Հայաստանի տնտեսական իշխանությունները քայլ առ քայլ իրագործում են տնտեսական քաղաքականության իրենց նոր փիլիսոփայությունը, ըստ որի բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծումից բացի պետք է շեշտադրվի ուղղակի համագործակցությունը բիզնես-միավորների եւ ոլորտների հետ՝ զարգացման խթանման նպատակով: Այս ուղղությամբ արված վերջին քայլն է Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամի ստեղծումը, որի համար անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետբյուջեում արդյունաբերության զարգացման նպատակով թեեւ ոչ մեծ, բայց որոշակի գումար է հատկացվել: Հիմնադրամի հիմնադիր կապիտալը կազմում է 500 մլն դրամ, որից 300 մլն-ը պետբյուջեի միջոցներն են: Սակայն Հիմնադրամը կապիտալի ավելացման ուղղությամբ արդեն բանակցություններ է վարում մասնավոր հատվածի եւ միջազգային կառույցների հետ: Թե ինչպես է նոր կառույցն օժանդակելու արդյունաբերությանը, Banks.am-ին պատմել է Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հայկ Միրզոյանը, որը մինչ այդ ղեկավարել է Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչությունը: - Ինչպե՞ս է Հիմնադրամն աջակցելու արդյունաբերությանը, եւ ո՞ր ոլորտները կարող են օգտվել այդ աջակցությունից:- Ինչպես գիտեք, 2011թ. դեկտեմբերին կառավարությունն ընդունեց Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ համատեղ: Ռազմավարության մեջ ընտրվեց տնտեսության 11 ոլորտ, եւ մենք այս ոլորտների գրեթե բոլոր ընկերությունների հետ համատեղ սկսեցինք ոլորտային ռազմավարությունների մշակման աշխատանքները: Արդեն իսկ ունենք հաստատված 4 ոլորտային ռազմավարություններ՝ կոնյակագործության, դեղագործության, գինեգործության եւ ճշգրիտ ճարտարագիտության: Ռազմավարության մեջ նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն պետական-մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ՝ տեղական եւ օտարերկրյա ցուցահանդեսներին մասնակցություն, ուսումնական ծրագրերի կազմակերպում, Հայաստանում եւ դրսում գործարար համաժողովների անցկացում եւ այլն:Այս նպատակների իրագործման նպատակով անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետբյուջեում արդյունաբերության զարգացման համար գումար է նախատեսվել՝ 300 մլն դրամի չափով, որն արդյունավետ ծախսելու, ինչպես նաեւ մասնավոր հատվածից եւ դոնորներից միջոցների ներգրավման նպատակով Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հիման վրա ստեղծվեց Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամը: Այն ակտիվ համագործակցելու է Զարգացման հայկական գործակալության, Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁԶԱԿ), ՓՄՁ Ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպության եւ բիզնեսի աջակցման այլ կառույցների հետ:- Այսինքն` աջակցությունը լինելո՞ւ է առավելապես ոլորտային եւ ոչ թե ուղղված առանձին բիզնես-նախագծերի օժանդակությանը:- Այո, աջակցությունը հիմնականում ոլորտային է լինելու: Օրինակ՝ մենք նպատակ ունենք ստեղծել «Հայկական գինիներ» բրենդ, որի ներքո միավորելու ենք հայկական բոլոր գինեգործական ընկերություններն ու առաջ մղելու այս «հովանոցային» բրենդը միջազգային շուկայում: Արդյունաբերության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ միասին դիտարկելու ենք, թե որն է տվյալ ոլորտի համար գլխավոր միջազգային ցուցահանդեսը, եւ համաֆինանսավորելու ենք մեր ընկերությունների մասնակցությունն այնտեղ:Սակայն պետք է նշեմ, որ ծրագրում ենք նաեւ առանձին ընկերություններին աջակցություն:- Խոսքը արտահանման ֆինանսավորմա՞ն մասին է:- Այո: Նախատեսում ենք սուբսիդավորել արտահանողների վարկային տոկոսադրույքները: Դա կարվի ՓՄՁ Ներդրումներ վարկային կազմակերպությունից արտահանման նպատակով ֆինանսավորվող ընկերությունների համար: Կա նաեւ արտահանման աջակցման այլ ձեւաչափ. օրինակ՝ ընկերությունը ցանկանում է արտահանել իր արտադրանքը, բայց ունի դրսի շուկայում սերտիֆիկացման խնդիր: Մենք կարող ենք 50%-ի չափով համաֆինանսավորել սերտիֆիկացման ծախսերը: Մենք ակտիվ հետեւում ենք արդյունաբերությանը՝ համագործակցելով ոլորտի գրեթե բոլոր ընկերությունների հետ: Հաճախ, երբ հայտնվում է նոր ընկերություն, մենք ինքներս ենք հրավիրում նրանց մասնակցելու մեր միջոցառումներին եւ ծանոթանալու աջակցման մեր մեխանիզմերին: - Ստացվում է, որ նման աջակցությունից կարող են օգտվել այն ոլորտները, որոնց ռազմավարությունները հաստատվել են: Իսկ այստեղ համալրում չի՞ սպասվում: - Այո, շուտով մենք կհաստատենք ոսկերչության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտային ռազմավարությունը, որին կհաջորդի թեթեւ արդյունաբերությունը: - Հունվարի 23-ին արդյունաբերողների հետ հանդիպմանը վարչապետն ասել էր, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է մանրակրկիտ վերլուծություն իրականացնել Հայաստան ներմուծվող այն ապրանքների վերաբերյալ, որոնք մեր երկիրը կարող է արտադրել: Ինչպե՞ս են որոշումներ կայացվելու ներմուծման փոխարինման վերաբերյալ:- Մենք հանձնարարություն ունենք, որպեսզի ուսումնասիրենք մեր ընկերությունների հնարավորությունները, ինչպես նաեւ ներմուծվող ապրանքատեսականին: Այնուհետեւ քննարկումներ ենք անցկացնելու բիզնեսի հետ եւ դրանց հիման վրա առաջարկություններ մշակելու, թե ինչը կարող ենք արտադրել տեղում, այլ ոչ թե ներմուծել:- Այս հանդիպմանը վարչապետը նշել է նաեւ, որ անցյալ տարի, օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազման պայմաններում, տնտեսական աճն ապահովվել է մեր սեփական ռեսուրսների հաշվին: Արդյո՞ք ներմուծման փոխարինման քաղաքականությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ 2013-ին ՀՀ տնտեսական աճը եւս հինվելու է առավելապես սեփական ռեսուրսների վրա:- Այո, 2012-ին կառավարության կողմից բավականին մեծ աշխատանք կատարվեց բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրներին օպերատիվ լուծում տալու ուղղությամբ, եւ արդյունքում հնարավորություն եղավ ապահովել այդ աճը՝ ապավինելով ներքին ռեսուրսներին: Անցյալ տարի աջակցել ենք 8 խոշոր ներդրումային ծրագրերի, այս տարի կշարունակենք նույն ինտենսիվությամբ աշխատել բիզնեսի հետ: - ԱՄՀ-ն օրերս նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումները: Ի՞նչ եք կարծում, կստացվի՞ արդյոք 2013-ին ապահովել Հայաստանի արդյունաբերության ծրագրած աճի (9.2%) տեմպը:- Կարծում եմ՝ այո: Մասնավոր հատվածի հետ մեր ամենօրյա ինտենսիվ աշխատանքի նպատակը հենց դա է: Մենք պետք է հասկանանք նրանց բոլոր խնդիրները՝ փորձելով արագ վերացնել ներդրումների իրականացման բոլոր խոչընդոտները: Հայկ Միրզոյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը: Tweet Դիտում՝ 5449