2015թ-ին նախագահի աշխատակազմի եւ ԱԺ բյուջեները կկազմեն 4,5 մլրդ դրամ

29.10.2014 | 18:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ-ի պետական բյուջեի նախագծով իշխանության ճյուղերի պահպանման ծախսերի համար նախատեսվել է հատկացնել 90 մլրդ 165 մլն դրամ, որը գերազանցում է 2014թ-ի մակարդակը 17 մլրդ դրամի չափով:

Այս մասին այսօր ասել է ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` ԱԺ-ում կայացած 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա փոխանցմամբ, ավելացված 17 մլրդ դրամից 14,7 մլրդ դրամը կազմում է աշխատավարձի բարձրացմանն ուղղված միջոցների ավելացումը:  

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրել է 2015թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերն ու եկամուտները: Ըստ այդմ` 2015թ-ին ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն ծրագրված է 4 մլրդ 524 մլն դրամ` նախորդ տարին գերազանցելով 341 մլն դրամով, որից 302 մլն-ը պայմանավորված է միայն աշխատավարձերի բարձրացմամբ: Ավել գումար կպահանջվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով: Նա նաեւ նշել է, որ եկող տարի նախագահի աշխատակազմում կիրականացվի նաեւ տնտեսում` կապի ծառայությունների գծով. «Նման ծառայություններ մատուցող ընկերությունը սակագների նվազեցում է իրականացրել, ինչը կենթադրի 9 մլն դրամի չափով տնտեսում: Հաշվի առնելով բոլոր տեսակի նվազեցումները` նախագահի աշխատակազմն ապահովել է 50-55 մլն դրամի չափով տնտեսում»,-ասել է  նա:

Նա նշել է, որ հավելյալ գումար կպահանջվի նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականացվող բոլոր միջոցառումների համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը տեղեկացրել է,որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծով խորհրդարանի գործունեության իրականացման համար նախատեսված ծախսերն ու եկամուտները կկազմեն 4 մլրդ 560 մլն, ինչի մեծ մասը հատկացվելու է աշխատավարձերի եւ էներգետիկ ծախսերի վճարմանը:

Որոշակի գումար կհատկացվի նաեւ միջազգային կազմակերպություններին՝ ՀՀ անդամակցության վճարներին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին եւ այլ ծրագրերին: Բյուջեի նախագծով գումարներ են նախատեսված նաեւ ԱԺ-ի կրթաթոշակների, շենքի ընթացիկ վերանորոգման, համակարգիչների եւ այլ տեխնիկայի ձեռքբերման համար: Նախատեսվում է խորհրդարանում գալիք տարվանից կրճատել թղթաշրջանառությունը՝ անցնելով էլեկտրոնային տարբերակի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ գործադիր իշխանության ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացումը եւս պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ եւ էներգակիրների թանկացմամբ, թեպետ կան որոշակի տնտեսումներ` կապված հեռահաղորդակցության ոլորտում սակագների նվազեցմամբ: 2015թ-ի բյուջեով համապատասխան ծախսերը կրճատվել են գրեթե 2 անգամ: Վերջինս նկատել է, որ բյուջեի մաս են կազմում նաեւ այլ  ծրագրերի ֆինանսավորումները` սկսած «Լույս» հիմնադրամով, վերջացրած ազգային փոքրամասնություններին տրվող աջակցության գումարներով:

Դիտում՝ 1641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW