ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գործարարներին ասել է, որ «Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ»:Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ այսօր ՀՀ նախագահի անունից ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է դժվարություններով լի 2014 թվականին, նշելով, որ օբյեկտիվ պատճառներ ունեցող այդ դժվարությունների եւ անորոշությունների մի մասն ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել նաեւ գալիք տարում՝ մեզնից անկախ պատճառներով»: «Աշխարհի յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր տնտեսությունում, նույնիսկ ամենահզոր տնտեսություններում, ինչպիսիք Միացյալ Նահանգների տնտեսությունն է, Եվրամիության միասնական տնտեսությունն է, միշտ էլ հնարավոր են բարդություններ, դժվարություններ: Մեր երկրների պես երկրներում այդ բարդություններն ու դժվարություններն առավել եւս ավելի հաճախ կարող են լինել: Այստեղ չափազանց կարեւոր է, որ այդ դժվարությունների, բարդությունների պահերին մենք անմիջապես չսկսենք մեղավորներ փնտրել, անմիջապես չսկսենք պատասխանատուներ ման գալ, եւ եթե իրավիճակը մի քիչ կայունանում է, անմիջապես չփորձենք դափնիները մեր ուսերին քաշել: Այսպիսի իրավիճակներում ամենակարեւորն այն է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը խուճապի չմատնվի եւ կատարի իր պարտականությունները: Այդ ժամանակ այդպիսի դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ են հաղթահարվում»,- ասել է Սերժ Սարգսյանը:«Այնուամենայնիվ, իմ տպավորությամբ, Հայաստանի բիզնես հանրությունը 2014 թվականին վատ չի աշխատել եւ հիմնական մասով հաղթահարել է առկա դժվարությունները: Նկատի ունենալով այն համատեքստը, որտեղ աշխատել եք դուք՝ հարգելի՛ գործարարներ, նկատի ունենալով տնտեսական իրավիճակն աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, Ռուսաստանում եւ մեր տարածաշրջանում, տարին պետք է համարել արդյունավետ»,- նշել է ՀՀ նախագահը:«Նոր տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իրողության հետ: Բայց նաեւ գիտենք, որ նոր հնարավորությունները նաեւ նոր մարտահրավերներ են: Չեմ կասկածում, որ մեր ձեռներեցները մրցունակ են, իրենց լուրջ ասելիքն ունեն եւ այդ ասելիքն ասելու են նաեւ նոր տնտեսական միության ներսում: Դուք կարող եք դա ասել ձեր գործերով, արդյունավետ աշխատանքով եւ նոր գաղափարներով», - ասել է նախագահը: Tweet Դիտում՝ 1728