10 հարց փողի մասին Մհեր Գրիգորյանին

23.05.2014 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

 Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը, որի այսօրվա հյուրը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն է:

-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

-Բնակարանս: Այն գնել եմ 2007 թ.-ին, իսկ մոտ երկու տարի առաջ ընդլայնել եմ` գնելով նաեւ հարեւան բնակարանը: Կարծում եմ, բնակարանիս շուկայական ներկայիս արժեքը կազմում է մոտ 800 հազար ՀՀ դրամ մեկ քառակուսի մետրի համար:

-Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:

-Բնականաբար, անկանխիկ եղանակն ինձ համար շատ ավելի ընդունելի է եւ հարմար: Բանկային քարտերից մշտապես օգտվում եմ դեռեւս 1999 թ.-ից:

Ինչ վերաբերում է խնայողություններին, ապա ինձ համար միանշանակ է, որ խնայողությունները պետք է պահվեն անկանխիկ ձեւով նախընտրելի բանկերից մեկում: Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց խնայողությունները պահում էին կանխիկ ձեւով եւ, իրենց կարծիքով, որեւէ «ապահով» տեղում: Այսօր դա ծիծաղելի է թվում:

-Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

-Մեկ ամսվա կտրվածքով բավարարվածությունը գնահատելը շատ բարդ է: Եթե մտածում ենք ապագայի, մեր երեխաների կրթության մասին, գիտակցելով, թե որքան տարբեր եւ արագ կարող են լինել զարգացումները մոտ եւ հեռու ապագայում, ապա այդ հարցին պատասխանելը բարդ է:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այսօրվա համար նվազագույն գումարը, որն անհրաժեշտ է միջին ընտանիքին զարգացած երկրների նվազագույն որակի չափանիշներով ապրելու համար՝ դա մոտ 1 միլիոն դրամն է:

-Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

-Չեմ ուզում դա անվանել դժվարություն, բայց, բնականաբար, իմ կյանքում եղել են ժամանակահատվածներ, երբ ֆինանսական միջոցներս բավարար չէին նպատակներիս համար: Երիտասարդ տարիքում` մասնավորապես ընտանիքի կազմավորման փուլում, մշտական գումարի պակաս եմ զգացել: Դրա պատճառը ոչ թե առավել շքեղ կյանքի ձգտելն է եղել, այլ ընտանիքի ձեւավորման ծախսերի եւ վարձատրության ոչ համաչափ լինելը: Գուցե կա տարիք, որը շատ ավելի գումար է պահանջում, քան դու ի վիճակի ես վաստակել: Կարծում եմ, ցանկացած մարդ երիտասարդ տարիքում այս խնդիրն ունեցել է:

-Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

-Համեմատության մեջ` իհարկե: Շատ տարօրինակ կլինի, եթե բանկի ղեկավարն իրեն ապահովված մարդ չհամարի: Չնայած, եթե փորձենք համեմատել այլ երկրների բանկային համակարգերի հետ, դժվար կլինի մեզ ապահովված մարդ համարել:

-Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

-Այո, վարկերից օգտվել եմ եւ օգտվում եմ: Չեմ համարում, որ վարկից օգտվելը նման է պարտք վերցնելուն: Վարկը, նախ եւ առաջ, ժամանակի մեջ վաստակվող եկամուտների եւ անհրաժեշտ ծախսերի համահարթեցման գործիք է:

-Դուք շռա՞յլ մարդ եք, թե տնտեսող:

-Ողջամտության, հաշվեկշռվածության շրջանակներում եւ շռայլ եմ, եւ տնտեսող: Ցանկացած մարդ կարող է շռայլ լինել այն վաստակի ու եկամուտների շրջանակներում, որն ինքն ունի:

Ի դեպ ասեմ, որ կյանքի փորձը ցույց է տվել, որ թե բիզնեսում, թե անձնականում ճիշտ ծախսելը շատ ավելի բարդ ու կարեւոր է, քան շատ վաստակելը:

-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

-Պատասխանը կարող է մի փոքր ոչ բնական թվալ: Եթե անկեղծ լինեմ, ապա կփորձեմ ոչ թե ծախսել, այլ ավելացնել այն: Կառավարել այնպես, որ ավելանա, որից հետո կմտածեմ ծախսելու մասին:

-Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:

-Բացարձակ: Պարտքով գումար տալը կամ վերցնելը սկզբունքորեն սխալ եմ համարում: Դա բանկային գործ է, ֆինանսական ծառայություն, որն անհատը չպետք է իրականացնի, քանի որ ի վերջո բացասական ազդեցություն է ունենում մարդկային հարաբերությունների վրա:

Եթե մարդ ի վիճակի է այդ պարտքը հետ վերադարձնել, ապա կարող է այն վերցնել նաեւ բանկում կամ ֆինանսական այլ կառույցում: Իսկ, եթե ի վիճակի չէ, ավելի լավ է ես նվիրաբերեմ այդ գումարը, որպեսզի գոնե մարդկային հարաբերությունների վրա վատ ազդեցություն չունենա:

-Ունե՞ք արդյոք փողը գնաճից պաշտպանելու Ձեր բաղադրատոմսը:

-Կախված է իրավիճակից: Եթե խոսքը գնում է ծայրահեղ իրավիճակների մասին, կարծում եմ, աշխարհում չկա մեկը, ով կունենա ճգնաժամից պաշտպանվելու բաղադրատոմս. այդ դեպքում ճգնաժամեր պարզապես չէին լինի: Եթե խոսում ենք հեջավորման մասին, ապա յուրաքանչյուր մարդ, ելնելով իր ծախսերից եւ եկամուտների արժույթից ու ժամկետայնությունից, կարող է պարզ գործիքներով հեջավորել սեփական ռիսկերը:

Մհեր Գրիգորյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 7136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW