացած հանրապետությունը)։ 9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ, օգոստոսի 1-ից, բայց ոչ ավելի, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի եւ աշխատի։«Արեք այս ամենը եւ կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5%-ից ավելի չի լինի»,- գրել է Հրանտ Բագրատյանը: Tweet Դիտում՝ 3244