Գեոթիմը արձագանքել է բաց նամակին

31.03.2015 | 17:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գեոթիմ ՓԲԸ-ն այսօր արձագանքել է մարտի 12-ին բաց նամակի տեսքով ընկերությանը ուղղված հարցերին:

Ընկերությունը հիշեցրել է, որ անցած 8 տարիների ընթացքում Ամուլսարի շրջակա համայնքներում անցկացրել է 11 հանրային լսում եւ ավելի քան 170 հանդիպում համայնքների հետ:

«Հաշվի առնելով, որ Ամուլսարի հանքը դեռեւս չի շահագործվում, սա թերեւս աննախադեպ քանակի համայնքային հանդիպումներ են: Այս 8 տարիների ընթացքում ազդակիր համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել են ծրագրի բոլոր մանրամասները, քննարկվել են բոլոր խնդիրները, պատասխաններ են հնչել ցանկացած բարձրացված հարցին: Համայնքների հետ մենք ունենք փոխադարձ վստահության մթնոլորտ եւ մշտական ակտիվ կապ», - ասված ընկերության հաղորդագրության մեջ:

Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակում շարադրված հարցերի համառոտ բովանդակությունը եւ ընկերության մասնագետների պատասխանները:

1. 2011 թվականից 3 անգամ փոփոխվել է կույտային տարրալվացման հարթակի նախագծված վայրը: «…Ինչպիսի առավելություններ ունի ընտրված տարածքը առաջին երկուսի համեմատ, էկոլոգիական, առողջական եւ բնապահպանական ռիսկերը ավելի փոքր են, թե հակառակը քանի որ այս տարածքը ավելի մոտ է գտնվում համայնքներին, քան առաջինները»:

Նախ հիշեցնենք, որ աշխարհում գործում է մոտ 600 կույտային տարրալվացման հարթակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Չիլիյում, Ռուսաստանում եւ այլն: Դրանցից շատերը՝ բնակավայրերի, անտառների, ջրային ռեսուրսների հարեւանությամբ: Ամուլսարի տարրալվացման հարթակը կառուցված է լինելու ժամանակակից նախագծման մեթոդներով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան:

Կույտային տարրալվացման հարթակի վայրի ընտրությունից առաջ կատարվում է գեոտեխնիկական հետազոտություն, եւ եթե տարածքը համապատասխանում է կայունության եւ ապահովության, ինչպես նաեւ տեխնիկական այլ չափանիշների, ապա այնտեղ հնարավոր է կառուցել հարթակը: Այդ առումով նախորդ երկու նախագծերով նախատեսված տարածքները, թե՛ 2011թ., թե՛ 2013թ. էականորեն առավել կամ թերի չէին նախատեսված ներկա տարածքից:

Մասնագետների եւ անկախ փորձագետների համոզմամբ հարթակը կարող էր շրջակա միջավայրի համար անվտանգ գործել, թե՛ նախորդ երկու տեղամասերում, թե՛ նաեւ ներկա ընտրված տեղամասում:

Հայաստանի օրենսդրության մեջ վերջին 3 տարիներին երկու փոփոխություն կատարվեց, առաջինով՝ 2012 թ. Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտին ընդլայնվեց՝ ընդգրկելով այն տարածքը, որտեղ նախատեսված էր տեղակայել կույտային տարրալվացման հարթակը, արգելելով այդ վայրում հանքաքարի վերամշակումը: Երկրորդով՝ 2013 թ. 3 կմ բուֆերային գոտի սահմանվեց Սպանդարյան-Կեչուտ չգործող թունելի շուրջը եւ այդ տարածքը նույնպես ճանաչվեց Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտի:

Անկախ մեր այն համոզմունքից, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընտրված վայրերը կապահովեին բնապահպանական, առողջական կամ այլ տեսանկյունից հարթակի անվտանգ աշխատանքը, հայաստանյան օրենսդրությանը համապատասխանելու նպատակով ընկերությունը փոխեց հարթակի տեղադիրքը:

Նոր տեղադիրքը ընտրվել է ՀՀ կառավարության հետ համատեղ աշխատանքային խմբի երկամսյա աշխատանքի արդյունքում:

Ավելացնենք, որ ոչ միայն հարթակի, այլեւ Ամուլսարի հանքի բոլոր ենթակառուցվածքների բնապահպանական ռիսկերի հայտնաբերման եւ դրանց կառավարման մեխանիզմների նախագծման համար ընկերությունը ներդրել է հսկայական գումարներ եւ 5 տարիների աշխատանք՝ ներգրավելով մոտ 50 միջազգային եւ հայաստանյան լավագույն մասնագետների եւ կազմակերպությունների, ինչը աննախադեպ է Հայաստանի համար ու նաեւ օրինակելի՝ միջազգային բոլոր չափանիշներով:

2.  «Այդ ո՞ր միջազգային նորմատիվներով է նախատեսված ցիանային հարթակը կառուցել համայնքից 500մ հեռավորության վրա, Գնդեւազի նորատունկ այգիների մեջ, եթե աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն»:

Սիրով կծանոթանանք այն նորմատիվային փաստաթղթին, ըստ որի՝ համաձայն նամակի հեղինակի «աշխարհում ընդունված է այդպիսի կառույցները 30կմ բնակավայրերից հեռու պետք է լինեն»:

Միջազգային նորմատիվներ, որոնք սահմանում են կույտային տարրալվացման հարթակի շուրջ նման գոտու սահմաններ, մեզ եւ ծրագրի վրա աշխատած բազմաթիվ միջազգային փորձագետներին հայտնի չեն: Ինչպես արդեն նշեցինք, պատշաճ կառավարման եւ տեխնիկական պահանջներին համապատասխանելու պարագայում, հարթակը կարող է անվտանգ գործել նաեւ բնակավայրերի հարեւանությամբ:

2013 թ. Գնդեւազ, Գորայք եւ Սարավան համայնքների ղեկավարների հետ մենք այցելեցինք ԱՄՆ, որտեղ եղանք, օրինակ Քրիփլ Քրիք եւ Վիկտոր հանքավայրում, որի տարբեր ենթակառուցվածքները, այդ թվում եւ կույտային տարրալվացման հարթակը, գտնվում են Վիկտոր քաղաքից` 500, իսկ Քրիփլ Քրիք քաղաքից` 900 մ հեռավորության վրա: Այդպիսի օրինակները շատ են:

Ամուլսարի հարթակը մոտակա համայնքից՝ Գնդեվազից, գտնվում է 1 կմ հեռավորության ու նաեւ զգալիորեն ավելի ցածր մակարդակի վրա:

Եվ վերջապես, Գեոթիմի աշխատակիցները արդեն 8 տարի աշխատում են շրջակա համայնքների բնակիչների հետ, նրանցից շատերի հետ ունենալով ջերմ, բարեկամական հարաբերություններ: Մեր աշխատակիցներից շատերը՝ ինժեներներ, երկրաբաններ, սոցիալական եւ բնապահպանական մասնագետներ, համայնքներում եւ Ամուլսարում են անցկացնում աշխատանքային առօրյայի զգալի մասը: Մեզ համար համայնքների եւ մեր աշխատակիցների անվտանգությունը առաջնային է եւ մենք աշխատում ենք այս ծրագրում, վստահ լինելով, որ այն հնարավոր է ապահովել:

3. «Նախատեսում եք տարեկան 2000տ նատրիումի ցիանիդ օգտագործել, 500մգ/լ կոնցենտրացիայով լուծույթ պատրաստելու դեպքում կստացվի 4 միլիոն տոննա լուծույթ, որը պետք է լցնեք 134հա. տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա մեկ տարում եւ նախատեսում եք կառուցել 2 ավազան, կուտակման ավազան (տարողունակությունը 200 000 մ3), ԿՏՀ հեղեղաջրերի կուտակման ավազան (տարողունակությունը 170 000 մ3): Կուզենանք պարզաբանել թե 3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթը եւ 134հա տարածքով կույտային տարրալվացման հարթակ վրա անձրեւներից ու ձնհալից առաջացած միլիոնավոր տոննաներով ծանր մետաղներով, ցիանիդով, աղաթթվով աղտոտված ջրերը լցվելով Արփա գետը ինչպիսի էկոլոգիական աղետ կստեղծեն Վայոց Ձորում: Հայտնի է, որ հարակից բոլոր գյուղերում դաշտերը ոռոգում են Արփայի ջրերով»:

Կույտային տարրալվացումը փակ ցիկլ է եւ ո՛չ Արփա, ո՛չ որեւէ այլ միջավայր արտադրական արտահոսք չի ունենալու:



Ցիանիդը կիրառվում է ոսկին` հարթակի վրա դարսված հանքաքարից կորզելու նպատակով եւ հարթակը նախագծված է այնպես, որ զրոյի հասցվի ցանկացած արտահոսք՝ կանխելով թե՛ բնապահպանական, թե՛ նաեւ տնտեսական կորուստների հավանականությունը:

3,63 միլիոն տոննա ցիանային լուծույթի մասին նամակի հեղինակի հաշվարկը, թերեւս, թյուրըմբռնման հետեւանք է: Ինչպես ՇՄԱԳ հաշվետվության բազմաթիվ բաժիններում նշված է, լուծույթները տրվելու են փակ շրջանառու համակարգով: Այսինքն` հարթակում միաժամանակ լինելու է 415 – 470 մ3 շրջանառու նոսր ցիանական լուծույթ՝ մոտ 230 կգ ցիանիդ՝ լուծված մոտ 460 տ ջրի մեջ, որը շրջանառու համակարգով հետ է մղվելու պրոցես՝ առանց որեւէ արտադրական արտահոսքի: Ցիանիդի եւ ջրի պարունակությունը պարբերաբար թարմացվելու է, քանի որ ցիանիդը արտադրական պրոցեսի ընթացքում քայքայվում է:

Այժմ՝ «միլիոնավոր տոննաներ» ծանր մետաղների մասին. արդյունահանվելիք մետաղները ոսկին եւ արծաթն են, որոնց գումարային պարունակությունը չի գերազանցում 350 տոննա մետաղ: Հանքաքարը բնականից պարունակում է փոքր քանակությամբ այլ մետաղներ: Կույտային տարրալվացման հարթակում հանքաքարում այդ մետաղների պարունակությունը կլինի ոչ ավել, քան բնական ապարներում: Կրկին նշենք, որ կույտային տարրալվացումն իրականացվելու է փակ համակարգով, եւ ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը եւ ո՛չ էլ առկա փոքր քանակությամբ այլ մետաղները չեն արտահոսելու արտաքին միջավայր: Հանքի փակումից հետո կույտային տարրալվացման հարթակը կլվացվի 12 ամսվա ընթացքում, կմաքրվի ցիանիդից, կչորացվի, կպատվի կավով եւ հողի բերրի շերտով: 
 
Ինչ վերաբերում է ձնհալներին եւ անձրեւաջրերին, ապա դարձյալ Արփա, Որոտան կամ այլ բնական միջավայր արտադրական ջրերի արտահոսք չի լինելու: ՇՄԱԳ հաշվետվության 5.2.5 ենթաբաժնում եւ Հավելված 16-ում մանրամասն նկարագրված է մակերեւութային ջրերի կառավարման պլանը: Մատնանշած ավազաններից երրորդը՝ դատարկ է լինելու եւ ունի 170 000 մ3 տարողունակություն: Այն նախագծված է հենց՝ աննախադեպ տեղումների դեպքում ջրային բոլոր հոսքերը հավաքելու նպատակով: Արտադրական պրոցեսին առնչվող բոլոր մակերեւութային ջրերը հավաքվելու են դրենաժային համակարգի միջոցով եւ հետ են մղվելու արտադրական պրոցես, ինչպես դա արվում է աշխարհի հարյուրավոր ժամանակակից հանքավայրերում: Լրացուցիչ դրենաժներ են կառուցվելու նաեւ հարթակի տակ՝ ձնհալներից առաջացած ջրերը հավաքելու նպատակով:

4.   «Դուք կույտային տարրալվացման հարթակի եւ մնացած օժանդակ կառույցների համար հողատարածքները գնելով այդտեղ գտնվող այգիները եւ դաշտերը կոչնչացնեք, խնդրում ենք պարզաբանեք թե այդ տարածքից մի քանի տասնյակ մետր հեռավորության գտնվող այգիների եւ բանջարանոցների բերքը կարելի է օգտագործել կամ վաճառել ձեզ որպես սնունդ»:

Գնդեվազի տարածքում այգիների մեծ մասը գտնվում է ընկերության կողմից ձեռքբերվող հողատարածքից դուրս: Ենթակառուցվածքների տեղադրման նպատակով ձեռք բերվող տարածքները կառանձնացվեն եւ կտարանջատվեն համայնքային հողերից: Ինչպես արդեն նշվեց, կույտային տարրալվացման հարթակը չունի արտադրական արտահոսք եւ հարթակում կիրառվող նյութերը չեն առնչվելու համայնքային հողերին:

Այդուամենայնիվ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին եւ փորձված տեխնոլոգիային, լիովին հասկանալի է, որ բնակիչներից ոմանց մոտ կարող է անհանգստություն մնալ այգիների վրա հնարավոր ազդեցության առումով: Հաշվի առնելով նման մտահոգության հնարավորությունը, ընկերությունը լրացուցիչ պարտավորություն է ստանձնել իրականացնել շրջակա այգիների արտադրանքի պարբերական մոնիտորինգ եւ տեղեկացնել այդ մասին բոլոր շահագրգիռ կողմերին:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ շրջակա այգիները որեւէ ազդեցություն չեն կրելու: Այդուհանդերձ, եթե պարզվի, որ ընկերության գործունեության արդյունքում որեւէ, այդ թվում տնտեսական վնաս է հասցվել, ընկերությունը պարտավորված կլինի փոխհատուցել այդ վնասները:

Տեղական արտադրության սննդամթերքը հանքի մատակարարման համար կարեւոր աղբյուր կլինի:

5. «Դուք նշում եք, որ կույտային տարրալվացման հարթակում նատրիումի ցիանիդի PH պետք է լինի 11 եւ ավելի որպեսզի թթվայինից վերածվի հիմնայինի եւ ցիանաջրածնի արտահոսք չլինի, որի շատ քիչ քանակությունը մահացու է: Խնդրում ենք պարզաբանեք թե ինչպես եք դա իրականացնելու 134հա տարածքում 4 միլիոն տոննա լուծույթի հետ -30 ից մինչեւ +30 աստիճան ջերմային տատանման պայմաններում անձրեւի ձյան տակ, կամ այդ ինչ սարքեր պետք է տեղադրեք 134հա. վրա, որ 20տ. ցիանային գոլորշիները անցնելով այդ սարքով կարտանետվի 600կգ. եւ 10տ աղաթթվից կարտանետվի 300կգ: Այդ ամենի իրականացման դեպքում, 4 միլիոն տոննա հիմնային լուծույթը եւ 600կգ ցիանիդը, 300կգ Աղաթթուն արդյոք վտանգավոր չի բնակիչների եւ տարածքի էկոլոգիայի համար»:

Ցիանիդի թեման ամփոփելով եւ Ամուլսարում կիրառվելիք «միլիոնավոր տոննաների» մասին կասկածները փարատելու համար, ասենք, որ ողջ աշխարհում տարեկան արտադրվում է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ 1.1 միլիոն տոննա ջրածնի ցիանիդ (HCN) որից միայն 6% ն է օգտագործվում հանքարդյունաբերության մեջ: Մնացած 94% կիրառվում է, մետաղական (գալվանական), գյուղատնտեսության մեջ կիրառվող քիմիական պարարտանյութերի, ներկերի, պլաստմասայի, դեղագործության, կոսմետիկայի եւ այլ արտադրություններում:

Ցիանիդը առկա է նաեւ բնության մեջ: Օրինակ՝ դառը նուշի 1 կորիզը կարող է պարունակել 6.2 մգ ցիանաթթու:

Ցիանիդ են պարունակում նաեւ ծիրանի, խնձորի, դեղձի կորիզները եւ 1000-ից ավելի բույսեր (աղբյուր՝ Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կայք):

Ինչպես արդեն նշվեց, <<միլիոնավոր տոննա>> լուծույթ չի լինելու: Նոսր լուծույթը (1լ ջրի մեջ 500մգ ցիանիդ, որը կկազմի 0.05% ցիանիդ) շրջանառու է եւ տարածվելու է տվյալ ժամանակահատվածում նախատեսված հանքաքարի վրա եւ ամբողջությամբ նորից վերադառնալու է ավազան՝ ընդհանուր առմամաբ 460 տոննա լուծույթ: Ջրածնի ցիանիդի արտանետումների վերաբերյալ պնդումը հավանաբար նույնպես թյուրըմբռնման հետեւանք է: Կույտային տարրալվացումը ջրածնի ցիանիդի արտանետում չի առաջացնելու: Աննշան արտանետման հավանականություն կարող է առաջանալ ռեագենտների պատրաստման ժամանակ, այն է՝ փակ հանգույցում: Ինչպես նշված է ՇՄԱԳ հաշվետվության 5.1 բաժնում՝ արտանետումները հավաքվում են օդափոխության ընդհանուր համակարգի միջոցով եւ մաքրվում սկրուբերում: Սկրուբերներում շրջանառու համակարգը կազմվում է նատրիումի հիդրօքսիդի թույլ լուծույթով, որը կլանում է ցիանաթթվի եւ աղաթթվի գոլորշիները՝ միեւնույն ժամանակ չեզոքացնելով դրանք: Սկրուբերների արդյունավետությունը կազմում է 97%:

Ինչպես տարբեր արդյունաբերական ոլորտներում օգտագործվող այլ քիմիական նյութերի դեպքում, ցիանիդի կիրառման համար, անշուշտ, անհրաժեշտ են անվտանգության հատուկ միջոցառումներ:

Ընկերությունը պարտավորվել է իրականացնել ցիանիդի ձեռքբերումը, տեղափոխումը, պահպանումը եւ կիրառումը <<Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի>> պահանջների համապատասխան:

Վերը բերված օրենսգրքի եւ ցիանիդի կառավարման նախնական պլանի համապատասխան՝ ցիանիդի հետ ապագայում աշխատող ողջ անձնակազմը կանցնի բարձրակարգ վերապատրաստում՝ ցիանիդի անվտանգ պահպանումը եւ կիրառումը ապահովելու համար:

Ինչ վերաբերում է pH-ին, ապա այն 10.5 մակարդակում պահպանելու եւ ցիանաջրածնի (գազ) առաջացումը կանխելու նպատակով աշխարհում ընդունված մեթոդ է կրի կիրառումը:

Որպես լրացուցիչ անվտանգության միջոցառում ցիանիդի պատրաստման արտադրամասերում եւ շրջակա տարածքներում կտեղադրվեն ցիանաջրածնի հայտնաբերման դետեկտորներ՝ նույնիսկ փոքր քանակի արտանետումները հայտնաբերելու եւ կանխելու նպատակով:

Հաջորդող հարցերը կփորձենք խմբավորել, քանի որ բերված պնդումներին միշտ չէ, որ հետեւում է համապատասխան հարց:

Նամակում մեջբերվում է Գեոթիմի կողմից հետազոտված նմուշներում ոսկուց եւ արծաթից բացի այլ մետաղների առկայության փաստը.

«(բիսմութ, կադմիում, կոբալտ, քրոմ, պղինձ, երկաթ, գալիում, մոլիբդեն, նիկել, կապար, ծարիր, սկանդիում, ստրոնցիում, տիտան, ուրան, վանադիում, վոլֆրամ, ցինկ) եւ թունահարույց տարրեր (մկնդեղ, բերիլիում, թալիում, սելեն, տելուր, սնդիկ, կադմիում), որոնք բոլորն էլ խիստ վտանգավոր են մարդու օրգանիզմի համար»:

Հիշեցնենք, որ Ամուլսարում հանքարդյունաբերություն դեռեւս չի իրականացվում եւ մեր գործունեության արդյունքում տարածքում բնականից առկա մետաղի կոնցենտրացիաները հողում կամ ապարներում չեն ավելանալու կամ նվազելու:

Մեր կողմից արված հետազոտությունները ցույց են տալիս, որ հանքանյութը, ինչպես նաեւ ջուրը եւ հողը շրջակա տարածքում պարունակում է մետաղների չափաբաժիններ: Հետազոտված հողի նմուշներում պարբերաբար հայտնաբերվել են մկնդեղի, կապարի, կոբալտի, պղնձի, նիկելի եւ ծարիրի Հայաստանյան չափորոշիչներով միջինից բարձր կոնցենտրացիաներ: Դրանք այս տարածքում առկա են ի սկզբանէ՝ պայմանավորված այս տարածքի երկրաբանական շերտավորման բնական առանձնահատկություններով:

Բացի այդ, ջրի հետազոտությունները ցույց են տալիս, որ նշված մետաղների բարձր կոնցենտրացիաներն առկա են նաեւ Որոտան, Արփա եւ Դարբ գետերում: Տարածքում կան աղբյուրներ եւ առուներ, որոնց ջրերը ունեն զգալիորեն ցածր pH, այն է՝ թթվային են: Ամուլսարի ստորգետնյա ջրերը նույնպես պարունակում են կապարի, նիկելի, պղինձի եւ երկաթի կոնցենտրացիաներ: Այս նյութերը առկա են տարածքում՝ որպես տարածքի լիթոլոգիական կառուցվածքի բնական հետեւանք եւ դրանց պարունակությունը հանքարդյունաբերության հետեւանքով չի ավելանալու:

«113,9 հա բացհանքի տարածքում, տարեկան օգտագործելով 12088,2տ պայթուցիկ նյութ, լիցքավորելով ամեն հորատանցքը 239,6 կգ կատարելով 50452 պայթուն փոշու արտանետումը կազմում է 761,56 տ/տարի եւ փոշին կտարածվի 100-1000մ, աղմուկի մակարդակ համարյա անլսելի կլինի մոտակա համայքներում: Այս հաշվարկ կատարողը եթե եղել է Ամուլսարի վրա հնարավոր է քամիները իրեն կգլորեր սարից 100մ:.. Հանքի շահագործման դեպքում արտանետումները՝ Անօրգանական փոշի 1185,8տ/տարի, ազոտի երկօքսիդ 1365,86տ/տարի, ածխածնի մոնոքսիդ 1107,75տ/տարի, ածխաջրածիններ սահմանային 222,4տ/տարի, պինդ մասնիկներ (մուր) 113,92տ/տարի, ծծմբի երկօքսիդ 106,35տ/տարի, խնդրում ենք պարզաբանեք, թե ինչպիսի էկոլոգիական ազդեցություն կունենա տարածաշրջանի եւ Որոտան – Արփա թունելի վրա»:
 
Հաշվարկներն իրականացնող միջազգային եւ հայաստանյան մասնագետները ոչ միայն եղել են Ամուլսարում, այլեւ 6 տարի շարունակ տարբեր սեզոնների արել են քամու չափումներ, համադրելով դրանք Հայհիդրոմետ ծառայության վերջին տարիների չափումների հետ եւ կատարել են փոշու տարածման համապատասխան մոդելավորում: Ըստ այդ հաշվարկի, պայթեցումների արդյունքում առաջացած փոշին մեծամասամբ կհանգրվանի բացահանքից 100, իսկ փոքր մասնիկները՝ 1000 մետր շառավղով: Բացահանքին ամենամոտ համայնքը՝ Գորայքը գտնվում է 4 կմ հեռավորության վրա:

Ամուլսարը թե քամու, թե կլիմայական այլ պայմանների առումով ամենաբարդ հանքավայրը չէ: Աշխարհում շատ ավելի բարդ կլիմայական պայմաններում շահագործվող հանքեր կան, ներառյալ՝ քաղաքաների անմիջական հարեւանությամբ: Օրինակ՝ Շվեդական Կիրունա հանքավայրը՝ քաղաքին անմիջապես կից:
Պայթեցման ժամանակակից եղանակները թույլ են տալիս խիստ կրճատել արտանետումների քանակները:

Ամուլսարի համար իրականացվել է հանքի փակումից հետո (փոշու նստեցման հետեւանքով) հողում մետաղների եւ այլ նյութերի հնարավոր կոնցենտրացիաների քանակի մոդելավորման հետազոտություններ, ինչի համար օգտագործվել է ավելի քան 20,000 նմուշ հանքաքար եւ 50,000 նմուշ դատարկ ապարներ: Ստացված արդյունքները համեմատվել են էկոլոգիական եւ առողջապահական չափանիշների հետ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ կոնցենտարցիաները որեւէ վտանգ չեն ներկայացնի ոչ այդ տարածքում հետագայում արածող անասունների, ոչ կաթի կամ մսի համար:

Ինչ վերաբերում է Որոտան-Արփա թունելին, հետազոտությունը ցույց է տալիս, որ վնասվածքի ռիսկ առկա չէ: Թունելը բացահանքից գտնվում է 3կմ հորիզոնական եւ 1 կմ ուղղահայաց հեռավորության վրա եւ բոլորովին այլ երկրաբանական շերտում:

«Բացհանքից 5կմ եւ Կեչուտի ջրամբարից 7կմ հեռավորության վրա դուք տեղադրել եք դատարկ ապարների լցակույտը 140հա. տարածքով, որը գտնվում է Կեչուտի ու Սպանդարյան ջրամբարների ջրահավաք ավազանում: Տարեկան այդտեղ տեղափոխելով 46,7 միլիոն տոննա մակաբացման ապարներ ու 4,5 կմ հեռավորությամբ գտնվող 3 ջարդիչներով 10 միլիոն տոննա հանքաքարը ջարդիչ–մանրացնող կայանքում ջարդվելուց ու մանրացվելուց հետո 1200 մմ ժապավենի լայնությամբ, 7.2 կմ ընդհանուր երկարությամբ, 4 հատ ժապավենային փոխակրիչների միջոցով տեղափոխվում է մինչեւ բեռնաթափման զետեղարան, ճանապարհին ավելացնելով հազարավոր տոննա կաուստիկ սոդա, որտեղից էլ 3 հատ БелАЗ–7513 մակնիշի ավտոինքնաթափերի օգնությամբ տեղափոխվում է մինչեւ 1.0 կմ հեռավորության վրա գտնվող տարրալուծման հրապարակ: 134հա. տարածքի վրա մանրացված հանքաքար փռելով ստանում եք 8մ բարձրության շերտ»:

Նախ, պարզաբանենք, որ մակաբացման (դատարկ) ապարները չեն անցնում ջարդիչ կայաններով. դրանք ուղղակիորեն բացահանքից տեղափոխվում են դատարկ ապարների լցակույտ: Մանրացվում է միայն հանքաքարը, որին կույտային տարրալվացման հարթակում տեղադրելուց առաջ ավելացվում է կիր թթվայնությունը չեզոքացնելու նպատակով: Մանրացված հանքաքարը տեղափոխվելու է փոխակրիչի միջոցով, որն իր հերթին փակ է՝ փոշու արտանետումը նվազագույնի հասցնելու նպատակով:

«…երբ դուք նշում եք, որ 1տոննա հանքաքարը 3 ջարդիչներից, մաղերից անցնելով փոշու արտանետումը կազմում է ընդամենը 1,5գրամ, ձեր այս տեխնոլոգիային կարող են նախանձել աշխարհի ցանկացած դեղագործական գործարան»:

Նշված թվերը իրականություն են բազմաթիվ ժամանակակից հանքարդյունաբերական ծրագրերի համար: Եվ ահա թե ինչպես է դա ապահովվում. առաջնային եւ երկրորդային ջարդիչ կայանների շենքերը եւ մանրացման կայանը բոլորը փակ շինություններ են, եւ բոլոր այս շինություններում տեղադրվում է փոշեհավաքման համակարգ: Փոշու կլանիչներ կտեղադրվեն փոխակրիչի փոխանցման կետերում եւ ջարդիչների սնուցիչ կետերում, ջարդիչ եւ մանրացման արտադրամասերում: Սա կապահովի փոշու արտանետումների խիստ սահմանափակումը:

Տնտեսական օգուտների, Ջերմուկի, Գնդեվազի ապագայի, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության անհամատեղելիության, 13 տարի անց հանքի փակման եւ հետագա հնարավոր զարգացումների մասին:

Համառոտ՝ թվերի մասին: Ծրագիրը այս պահին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է Հայաստանում: Նախնական հաշվարկներով հանքի շահագործման ողջ ընթացքում հանքի գործունեությունից պետական բյուջե հարկերի եւ ռոյալթիների տեսքով մուտք կգործի մոտ 488 միլիոն դոլար: Եվ 156 միլիոն դոլարի հարկ կվճարվի հանքի գործունեության արդյունքում՝ այլ փոքր եւ միջին բիզնես միավորների գործունեության շնորհիվ: Միայն աշխատավարձային ֆոնդը կկազմի մոտ 230 մլն դոլար: Հայաստանի ընդհանուր ՀՆԱ-ի վրա ազդեցությունը տարեկան միջինում հաշվարկված է մոտ 120 մլն դոլար: Նույնիսկ ոչ տնտեսագետի համար սա ակնհայտ տնտեսական արդյունքի հեռանկար է, որ կստեղծի բոլոր հնարավրությունները թե՛ Ջերմուկի, թե՛ շրջակա համայնքների զարգացման, այդ թվում եւ այլ ոլորտների՝ գյուղատնտեսության, տուրիզմի մեջ ներդրումների համար: Թե որքանով ադյունավետ կլինի այդ միջոցների նպատակային օգտագործումը, ռազմավարական ներդրումները եւ կառավարումը կախված է բոլոր կողմերի՝ համայնքների, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության եւ մասամբ նաեւ՝ շահագործող ընկերության համատեղ ջանքերից: Դրանից է կախված 13 տարվա զգալի դրամական մուտքերի այնպիսի կառավարումը, որ ներդրվելով հեռանկարային այլ ոլորտներում ապահովեն տնտեսական կայունություն նաեւ հանքի փակումից հետո:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության համատեղելիությանը, ճիշտ կառավարման դեպքում դա լիովին հնարավոր է:

Շատ երկրներ ունեն եւ՛ զարգացած գյուղատնտեսություն, եւ՛ հանքարդյունաբերություն, ինչպես օրինակ՝ ԱՄՆ, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Արգենտինան կամ Իսպանիան: 

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի փակմանը, ապա փակումը իրականացվելու է միջազգային բոլոր չափանիշների պահպանմամբ: Նշենք, որ միայն փակման համար նախատեսված է մոտ 10 մլն ԱՄՆ դոլար՝ բնապահպանական, սոցիալական եւ հողի ու ջրի կառավարման բոլոր պլաններով:

Եվ վերջապես, կցանկանայինք ընդգծել, որ թվերի, տոկոսների եւ արատադրական պրոցեսների նկարագրության հետեւում տասնամյակների ընթացքում կատարելագործված եւ բարելավվող, աշխարհում լայնորեն տարածված տեխնոլոգիաներ են:

Հանքարդյունաբերության հանդեպ անվստահությունը հասկանալի է, եւ հատկապես Հայաստանում նախկին փորձը հաշվի առնելով՝ մտահոգությունները եւ անհագստությունները լեգիտիմ են եւ տեղին:

Այդուհանդերձ աշխարհում գործում են հարյուրավոր հանքավայրեր, որոնց մի զգալի մասը ժամանակակից, լավ կառավարվող հանքեր են: Ինչպես եւ այլ արդյունաբերական ոլորտներում, հանքարդյունաբերության մեջ նույնպես վերջին տասնամյակներում տեղի է ունեցել տեխնոլոգիական արագընթաց զարգացում: Աշխարհի շատ զարգացած ու նաեւ զարգացող երկրներում այսօր կան հանքեր, որ օգտագործում են վերը նկարագրված տեխնոլոգիան եւ հաջողությամբ կառավարվում են բնապահպանական տեսանկյունից՝ ապահովելով տնտեսական օգուտներ երկրի համար:

Մենք հավատում ենք, որ Հայաստանում նույնպես հնարավոր է հասնել նման արդյունքի: Միեւնույն ժամանակ հասկանալով բնական մտահոգությունները, սիրով կշարունակենք երկխոսությունը եւ կկազմակերպենք ցանկացողների հանդիպումը միջազգային փորձագետների հետ, ինչպես խնդրել են բաց նամակի հեղինակները:

Դիտում՝ 2892
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW