Գրիգոր Նազարյան. «Բանկում հաճախորդն իրեն պետք է փայատեր զգա»

15.03.2012 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշն» ընկերության նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Գրիգոր, առաջարկում եմ մեր զրույցը կառուցել այն իրողությունից ելնելով, որ շոուն միանշանակ բիզնես է, քանի որ այս բնագավառում եւս գործողությունների շղթան ի վերջո հանգում է դրամ վաստակելուն: Կիսու՞մ եք առաջարկս:

- Միանշանակ այո, եւ, իմ կարծիքով, այդ հարցը մեր օրերում վիճարկվում է զուտ այն պատճառով, որ հաճախ մոռացվում է, թե ինչպե՞ս է բիզնեսի այս ոլորտը ձեւավորվել Հայաստանում: Կար Խորհրդային Միություն, կար մշակույթին եւ արվեստին ուղղված պետական դոտացիա: Իսկ երբ կանգ առավ այս հսկա «մեքենան», սկսվեց գոյատեւելու պայքար, որն արտահայտվեց տարբեր ձեւերով եւ, որպես հետեւանք, հանգեցրեց այս շուկայի քաոսային ձեւավորմանը: Հաճախ զարմանում են, թե ինչու՞ շոու-բիզնեսի ձեւավորման սկզբնական փուլում ռաբիսը մեկ քայլ առաջ գնաց: Բայց չէ՞ որ այն «կոփված էր» դեռեւս խորհրդային շրջանի ռեստորանային միջավայրում:

Այսօր մենք հասել ենք այն փուլին, երբ ռեալ կարելի է գումար աշխատել: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ գումարի չափի ընկալումը տարբեր է: Ես կարծում եմ, եթե կարողանում ես ապահովել կոնկրետ նախագծի անգամ զրոյական շահութաբերությունը` դա արդեն հաղթանակ է: Այն իր մեջ պարունակում է ոչ նյութական դիվիդենտներ, որոնք ժամանակի ընթացքում կվերածվեն նյութականի:

- Եթե դասակարգենք այս շուկան ըստ առանձին խաղացողների, ապա ո՞ր չափսի (միկրո, փոքր, միջին, խոշոր) բիզնես-միավորներն են գերակշռում հայկական շոու-բիզնեսում: Ի դեպ, այս ոլորտում եւ՞ս կա փոքր ու միջին բիզնեսներին աջակցելու համատարած բարձրաձայնվող խնդիրը:

- Սկսեմ նրանից, որ այսօր շոու-բիզնեսն երեւի թե ամենափնովվող ոլորտներից է, սակայն շատ հաճախ փնովողի դերում հանդես են գալիս մարդիկ, ովքեր, մեղմ ասած, հեռու են քննարկվող թեմայից: Վերջին շրջանում շատ է խոսվում այս ոլորտում գրաքննություն կիրառելու անհրաժեշտության մասին: Սակայն, ըստ իս, նախ եւ առաջ, անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ո՞վ է իրավասու բարձրաձայնել բնագավառում եղած խնդիրների մասին: Շատ վտանգավոր է, երբ խոսքի իրավունքը չարաշահվում է, հատկապես՝ դիլետանտների կողմից: Ամեն ինչից բացի, այս երեւույթը կարող է վտանգել կոնկրետ սուբյեկտի բիզնես սպասելիքները:

Վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ եթե խաղացողներին դասակարգելու լինենք ըստ չափսի, ապա կունենանք մոտավորապես հետեւյալ պատկերը. հիմնականում մի քանի խոշոր ընկերություն, որոնց մեջ լուծված եւ որոնց հետ համագործակցում են փոքր ու միջին ընկերությունները: Այսպես, խոշոր ընկերությունները, որոնք տեխնիկապես առավել հագեցած են, համագործակցում են փոքր ու միջինների հետ՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ սարքավորումներ: Բայց, լինում են նաեւ դեպքեր, երբ փոքր ընկերությունը, որը մասնագիտացած է մեկ՝ օրինակ, միայն լուսային սարքավորման առումով, այդ մասով աշխատում է խոշորների հետ:

Ինչ վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին աջակցելուն, ապա, թող տարօրինակ չթվա, բայց այստեղ աջակցության կարիք ունի նախ եւ առաջ պետությունը: Մի պարզ օրինակ. մինչ օրս Հայաստանը չունի շարժական նկարահանող կայան, որը հնարավորություն կտա ապահովել հեռարձակում դեպի եվրոպական երկրներ: Չունենք միջազգային չափանիշներին գոնե մոտ տեսախցիկներ: Այսօր Հայաստանում պետական նշանակության միջոցառում կազմակերպելիս տեղի է ունենում մեծ գումարների արտահոսք դեպի արտերկրներ՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Եթե հաշվի առնենք, որ նման միջոցառումներ կազմակերպվում են տարեկան առնվազն 2-3 անգամ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ գումարների մասին է խոսքը:

Գլոբալ խնդիրներից վերադառնանք մասնավոր օրինակի: Միայն լուսային եւ էկրանային սարքավորումների համար, որոնք պահանջվեցին Թաթա Սիմոնյանի համերգը մարզադաշտում պատշաճ կերպով կազմակերպելու համար, պահանջվեց ավելի քան $250 000: Ընդ որում, խոսքը վարձակալության մասին է, այն էլ Մոսկվայից:

Ինչպես տեսնում եք, տեխնիկական միջոցների բացակայությունը մեծ գլխացավանք է շոու-բիզնեսի համար:

- Իսկ չե՞ք կարծում, որ այս խնդրի լուծման գործում իրենց դերակատարությունը կարող են ունենալ հայկական բանկերը: Այսօր կան արտադրությանը, գյուղատնտեսությանը, սպասարկման ոլորտի համար նախատեսված բիզնես վարկեր: Միգուցե ժամանա՞կն է մշակել շոու-բիզնեսին ուղղված վարկային պրոդուկտներ :

- Միանշանակ, բանկերն այստեղ անելիք ունեն: Բայց եւ այնպես, չեմ կարծում, որ դասական կանոններով վարկավորումը կարող է արդյունավետ լինել մեր պարագայում: Իմ պատկերացմամբ, այստեղ շատ ավելի իրատեսական է լիզինգը, հատկապես, երբ խոսքը գնում է շոու-բիզնեսի տեխնիկական հագեցվածության մասին: Այս մասով ֆինանսավորման առավել արդյունավետ մեխանիզմի ապահովումը կունենա ռազմավարական նշանակություն: Նախ, կդադարի մեծ ծավալի գումարների արտահոսքը երկրից, մենք կդառնանք մրցունակ տարածաշրջանում, ինչը վերջին հաշվով կբարձրացնի մեր շոու-բիզնեսի որակն ու մակարդակը:

Հասկանալի է, որ այս բնագավառում ֆինանսավորման անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ այլ ծախսեր հոգալու համար: Անկեղծ ասած, չեմ կարող մինչեւ վերջ պատկերացնել դասական վարկի արդյունավետությունը: Բացի այն, որ վարկն իր տոկոսադրույքներով բավականին թանկ պրոդուկտ է, այն կարող է որոշ մասնավոր դեպքերում պարզապես չաշխատել:

Մասնավորապես, դժվար է հասկանալ, թե երգչի համար, հատկապես սկսնակի, ո՞ր հիմնական միջոցները կարող են ներկայացվել որպես գրավի առարկա: Կամ կոնկրետ միջոցառման միանվագ ծախսերը հոգալու համար ինչպե՞ս պետք է լուծվի վարկի մարման ժամկետի հետ կապված հարցը. պարզ է, որ նման դեպքերում միջնաժամկետ կամ, առավել եւս, երկարաժամկետ վարկերը դառնում են անիմաստ:

Դրանից բացի, շոուն շատ ռիսկային բիզնես է, այն իր մեջ պարունակում է բազմաթիվ ֆորս-մաժորային հանգամանքներ: Մասնավորապես, բազմահազարանոց բացօթյա համերգը շատ հանգիստ կարող է տապալվել եղանակի քմահաճույքի պատճառով:

Իմ կարծիքով, շոու-բիզնեսն այն ոլորտն է, որտեղ հնարավորինս պետք է խուսափել վարկավորման գործընթացից, գոնե այսօր:

- Իսկ միգուցե՞ առաջարկել բանկերին համախմբվել մեկ գաղափարի շուրջ եւ հովանավորչական «մեկ ճակատով» հանդես գալ, օրինակ, համապետական նշանակություն ունեցող միջոցառումը ֆինանսավորելու կամ հայկական արվեստը միջազգային ասպարեզում ներկայացնելու առումներով:


- Որքանով ինձ է հաջողվում հետեւել բանկերի գործունեությանը, կարող եմ ասել, որ նշված համատեքստում դրական զարգացումները նկատելի են: Հատկապես հուսադրող է երեխաների խնդիրների նկատմամբ բանկերի ուշադրությունը:

Միեւնույն ժամանակ, կարծում եմ, որ հովանավորչությունն յուրաքանչյուր մարդու կամ տնտեսվարող սուբյեկտի սեփականատիրոջ անհատական մոտեցման խնդիր է: Իհարկե, ցանկալի կլինի, որ այդ հոգեկերտվածքը արմատավորվի հայաստանյան բիզնես միջավայրում:

Եվ, քանի որ խոսք գնաց երեխաների մասին, ապա, կարծում եմ, վատ չէր լինի ստեղծել մի հիմնադրամ, որտեղ բանկերը եւ, ինչու չէ, նաեւ բիզնեսի այլ ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն կունենան աջակցելու տաղանդաշատ երեխաներին: Սա, կարծում եմ, ներդրում կլինի ապագայի մեջ, ինչից, բնականաբար, կշահի նաեւ հայկական շոու-բիզնեսը:

- Իսկ եթե հովանավորչությունը դիտարկենք հակառակ տեսանկյունից, մասնավորապես, որքանո՞վ են շոու-բիզնեսի ներկայացուցիչները իրենց պարտավորված զգում սոցիալական պատասխանատվության առումով:


- Պետք է կրկնվեմ՝ սա անհատական բնույթ է կրում, յուրաքանչյուր ոք իր չափով եւ ձեւով է ընկալում այս հարցը: Շատ հաճախ արվածը չի բարձրաձայնվում: Անձամբ ես այս հարցում ինձ բավարարված եմ զգում:

- Գրիգոր, համոզված եմ, որ թե անձնական, եւ թե գործնական առումներով օգտվում եք բանկային ծառայություններից: Ձեզ, որպես հաճախորդի, գոհացնու՞ մ է այսօրվա սպասարկման որակը: Ի դեպ, ո՞ր բանկի կամ բանկերի ծառայություններից եք գերադասում օգտվել:


- Այս տարիների ընթացքում հայկական բանկերին հաջողվեց կապ հաստատել բնակչության լայն շերտերի հետ: Սա, կարծում եմ, բավարար հիմք է՝ Հայաստանի բանկային համակարգը կայացած համարելու համար: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, այդ թվում նաեւ հաճախորդների սպասարկման ոլորտում:

Գործի բերումով արտերկրում հաճախ օգտվում եմ բանկային ծառայություններից ու նկատել եմ, որ այնտեղ հաճախորդը մտնում է բանկ փայատիրոջ կարգավիճակով: Կարծում եմ, հենց այդ զգացողությունն է պակասում հայաստանյան հաճախորդին: Բանկում հաճախորդն իրեն պետք է փայատեր զգա:

Հայաստանում oգտվում եմ HSBC բանկի ծառայություններից՝ դեռեւս մեր երկրում բանկի հիմնադրման օրվանից: Ակտիվ համագործակցում ենք Ամերիաբանկ-ի, ինչպես նաեւ Առէկսիմբանկ-ի հետ:

Գրիգոր Նազարյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 13331
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai