IAB Centre. «Ստեղծվում է նոր եւ թափանցիկ գործիք բանկային ռիսկերը կառավարելու համար»

16.11.2011 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այ Էյ Բի Սենթր (IAB Centre)  հայ-բրիտանական ուսումնական կենտրոնի տնօրեն Արաքսյա Մելքոնյանի հարցազրույցը Banks.am պորտալին

- Վերջերս ձեր կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ընթացքում առանցքային ուշադրություն է հատկացվել Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների անկախ պալատի ստեղծման հեռանկարին: Սա նո՞ր գաղափար է:

- Իրականում այդ գաղափարը գոյություն ունի վաղուց, պարզապես  լայն հասարակական քննարկում այն ստացավ ձեր կողմից նշված կլոր սեղանի ընթացքում: Միջոցառումը նվիրված էր Հայաստանում  Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների (ՄՖՀՍ-IFRS) ներդրման խնդիրներին, եւ հենց այդ լույսի ներքո կայացան շատ օգտակար քննարկումներ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների անկախ պալատի ստեղծման հեռանկարի շուրջ:

Պալատի ստեղծումն ինքնանպատակ չէ, այս հեռանկարն ավելի քան հիմնավորված է, նամանավանդ, եթե տեսնենք, թե ինչ ունենք այսօր: Ունենք Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիա, որը ժամանակին ստեղծվել էր USAID-ի ֆինանսավորմամբ ավանդական անգլիական մոդելի հիման վրա:  Պարզաբանեմ` Անգլիայում գործում են մի քանի մասնագիտական հաշվապահական ասոցիացիաներ, որոնց մի մասը, աշխատելով արտաքին զարգացումներին համահունչ, ստացավ միջազգային ճանաչում: Մյուսները շարունակեցին աշխատել ավանդական անգլիական մոդելով, կենտրոնանալով ներքին խնդիրների լուծման վրա, ինչն ամենեւին չխանգարեց նրանց ճանաչված լինել երկրի ներսում:

Մյուս կողմից, ունենք խորհրդային անցյալ, որն իր հետ բերեց այն մոտեցումը, համաձայն որի ոլորտը պարտադիր պետք է կարգավորվի պետության կողմից: Այդ մոտեցումն արդարացված էր 90-ականների վերջին, երբ ֆինանսների նախարարության ջանքերով  Հայաստանում ներդրվեց նոր հաշվապահական համակարգ, ընդ որում ոչ միայն թարգմանվեցին միջազգային ստանդարտները, այլեւ համապատասխանեցվեցին հայաստանյան իրականությանը՝ նույն USAID-ի ֆինանսավորմամբ:

Սակայն IFRS-ները դինամիկ զարգացում են ապրում, այդ իսկ պատճառով 2009թ. անհրաժեշտություն առաջացավ կատարել ստանդարտների նոր թարգմանություն: Բայց թարգմանվեցին զուտ ստանդարտները, առանց մեկնաբանությունների, իսկ գիտությունը հենց այդ մեկնաբանությունների մեջ է: Նշեմ նաեւ, որ արդեն 2013-ին ուժի մեջ կմտնեն նոր փոփոխություններ, որոնք դժվար թե թարգմանվեն ֆինանսավորման նոր ծրագրի բացակայության պատճառով: 

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի այնպիսի ճկուն կառույց, որը հնարավորություն կունենա լրացնել եղած բացը եւ շատ արագ արձագանքել արտաքին զարգացումներին՝ ադապտացնելով դրանք մեր բիզնես-միջավայրին:    

- Իսկ որո՞նք են լինելու Պալատի հիմնական գործառույթները:


- IFRS-ների անընդմեջ թարգմանությունը, օրենսդրական փոփոխությունների նախագծերի պատրաստումը, ստանդարտների մեկնաբանությունների մշակումը, որպեսզի յուրաքանչյուր հաշվապահ ճիշտ ընկալի եւ կիրառի տեղի ունեցող փոփոխությունները: Շատ կարեւոր է կիրառել նաեւ մոնիտորինգի գործառույթը, հասկանալու համար, որքանով են ճիշտ ընկալվում եւ կիրառվում փոփոխություններն ու նորամուծությունները:

Անհրաժեշտ է նաեւ վերջնականապես լուծել մասնագիտական որակավորման քննությունների հարցը` արդիականացնել այդ քննությունների բազան եւ համապատասխանեցնել այսօրվա իրականությանը:

Պալատի գործառույթների շարքում կլինի IFRS-ների կիրառման հստակ   տարանջատում ՓՄՁ-ների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ մասնագիտական գրականության հրատարակում ու մասնագիտական էթիկայի կանոնների սահմանում եւ վերահսկում:

Կցանկանայի նշել, որ արդեն իսկ մշակված է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների պալատի մասին օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որտեղ նշմարված են Պալատի խնդիրներն ու գործառույթները, հիմնական իրավասությունները, կառուցվածքը, ֆինանսավորման աղբյուրները եւ այլն:

-  Մենք կանգ առանք ամենահետաքրքիր հարցի վրա. ի վերջո, որտեղի՞ց են գոյանալու ֆինանսավորման աղբյուրները:

- Նախատեսվում է, որ Պալատի ֆինանսավորման հիմնական աղբյուրներ պետք է հանդիսանան Պալատի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող անդամների անդամավճարները, ինչպես նաեւ Պալատի հրապարակումների վաճառքից ստացվող հասույթները, մասնագիտական որակավորման քննությունների անցկացման համար սահմանված վճարները, դասընթացների անցկացումից ստացված հասույթը:

Ֆինանսավորման աղբյուր են դիտարկվում նաեւ պետական, ոչ պետական եւ միջազգային կառույցներից ստացվող նվիրատվություններն ու դրամաշնորհները:

Ամեն ինչ գտնվում է դեռ քննարկման փուլում, բայց եւ այնպես ուրախացնում է, որ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից արդեն իսկ կա պատրաստակամություն մասնակցել Պալատի ստեղծման աշխատանքներին:

Միեւնույն ժամանակ, դեռ բաց է մնում պոտենցիալ շահառուների անդամավճարների չափի հարցը՝ կսահմանվեն արդյոք հստակ սահմանված վճարներ, թե կկիրառվի ուրիշ` ավելի ճկուն մեխանիզմ:  

- Ու՞մ եք տեսնում  շահառուների թվում:


- Բնականաբար, խոշոր աուդիտորական եւ հաշվապահական ընկերություններին, ֆինանսավարկային կազմակերպություններին, հատկապես` բանկերին, որոնց համար Պալատը կարելի է դիտարկել որպես նոր ու թափանցիկ գործիք՝ սեփական ռիսկերը գնահատելու եւ կառավարելու համար:  Դատեք ինքներդ` ի՞նչ  ֆինանսական փաստաթղթի հիման վրա է այսօր վարկ տալու վերաբերյալ որոշում կայացվում, հատկապես, երբ խոսքը գնում է փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող վարկառուների մասին, որոնք չեն գտնվում պարտադիր աուդիտի դաշտում: Իսկ Պալատի առկայության դեպքում մոնիտորինգի եզրակացությունը կարող է բավականին լուրջ հիմք հանդիսանալ:

Շահառուների թվին կարելի է դասել նաեւ ուսումնական կենտրոնները եւ համալսարանները, որոնց  համար, ի դեպ, Պալատը կարող է մշակել մասնագիտական ուսումնական ծրագրեր: 

Պալատի ստեղծման գաղափարը հիմնված է ֆրանսիական մոդելի վրա, որը ենթադրում է նաեւ պետության գործուն մասնակցությունն ոլորտի կարգավորմանը: Ի դեպ, նշեմ, որ նոր կառույցի գաղափարը ձեւավորվել է վարչապետի որոշումով ստեղծված՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտների բարեփոխումները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը նախագահում է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վերջին քննարկումները ցույց տվեցին, որ կա մեծ հետաքրքրվածություն Պալատի ստեղծման հեռանկարի շուրջ եւ, միեւնույն ժամանակ, քննարկումների շարունակության անհրաժեշտություն: Ուստի չեմ բացառում աշխատանքային կոնֆերանսի կազմակերպումը ընդլայնված կազմով` միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Դիտում՝ 15642
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai