Հայաստանի Մարդկային ռեսուրսների (ՄՌ) ասոցիացիան այսօր նշում է իր գործունեության 5-ամյակը: Այս կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է մեծ ճանապարհ: Դեռեւս 2008-ից, երբ հասունացել էր մասնագիտական համայնքի ստեղծման գաղափարը, սկսեցին կազմակերպվել ՄՌ ակումբներ, որոնց շրջանակում հայաստանյան շուկայի գործող ՄՌ մասնագետները քննարկում էին իրենց հուզող ոլորտային հարցերը եւ կիսվում փորձով: Իսկ 2010-ից՝ արդեն որպես ձեւավորված կառույց, Ասոցիացիայի կողմից պարբերաբար կազմակերպվում են ՄՌ ակումբներ, քննարկումներ, համաժողովներ, դասընթացներ եւ վեբինարներ։«Վստահ եմ, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է ձեւավորել ակտիվ մասնագիտական համայնք, որն արագ տեմպերով զարգանում է եւ ժամանակի ընթացքում ավելի լսելի ձայն ունենում այսօրվա հասարակությունում։ Ասոցիացիայի անդամների թիվը տարեցտարի աճում է՝այս տարի հասնելով 50-ի: Հաշվի առնելով հայաստանյան փոքր շուկան՝ սա մեծ թիվ է, ինչը Ասոցիացիայի գործունեության նկատմամբ վստահության հիմնական ցուցանիշն է։ Այսօր մենք հպարտ ենք մեր անցած ճանապարհով եւ ձեռքբերումներով։ Միանշանակ շարունակելու ենք զարգանալ եւ աճել՝ մաքսիմալ օգուտ բերելով հայաստանյան բիզնես համայնքին»,- ասել է Հայաստանի ՄՌ ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:Այս ժամանակահատվածում Ասոցիացիայի կողմից կազմակերպվել է 35 ՄՌ ակումբ-հանդիպում, 3 հյուր-ծրագիր, 7 վարպետության դասընթաց եւ ոլորտին նվիրված տարածաշրջանային 3 համաժողով: Կնքվել են համաձայնագրեր եւ համագործակցության պայմանագրեր այլ երկրների ՄՌ ասոցիացիաների հետ: 2014-ից Ասոցիացիան համագործակցում է ՄՌ ոլորտում վկայական տրամադրող առաջատար Մարդկային ռեսուրսների սերտիֆիկացման ինստիտուտի (HR Certification Institute/HRCI) հետ՝ կազմակերպության կողմից տրամադրվող վկայականները հասանելի դարձնելով նաեւ հայ մասնագետների համար: Իսկ 2015-ից հայաստանյան ասոցիացիան անդամակցում է Եվրոպական ՄՌ ասոցիացիային (EAPM): «Այս ձեռքբերումները ինքնին մեծ քայլ առաջ են միջազգային փորձի ուսումնասիրության եւ Հայաստանում դրանց կիրառման մեխանիզմների մշակման համար: Արդեն տարեվերջին կունենանք շուրջ 18 վկայակոչված մասնագետներ, որոնք իրենց կազմակերպություններում ՄՌ կառավարումը կկազմակերպեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Իսկ Եվրոպայում մեր գործընկերների հետ մասնագիտական կապերի ստեղծումը թույլ կտա այս արագ փոփոխվող աշխարհում քայլել ժամանակին համընթաց՝ տեղեկացված լինելով ոլորտի նորություններին եւ ձեռքբերումներին: Համոզված ենք՝ սա դեռեւս առաջին քայլերն են եւ հետագայում կլինեն նորանոր հաջողություններ»,- նշել է Ասոցիացիայի ադմինիստրատիվ մենեջեր Սեդա Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 8723