Telcell. «Բանկերում ինքնասպասարկման գոտիների ստեղծումը խիստ անհրաժեշտություն է»

20.09.2013 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին:

- Պ-ն Ազատյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Telcell ընկերության 6-ամյակի կապակցությամբ:

- Շնորհակալություն: Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ մեծ թիմին, քանի որ Telcell-ը ոչ միայն անմիջապես մեր ընկերության աշխատակիցներն են, այլեւ մեր հարյուրավոր գործընկերները՝ օպերատորները, բանկերը, մանրածախ ընկերությունները, որոնց հետ մենք անում ենք այն, ինչն արդյունքում կոչվում է Telcell հայաստանյան վճարային համակարգ:

- Միավորվելով MegaPay-ի հետ`դուք նպատակ ունեիք լուծել սկզբնական ներդրումների փոխհատուցելիության խնդիրը: Գործարքը փակելուց մեկ տարի անց այդ խնդիրը կարելի՞ է լուծված համարել:

- Ավելի վաղ ձեր գործակալությանը տված հարցազրույցում ես պատմել էի այն նպատակի մասին, որը մենք հետապնդում էինք՝ մտնելով երկու ընկերությունների՝ Telcell-ի եւ MegaPay-ի միաձուլման գործարքի մեջ: Գործարքի փակումից մեկ տարի անց կարելի է արձանագրել, որ մենք հասել ենք պրոցեսինգային կենտրոնի պահպանման ծախսերի օպտիմալացմանը, եւ այլեւս անհրաժեշտություն չկա զարգացնել ու պահել երկու պրոցեսինգ: Երկու ընկերությունների լավագույն մասնագետների ուժերով ստեղծվել է տեխնիկական աջակցության հզոր ծառայություն, միաժամանակ, մենք սկսել ենք կիրառել բացարձակ այլ չափանիշներ, որոնք նախկինում չկային ոչ Telcell-ում, ոչ MegaPay-ում:

Ստեղծվել եւ հաջողությամբ գործում են մոնիտորինգի անկախ ծառայությունը, հաճախորդների դիմումների մշակման բաժինը, ժամանակակից «կոնտակտային կենտրոնը» եւ այլ կառուցվածքային միավորներ, որոնք կոչված են հետեւելու մատուցվող ծառայությունների որակին: Այդ բոլոր ծառայություններն անհրաժեշտ մակարդակի վրա պահպանելու համար բացի մարդկային ռեսուրսներից անհրաժեշտ են, բնականաբար, ֆինանսական ներդրումներ, որոնք հնարավոր եղավ գտնել՝ օգտագործելով միավորված ընկերության ներուժը: Բանն այն է, որ այդ ձեւաչափի բիզնես-գործընթացների կազմակերպման դեպքում առկա են, այսպես կոչված, բազային ծախսեր, որոնք արդյունք են տալիս բիզնեսի որոշակի ծավալների դեպքում, որոնք չունեին ոչ Telcell-ը, ոչ MegaPay-ը: Այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ ժամանակին համընթաց քայլել, եւ դրանից կշահի ինչպես ընկերությունը, այնպես էլ հաճախորդները:

- Ի՞նչ կասեք ընթացիկ եւ/կամ հեռանկարային ներդրումների մասին: Մասնավորապես, մտադրություն ունեիք հաճախորդներին ներկայացնել մի քանի բացառիկ ծառայություններ, ինչպես նաեւ գործարկել եւս 400 նոր տերմինալներ:

- Խոսելով ցանցի զարգացման ծրագրերի մասին՝ կարող եմ վստահ ասել, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստումներին: Ներկայումս Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման շուրջ 1200 կետեր ՀՀ եւ ԼՂՀ ավելի քան 100 բնակավայրերում: Այսօր մենք ներկա ենք երկրի առանց բացառության բոլոր մարզերում:

Ինչ վերաբերում է բացառիկ ծառայություններին, որոնք հասանելի են ընկերության տերմինալային ցանցի միջոցով, ապա խոսքը նախ եւ առաջ բանկային ծառայությունները Telcell-ի հարթակ դուրս բերելու մասին էր, որոնց թվում՝ քարտային եւ ավանդային հաշիվների համալրում, բազմատեսակ վարկերի մարում եւ այլն: Մինչեւ վերջերս այդ բոլոր գործառնությունների համար հաճախորդը պարտադիր պետք է այցելեր բանկի մասնաճյուղ, իսկ այսօր դրանք հասանելի են օրվա ցանկացած պահին եւ ամենուր, որտեղ տեղակայված է Telcell վճարային տերմինալը:

- Միջնորդավճարների գանձման ի՞նչ սխեմաներ են կիրառվում բանկային վճարումների դեպքում, եւ որքանո՞վ է այս ուղղությունը շահութաբեր ձեզ համար:

- Բանկային վճարումները դասվում են, այսպես կոչված, «բարդ» վճարումների թվին: Բարդությունն այն է, որ վճարումներն ընդունվում են ինքնասպասարկման ռեժիմով, միաժամանակ, յուրաքանչյուր առանձին ծառայության դեպքում կարող են լինել վճարումների ընդունման տարբեր պայմաններ: Եվ խոսքն այստեղ ֆինանսական պայմանների մասին չէ: Խնդիրն այն է, որ տերմինալները գործում են շուրջօրյա, ուստի մենք իրավունք չունենք անտեսել «բանկային օրը», եւ որպեսզի, օրինակ, վարկերի մարման ուշացում չլինի, մշակվում են մուտքագրման հատուկ կանոնակարգեր: Այդ կանոնակարգերը կարող են տարբերվել՝ կախված բանկից ու այն հարթակից, որի վրա հիմնված են որոշումները:

Ինչ վերաբերում է միջնորդավճարներին, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է: Բանկային ծառայությունների համար գործում է միասնական ֆիքսված միջնորդավճար հաճախորդի կատարած յուրաքանչյուր գործարքի համար: Դա ամենաշահութաբեր ուղղությունը չէ, եւ մենք գործընկեր-բանկերի հետ միասին մտածում ենք շահութաբերության ավելացման ուղղությամբ՝ առանց այդ բեռը վճարողի ուսերին գցելու, այսինքն, ծախսերի մի մասը բանկերը կվերցնեն իրենց վրա:

- Ժամանակին նշել էիք, որ մի շարք հայաստանյան բանկեր լրջորեն մտածում են ինքնասպասարկման սեփական գոտիների կազմակերպման մասին` Telcell-ի պրոցեսինգային կենտրոնի հիման վրա: Ներկայացրեք, խնդրեմ, նշված հեռանկարի մանրամասները, եւ ե՞րբ կարող է այն իրագործվել:

- Բանկերի համար ինքնասպասարկման գոտիների կազմակերպումն առավել քան արդիական խնդիր է: Բանկերի մասնաճյուղերում վճարումների ընդունման գործառույթի փոխանցումը հաշվապահներից ինքնասպասարկման տերմինալներին մոդայի շունչ չէ, այլ՝ խիստ անհրաժեշտություն մի շարք լուրջ պատճառներով: Մասնավորապես, դրա հաշվին կարելի է հասնել գործարքների ինքնարժեքի նվազեցման, լուծել հերթերի խնդիրը եւ կենտրոնանալ ավելի թանկ բանկային ապրանքատեսակների վաճառքի վրա: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերջին 1-2 տարիների ընթացքում առանց բացառության բոլոր բանկերը, որոնք իրենց դիրքավորում են որպես մանրածախ, սկսել են աշխատել այդ ուղղությամբ: Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Արդշինինվեստբանկը տվյալ խնդիրը լուծել են Telcell-ի հետ միասին:

Ներկայումս այդ բանկերի 35 մասնաճյուղեր հագեցած են ինքնասպասարկման տերմինալներով, ինչի շնորհիվ այդ մասնաճյուղերի հաճախորդներին, բացի ավանդական բանկային ծառայություններից, հասանելի են նաեւ վճարումներ ավելի քան 120 օպերատորների օգտին: Մենք շնորհակալ ենք մեր հարթակն ընտրելու համար եւ, ինչպես մենք ենք կարծում, մեր գործընկերներին թույլ ենք տվել խնայել այնպիսի արժեքավոր ռեսուրս, ինչպիսին ժամանակն է:

- Ո՞րն է ձեր որոշման առավելությունը:

- Ինքնասպասարկման տերմինալների համակարգի համար սեփական հարթակ ստեղծելը բավականին թանկարժեք զբաղմունք է մի շարք պատճառներով, որոնց մի մասը ես նշեցի վերեւում: Էլ չեմ խոսում այդ համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ժամանակի մասին: Մեր որոշման հիմքում ընկած է հետեւյալ տրամաբանությունը. այսօր դուք ծանոթանում ենք մեր լուծման հետ, վաղը ստանում եք պատրաստի լուծումը, իսկ մյուս օրը սկսում եք վաստակել այդ լուծման շնորհիվ:

- Որքանո՞վ եք արդյունավետ համարում ձեր ներկայությունը մարզերում, եւ որո՞նք են մարզային աշխատանքի առանձնահատկությունները:

- 2013թ. սկզբից մենք գործարկել ենք 80 մարզային կետեր 60 բնակավայրերում: Արդյունքում, առանց բացառության բոլոր մարզերում հաջողությամբ գործում են վճարումների ընդունման 335 կետեր:
Մարզային զարգացման առանցքային առանձնահատկությունը բիզնես-գործընթացների ինքնարժեքն է: Բարձր չափանիշներին հավատարիմ մնալու համար հարկ է լինում լրացուցիչ ծախսեր կատարել: Դրանք օբյեկտիվ եմ համարում, քանի որ սպասարկման որակը մեզ համար առաջնային է հանդիսանում: Օրինակ, մենք հրաժարվեցինք հետեւյալ սկզբունքով ռոտացիայի պրակտիկայից. հնացած կազմը տեղափոխել մարզեր, իսկ նոր սարքավորումները տեղադրել միայն մայրաքաղաքում: Այս տարվա սկզբից մարզեր են տարվում բացառապես նոր սարքեր:

- Գլոբալ զարգացումները էլեկտրոնային վճարումների բնագավառում չեն շրջանցել նաեւ Հայաստանը՝ ինտերնետային, իսկ այսօր նաեւ մոբայլ վճարումները մուտք են գործում առօրյա կյանք: Չե՞ն կարող արդյոք այս զարգացումները միջնաժամկետ ապագայում նվազեցնել ինքնասպասարկման տերմինալներով վճարումների մասնաբաժինը:

- Այո, Դուք իրավացի եք, համաշխարհային մասշտաբով էլեկտրոնային եւ մոբայլ վճարումների ոլորտը բուռն աճ է ապրում: Հայաստանն այդ առումով բացառություն չէ, սակայն նշված լուծումներից օգտվողների թիվն այսօր մեծ չէ: Մենք ուշադիր հետեւում ենք այդ միտումներին եւ պատրաստ ենք համարժեք արձագանքել մեր շուկայում իրավիճակի փոփոխման դեպքում:

Մենք մշակել եւ ղեկավարվում ենք մինչեւ 2015թ. զարգացման ռազմավարությամբ, որտեղ այդ հարցը պատշաճ ուշադրության է արժանացել: Հասկանալի պատճառներով չեմ կարող այս թեմայով ինձ 100 տոկոսանոց անկեղծություն թույլ տալ, կասեմ միայն, որ մենք մեզ համար նախանշել ենք զարգացման մի քանի մոդելներ՝ կախված նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի շուկան 2014-ին:

Արամ Ազատյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai