Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այսօր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հետ վարկային պայմանագիր է կնքել, որի շրջանակներում հայկական բանկին 5 տարի ժամկետով կտրամադրի $10 մլն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ֆինանսավորելու նպատակով: Ինչպես հայտնեցին Եվրասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկը կկարողանա ինքնուրույն ընտրել իր հաճախորդներին, որոնք պետք է համապատասխանեն ԵԱԶԲ-ի հետ համաձայնեցված պահանջներին, նրանց նպատակային վարկեր տրամադրելու եւ փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: «Այս նախագծի իրականացումը կսատարի փոքր եւ միջին բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ զարգացմանը, մրցակցային միջավայրի զարգացմանը եւ ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը թե ներքին, թե արտաքին շուկաներում»,- ասվում է ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ: Նախագիծն իրականացվում է ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսական ինստիտուտներին վարկային գծերի տրամադրման ճանապարհով ՓՄՁ-ների աջակցության եւ զարգացման ծրագրի շրջանակներում: «Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացումն ընդհանուր տնտեսության զարգացման կարեւորագույն պայմանն է, եւ մենք համոզված ենք, որ տվյալ նախագիծը դրական ազդեցություն կունենա այս գործընթացի վրա: Բացի այդ, 2013-2017 թթ. բանկի ռազմավարությանը համաձայն, ՓՄՁ-ների հետագա վարկավորման նպատակով բանկային սեկտորի ֆինանսավորումը Հայաստանում Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է», - ասել է Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Կրասիլնիկովը: «Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ ԵԱԶԲ-ի կողմից տրամադրված միջոցները կօժանդակեն Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին երկարատեւ վարկեր ստանալու համար ավելի լայն հնարավորություններ ընթեռնելու շնորհիվ: Այսօր ԵԱԶԲ-ն իր ուժերն է միավորում ֆինանսական խոշորագույն կազմակերպություններից մեկի հետ, որը լավ դիրքեր է զբաղեցնում տեղական շուկայում եւ սպասարկում է այդ թվում փոքր, միկրո ու միջին բիզնեսի հաճախորդներին: Այս պայմանագրի ստորագրումը լավ սկիզբ է ԵԱԶԲ-ի եւ Արդշինինվեստբանկի համագործակցության համար, որը, անկասկած, ամրապնդվելու եւ լայնանալու միտումներ է ունենալու», - ասաց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վարչության նախագահ մհեր Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 5918