Երեւանում սկսեց գործել Cisco-ի երրորդ ցանցային ակադեմիան

30.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նոր ուսումնական տարվա շեմին Հայաստանում սկսեց գործել աշխարհահռչակ Cisco Systems ընկերության երրորդ ցանցային ակադեմիան:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Cisco Systems-ի ներկայացուցչությունում, ակադեմիան բացվել է “Առաջատար տեխնոլոգիաների հետազոտության կենտրոն” գիտակրթական հասարակական կազմակերպության հիման վրա:

Ուսումնական գործընթացն ակադեմիայում կսկսվի սեպտեմբերի 1-ին: Ակադեմիայի առաջին ուսանողները հիսունն են. ուսանողներ, բուհերի դասախոսներ եւ IT- ընկերությունների մասնագետներ:

Cisco ցանցային ակադեմիաների ծրագիրը նախատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տարբեր մասնագետների պատրաստում տեղական, տարածաշրջանային, ազգային եւ միջազգային ընկերությունների համար:

Ուսանողները կյուրացնեն Cisco-ի կողմից սերտիֆիկացված ցանցային տեխնոլոգիաների մասնագետների դասընթացները (Cisco Certified Network Associate – CCNA)` վերջում ստանալով համապատասխան վկայականներ:

Նախկինում Հայաստանում բացվել էին Cisco-ի 2 ցանցային ակադեմիաներ` Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի (տարածաշրջանային) եւ Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի հիման վրա (լոկալ): Ներկայումս երկուսն էլ հաջող գործում են:

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Cisco Systems-ի ներկայացուցչությունում նշեցին, որ Հայաստանի շատ բարձրագույն ուսումնական հաստատություններ հետաքրքրված են հիմնել Cisco ցանցային ակադեմիաներ եւ բացառված չէ, որ առաջիկայում հանրապետությունում ցանցային ակադեմիաների թիվը ավելանա:

“Հայաստանի հեռահաղորդակցության համակարգերը շատ արագ են զարգանում, սակայն զգացվում է արդյունավետ ցանցային որոշումներ մշակող եւ հեռահաղորդակցային սարքավորումների հուսալի աշխատանքն ապահովող բարձրորակ մասնագետների սուր պակաս: Այսպիսով, Cisco ցանցային ակադեմիաների բացումը համապատասխանում է Հայաստանի կենսական շահերին”,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասացին Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում Cisco Systems-ի ներկայացուցչությունում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 12840
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW