«Վինկ քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Նաիրա Մարգարյանի հարցազրույցը Banks.am-ին- Հայաստանյան ընկերություններում կառավարման հիմնական խնդիրներից մեկը երկարաժամկետ ռազմավարական պլանավորման պակասն է: Որպես ռազմավարական խորհրդատվություն առաջարկող ընկերության հիմնադիր, ինչպե՞ս կմեկնաբանեք այս խնդիրը: - Երկարաժամկետ ռազմավարական պլանավորման բացակայությունն, իսկապես, մեծ խնդիր է հայաստանյան ընկերությունների համար, ինչի պաշտոնական վարկածը Հայաստանի տնտեսության կանխատեսելիության բարդությունն է: Իրականում պլանավորման անտեսումը պայմանավորված է բիզնես-մշակույթով, ղեկավարների կրթվածությամբ, փորձով, հեռատեսությամբ եւ այլն: Թեեւ վերջին տարիներին նկատվում են որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, մեր մեջ դեռեւս տարածված է «վստահելի անձ» հասկացությունը, երբ ղեկավար ընտրելիս առաջնային չափանիշների շարքում են ոչ թե ղեկավարման որակները եւ գիտելիքները, այլ հարազատ եւ վստահելի լինելը: Դիտարկելով այս իրավիճակը բացառապես որպես հնարավորություն, մենք տրամադրում ենք մեր փորձառությունն ու գիտելիքները` հաճախորդների հետ համատեղ նրանց բիզնեսի, ինչպես նաեւ երկրի տնտեսության կոնտեքստում նվաճումներ ունենալու նպատակով:- Դուք առաջարկում եք միջանկյալ ֆինանսական կառավարման եւ կառավարչական հաշվառման ծառայություններ: Դրանց իրականացումը ենթադրում է, որ ընկերությունը պետք է հնարավորինս «բաց» լինի Ձեր առջեւ: Արդյո՞ք պատրաստ են մեր բիզնես կառույցները վստահել իրենց «ներքին խոհանոցը» մեկ ուրիշին: - Անկախ մատուցված ծառայությունից, կառավարչական խորհրդատվության գրեթե բոլոր ճյուղերն այս կամ այն կերպ առնչվում են կազմակերպության կատարողականի վերլուծության հետ: Հարկավոր է նշել, սակայն, որ ի հեճուկս մեր համատարած տագնապին՝ ֆինանսական տվյալները ոչ միշտ են հանդիսանում առավել կոնֆիդենցիալ տեղեկատվություն. կազմակերպության կառավարման համակարգը, արտադրական պրոցեսները, հատուցման համակարգը, ընդհուպ մինչեւ ավտոմատացման լուծումներն ու բիզնես գործընթացները. այս ամենը հաճախ շատ ավելի արժանի է գաղտնիության, քան պարզապես թվային ցուցանիշները:Խորհրդատվության մեջ վստահելի լինելը չի սահմանափակվում սոսկ կոնֆիդենցիալությամբ: Խիստ կարեւոր է հաշվի առնել խորհրդատուի մասնագիտական պատրաստվածությունը, փորձառությունն ու իրապես բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը: Այս տեսանկյունից մենք ընտրում ենք այնպիսի մասնագետների, որոնց խորհրդատվական գործունեությանը նախորդել է հարուստ պրակտիկ փորձը հենց բիզնեսի ներսում: Սրա հիմքում ընկած է մեր այն համոզմունքը, որ սահուն եւ կիրառելի բարեփոխումների ամենակարեւոր գրավականը բիզնեսի գործառնական իմացությունն է:-Անցնենք Ձեր ընկերության կողմից մատուցվող տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդատվությանը: Ինչպե՞ս կգնահատեք ՏՏ-ն հայաստանյան ընկերություններում:- Հայաստանում ՏՏ լուծումների ներդրումն արդիական հարց է, եւ շատ ուրախալի է, որ այսօր շատերն են գիտակցում դրա անհրաժեշտությունը: Իրականում, իհարկե, խնդիրներ կան, քանի որ տեղական շուկայում առաջարկվող բիզնես ավտոմատացման լուծումները խիստ սահմանափակ են եւ, որպես կանոն, իրենցից ներկայացնում են հաշվապահական ծրագրեր: Այնինչ գոյություն ունեն մի շարք լուծումներ, որոնք նախատեսված են հենց բիզնեսի արդյունավետացմանը (ERP, CRM, Doc Flow եւ այլն):Գիտակցելով նմանատիպ լուծումների մասին տեղեկացվածության պակասը` մեր ընկերության նախաձեռնությամբ ԱՊՀ երկրներից ընտրվել եւ հրավիրվել են առաջատար ծրագրային վենդորներ, ովքեր հայ գործարարներին կներկայացնեն այլընտրանքային բիզնես լուծումներ՝ ըստ ուղղությունների եւ ոլորտների: Մանրամասները կհայտնենք մոտակա շաբաթվա ընթացքում:Կցանկանայի շեշտել, որ մեր այս նախաձեռնությունը հետապնդում է լոկ տեղեկացվածության բարձրացման եւ տեղական բիզնեսի համար նոր հնարավորությունների բացահայտման նպատակ: Մենք նաեւ ուրախ կլինենք պահանջարկի դեպքում օգնել որեւէ հայկական ընկերության կամ երիտասարդ մասնագետների խմբին տեղայնացնել եւ սպասարկել տվյալ լուծումները տեղական շուկայում:-Այսինքն, հայ գործարարները վերոնշյալ ծրագրերի հետ ծանոթանալուց անմիջապես հետո կարո՞ղ են ձեռք բերել դրանք եւ կիրառել իրենց բիզնեսների արդյունավետացման նպատակով:- Այո, իհարկե, բիզնես լուծումներն, ի տարբերություն հաշվապահական համակարգերի, այդչափ կախված չեն տեղական օրենսդրությունից եւ հիմնականում կարող են պարզապես տեղադրվել եւ կիրառվել` առանց որեւէ լուրջ փոփոխությունների: Վերոնշյալ լուծումները բազմազան են եւ դրանցից շատերը գնային առումով բավական հասանելի են տեղական միջին բիզնեսների համար`միեւնույն ժամանակ որակապես եւս բավական մրցունակ լինելով:Չունենալով համապատասխան փորձառություն, ՏՏ մասնագետներ եւ բիզնես վերլուծաբաններ` կազմակերպությունները հաճախ չեն դիմում այդ լուծումների օգնությանը` քաջ գիտակցելով, որ լիցենզիաների ձեռքբերումը տվյալ գործընթացի միայն փոքր մասն է: Շատ ավելի կարեւոր է ճիշտ կառուցել կազմակերպության ՏՏ համակարգը եւ արտահայտել տեղեկատվական հոսքերն ու բիզնես գործընթացները այդ լուծումներում: Այս ամենը դժվար է իրականացնել մեկ բիզնեսի սահմաններում եւ հենց այստեղ է, որ մեր խորհրդատուները օգտակար են լինում: Մեր փորձառությունն անգամ ներառում է նախագծեր, երբ մենք ամբողջությամբ մշակել ենք բացառապես նոր բիզնես ավտոմատացված լուծումների տեխնիկական առաջադրանքներն ու ծրագրավորողների հետ համատեղ ստացել ենք շատ հարմարավետ ոլորտային լուծումներ: - Իրականացնու՞մ եք արդյոք սպառողական կարծիքի մոնիթորինգ՝ ի հայտ բերելու այս կամ այն բիզնես ոլորտի կամ հենց կոնկրետ ընկերության թույլ կողմերը: Չէ՞որ դրա արդյունքում կարող են ձեւավորվել նոր խորհրդատվական պրոդուկտներ: - Նախկինում մենք սպառման ուղղությամբ տրամադրում էինք միայն գործընթացային կամ լոգիստիկ խորհրդատվություն: Այս տարվանից լրջորեն աշխատում ենք մեր նոր պրոդուկտի վրա, որի մշակումն իրականացրել են այդ ոլորտի փորձառու մասնագետները: Այս գործընթացի առանձնահատկությունը նրանում է, որ այն թույլ կտա նպատակային կերպով բացահայտել հաճախորդների կողմից տվյալ ապրանքից կամ ծառայությունից օգտվելու դրդապատճառները՝ տարբեր գործոններով եւ ըստ կարեւորության: Մանրամասն այս պահին բացահայտել չեմ կարող, կասեմ միայն, որ տվյալ ծառայության փորձարկման փուլը մի քանի կազմակերպություններում մոտենում է իր ավարտին եւ շատ հետաքրքիր արդյունքներ է արձանագրել: Նույնիսկ, երբ թվում է, որ մենք մեր հաճախորդների մասին ամեն ինչ գիտենք, հաճախ պարզվում է, որ նրանց իրականում այդչափ կարեւոր չէ այն, ինչի վրա մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը եւ խիստ կարեւոր է այն, ինչ մենք բավական չենք արժեւորել: - Ձեր գործունեության ուղղություններից է նաեւ ներդրումների գնահատումը: Որքանո՞վ է պահանջված այս ծառայությունը՝ հատկապես ֆինանսա-վարկային կազմակերպությունների կողմից:- Մեր փորձառությունն այս ոլորտում հիմնականում ոչ ֆինանսական կազմակերպությունների հետ է: Այնուամենայնիվ, ներդրումների գնահատման ծառայության պահանջարկը հետզհետե աճում է նույնիսկ անհատների շրջանում, քանի որ հասունանում է այն գիտակցությունը, որ առանց համապատասխան մոդելավորման եւ վերլուծությունների ներդրում կատարելը ռիսկային է եւ չափազանց անարդյունավետ: Աստիճանաբար բիզնես հիգիենան թափանցում է նաեւ մեր շուկա, ինչում փոքր չէ հենց մեզ նման խորհրդատուների դերը. մենք չենք ձգտում անփոխարինելի դառնալ բիզնեսների համար, այլ փորձում ենք տեսանելի դարձնել մեր ծառայությունների կարեւորությունը եւ փոխանցել բիզնեսներին անհրաժեշտ հմտությունները:- Հաճախ կարելի է լսել, որ խորհրդատվության կարիք, որպես կանոն, ունեն սկսնակ եւ/կամ փոքր ընկերությունները: Ինչի՞ մասին է վկայում Ձեր աշխատանքային փորձը: - Մեր ընկերությանը խորհրդատվության համար առավել հաճախ դիմում են աշխատանքային փորձ ունեցող կազմակերպությունները: Պարադոքսալ կարող է հնչել, սակայն փոքր ընկերությունների խնդիրները հաճախ ավելի բարդ են լինում, բայց այդ շրջանում խորհրդատվական ծառայությունների պահանջարկը ցածր է նախ եւ առաջ ֆինանսական միջոցների սահմանափակ լինելու պատճառով: Կարծում եմ, չկա միանշանակ բանաձեւ, թե երբ դիմել խորհրդատվության օգնությանը, քանզի դրա արդարացված անհրաժեշտությունն առաջանում է, երբ սեփականատերը կամ ղեկավարը հավատում է, որ դա կօգնի իրեն լուծել առկա խնդիրները կամ առավել արդյունավետացնել իր գործունեությունը, հակառակ դեպքում ամենահմուտ խորհրդատուներն անգամ անզոր են:- Իսկ որքանո՞վ է թրենինգն ու խորհրդատվությունը համահունչ մեկ հարկի տակ:- Մեր դեպքում, թրենինգները իրականացվում են տվյալ բիզնեսի կարիքներից եւ նպատակներից ելնելով ու հենց աշխատանքային պրոցեսում: Հաճախորդի հետ համատեղ իրականացնում ենք խնդրի ուսումնասիրություն, կարիքների բացահայտում եւ գնահատում ու մշակում ենք դրանց լուծման ծրագիր: Մեր ուսուցման գործընթացը, իհարկե, ներառում է անհրաժեշտ տեսական տեղեկատվության մատուցում, սակայն ինքնին հանդիսանում է յուրաքանչյուր մասնագետի հետ իր փաստացի աշխատանքային պրոցեսում ուսուցանվող գիտելիքների եւ նյութի փորձարկում ու ներդրում: Այս առումով մեր մատուցված ծառայությունը գուցե ավելի շատ կարող է դիտվել որպես խորհրդատվություն, քան դասական թրենինգն: Նաիրա Մարգարյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը: Tweet Դիտում՝ 4943