Երեւան: Մեդիամաքս: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի խորհուրդն այս տարի Հայաստանին ծրագրային առաջարկ ներկայացնելու հրավեր չի ուղարկել: Այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ամերիկյան կորպորացիան մերժել է Հայաստանի հայտը: ԱՄՆ դեսպանը նշել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից աջակցություն ստանալը բազմաքայլ գործընթաց է, որի առաջին քայլը ենթադրում է երկրների ցուցանիշների դիտարկում:«Եթե ներկայացված ցուցանիշներով երկիրը սահմանված նորմերին չի համապատասխանում, ապա վերջինս նույնիսկ ծրագիր չի կարող ներկայացնել: Վերջին երկու տարիներին Հայաստանի ցուցանիշները համապատասխանում էին ներկայացված պահանջներին, սակայն դրանք հազիվ էին հատում նվազագույն շեմը, հատկապես հակակոռուպցիոն ցուցանիշի մասով»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ ցուցանիշներին համապատասխանող 23 երկրներից ծրագրային առաջարկ ներկայացնելու հրավեր սովորաբար ստանում են 2-3-ը: Tweet Դիտում՝ 4418