«Մեր հիմնական առավելությունը մարզերի լավ իմացությունն է»

06.12.2010 | 22:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Արեգակ» ՈՒՎԿ գործադիր տնօրեն Մարիամ Եսայանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին

- Այսօր շատ է խոսվում փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու անհրաժեշտության մասին: Վարկունա՞կ է արդյոք վարկառուների այդ հատվածը իրատեսական բիզնես-ծրագրերի ներկայացման տեսանկյունից:

- Իմ կարծիքով, մեր խոսակցականում արմատացած «փոքր եւ միջին բիզնես» տերմինը լրացման կարիք ունի, քանի որ այդ հասկացության ընդհանուր հայեցակարգը ենթադրում է նաեւ «մանր բիզնես» տերմինը, որը հաճախ մոռացվում  կամ մղվում է երկրորդ պլան: Անհրաժեշտություն կա վերանայել նաեւ «փոքր ձեռնարկություններ» հասկացությունը, որոնց թվին, գործող օրենսդրության համաձայն, դասվում են 50 աշխատակից ունեցող ընկերությունները: Իսկ գործնականում Հայաստանում, առավել եւս մարզերում, դժվար է հանդիպել փոքր ձեռնարկությունների, որոնց աշխատակիցների թիվը հասնում է անհրաժեշտ նշաձողին: Մանր եւ փոքր բիզնեսը ներկայացնող մեր ավելի քան 32 հազար հաճախորդներից կարող եմ առանձնացնել միայն եզակի ընկերություններ, որոնք ունեն 50 աշխատակից:

Այսպես թե այնպես, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մանր եւ փոքր ձեռնարկությունները ներկայացնող վարկառուներին, որոնց մեծ մասը ներգրավված է գյուղատնտեսության բնագավառում: Չնայած ընթացիկ տարում այդ ոլորտում արձանագրված անկմանը, որը պայմանավորված էր եղանակային պայմաններով, մենք չենք արձանագրել մանր բիզնեսի հատվածում աշխատող վարկունակ փոխառուների թվի կրճատում: Փոքր ընկերություններն ավելի պահպանողական էին իրենց ներդրումների առումով, որոնց մեծ մասն ուղղվում էր շրջանառու միջոցներին: Սակայն, արդյունքում, մենք ունենք դրական միտումներ գրեթե բոլոր ցուցանիշներով:

Հավանական փոխառուի հետ աշխատանքում մենք հավատարիմ ենք մնում սկզբունքային մոտեցմանը, որի համաձայն ֆինանսավորվում է բիզնեսը, այլ ոչ թե գրավը: Խմբակային վարկերը, որոնք հանդիսանում են մեր հիմնական ապրանքատեսակը, ընդհանրապես չեն ապահովվում գրավով, իսկ անհատական վարկեր տրամադրելիս գրավը դիտարկվում է ամենավերջում: Այդ լույսի ներքո մենք հաճախորդի հետ հաստատում ենք գործընկերային հարաբերություններ, անցկացնում ենք բիզնես-պլանի համակողմանի ուսումնասիրման, շտկման եւ իրական պատկերի հետ վերջնական համադրելիության համատեղ ինտերակտիվ աշխատանք: Անկասկած, դա բավականին աշխատատար գործընթաց է, սակայն այն արդարացնում է իրեն` նվազագույնի հասցնելով ռիսկերը ինչպես մեզ, այնպես էլ հաճախորդների համար: 

- Վերջին ժամանակներս ձեր վարկային ապրանքատեսակները հասանելի են բացառապես մարզերում, դա ժամանակավոր տակտիկական քա՞յլ է, թե՞ երկարաժամկետ ռազմավարություն: Ի՞նչ առանձնահատկություններ ունի աշխատանքը մարզերում:
 
- Մենք դադարեցրեցինք աշխատանքը մայրաքաղաքում դեռեւս մինչճգնաժամային ժամանակահատվածում` բոլոր միջոցները կենտրոնացնելով երկրի մարզերում: Մարզերի բնակիչներին մենք դիտարկում էինք որպես վարկառուների ամենախոցելի մասը, եւ մեզ համար շատ կարեւոր էր դրամային վարկերով ապահովել բնակչության այդ հատվածին: Երկրում հեջավորման գործիքների բացակայության պայմաններում մեզ համար սկզբունքային էր մեր հաճախորդներին չփոխանցել տարադրամի փոխանակման ռիսկերը. արեւմտյան ներդրումային ընկերություններից ներգրավվող դոլարային միջոցները մենք տեղաբաշխում ենք բացառապես դրամով:

Մարզերում աշխատանքի առանձնահատկություններից է հաճախորդների համեմատաբար համեստ վարկային պատմությունը: Միաժամանակ, նրանք ավելի պատասխանատու են, իսկ մարզերում հոգեբանական գործոններն ավելի ուժեղ են, ինչը բացատրվում է բնակչության կոմպակտ ապրելակերպով: Խնդրահարույց իրավիճակների դեպքում «սոցիալական գրավը» մարզերում ավելի ուժեղ է գործում:
 
Բացի այդ, մարզերում աշխատանքն ավելի հետաքրքիր է, մասնավորապես, անշարժ գույքը մարզերում չի կարող դիտարկվել որպես իրացվելի գրավատեսակ, հիմնական շեշտը դրվում է մեր հաճախորդների բիզնես-գործունեության վրա, որոնց ավելի քան 60%-ը մեզ հետ են «Արեգակի» հիմնադրման օրվանից:

Անկասկած, կգա ժամանակ, երբ մենք կվերսկսենք աշխատանքը Երեւանում, սակայն դրա համար անհրաժեշտ է ներդնել ավելի հետաքրքիր եւ մրցունակ վարկային ապրանքատեսակներ:

- Ինչպիսի՞ն է ժամկետանց վարկերի մասնաբաժինը: Աշխատո՞ւմ եք արդյոք Հայաստանում գործող կոլլեկտորային ընկերության հետ:


- Ներկայումս ժամկետանց վարկերի մասնաբաժինը (30 օրից ավել) կազմում է շուրջ 1.7%, ինչն ընդունելի ցուցանիշ է, այդ թվում նաեւ միջազգային չափանիշներով: Նախորդ ճգնաժամային տարում մենք արձանագրեցինք այդպիսի վարկերի որոշակի աճ, սակայն կարողացանք խնդիրը լուծել սեփական ուժերով:

Մենք ողջունում ենք Հայաստանում առաջին կոլլեկտորային ընկերության հիմնադրման նախաձեռնությունը, որի հետ արդեն ունեցել ենք առաջին շփումը: Այդ ընկերության գործունեությունը վստահություն է ներշնչում, եւ չենք բացառում փորձնական եղանակով նրա հետ համագործակցելու հնարավորությունը:

- Առեւտրային բանկերի մարզային մասնաճյուղային ցանցի ընդլայնումը ենթադրում է մարզերում մրցակցության ուժեղացում: Դժվար չէ՞ արդյոք մրցակցել բանկերի հետ, որո՞նք են ձեր առավելությունները:

- Մենք ի սկզբանե աշխատել ենք ՀՀ շրջաններում եւ ԼՂՀ-ում, եւ մեր հիմնական առավելությունը մարզերի ու գյուղի բնակչության խնդիրների լավ իմացությունն է. «Արեգակի» մարզային մասնաճյուղերի աշխատակիցների ավելի քան 95%-ը տեղի բնակչության ներկայացուցիչներ են:
 
Բացի այդ, մեր աշխատանքի մոդելն է` կողմնորոշում դեպի հաճախորդը: Մենք հեռանում ենք ավանդական մարքեթինգային լուծումներից եւ կարծում, որ վարկառուների թիրախային լսարանի հետ ակտիվ եւ հետեւողական աշխատանքը ավելի արդյունավետ է թանկարժեք գովազդային ակցիաներից: 

Ներկայումս «Արեգակն» ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը վարկային կազմակերպությունների շարքում, իսկ ընդհանուր ֆինանսաբանկային համակարգում այդ ցուցանիշով զբաղեցնում է 7-8-րդ տեղը: Մեր կազմակերպությունն ունի 26 մարզային մասնաճյուղ եւ 2 ներկայացուցչություն, բացի այդ, մենք Լեռնային Ղարաբաղում գործող միակ վարկային կազմակերպությունն ենք: 

- ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի կողմից հարց է բարձրացվում վարկային կազմակերպությունների եւ բանկերի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ վարկային կազմակերպությունները ստիպված են վճարել ամենամյա տուրքեր իրենց մասնաճյուղերի սպասարկման համար, մինչդեռ բանկերը սահմանափակվում են միանվագ վճարմամբ:

- Կենտրոնական բանկի հետ հետեւողական ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հասնել նրան, որ ԱԺ ներկայացվեց մի օրինագիծ, որը նախատեսում է մասնաճյուղերի սպասարկման համար ամենամյա վճարումների վերացում:

Ակնկալվում է, որ այն կընդունվի մինչեւ 2011թ. I եռամսյակի ավարտը: Այդ որոշումը հուսադրում է, քանի որ մինչ օրս մենք ստիպված ենք այդ մասով տարեկան վճարել շուրջ 6.5 մլն դրամ:

- ՀՀ ԿԲ-ն եւ Վարկային կազմակերպությունների ասոցիացիան պայմանավորվածություններ են ձեռք բերել վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի նվազագույն չափի փուլային բարձրացման վերաբերյալ, որը կավարտվի 2015թ.: Ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանավորվածությունները:

- Այդ խնդրի շուրջ մենք ԿԲ-ի հետ աշխատում ենք շուրջ 1.5 տարի եւ բարձր ենք գնահատում կարգավորչի դիրքորոշումը ինչպես ԿԲ-ի, այնպես էլ Ասոցիացիայի կողմից առաջարկվող նախաձեռնությունները մանրամասն քննարկելու վերաբերյալ: 

Վարկային կազմակերպությունների խոշորացումը Կենտրոնական բանկի ռազմավարական նպատակներից մեկն է: Այսօր Հայաստանում գործում են ավելի շատ վարկային կազմակերպություններ, քան առեւտրային բանկեր, եւ այդ խոշորացումը դիտարկվում է նրանց աշխատանքի որակի բարձրացման եւ նոր հնարավորությունների տրամադրման համատեքստում:

- Դուք ունեք «Կասկադ Ինշուրանսի» հետ աշխատանքի փորձ միկրոապահովագրության ոլորտում: Չե՞ք նախատեսում արդյոք շարունակել աշխատանքը ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության ուղղությամբ:


- Իսկապես, «Կասկադ Ինշուրանսի» հետ մենք ունենք աշխատանքային փորձ Կոտայքի մարզում միկրոապահովագրության ոլորտում: Սակայն մենք դադարեցրել ենք այդ ծրագիրը` գիտակցելով, որ այն վաղաժամ էր, քանի որ բնակչությունը դեռեւս պատրաստ չէ կամավոր ապահովագրության:

Ինչ վերաբերում է ԱՊՊԱ գծով միջնորդային ծառայությունների տրամադրմանը, ապա մենք ներկայումս չենք դիտարկում այդ հեռանկարը: Սակայն այսպես թե այնպես, հուսով եմ, ԱՊՊԱ ներդրմամբ մեր երկրում կմեկնարկի ապահովագրության մշակույթի կայացումը:

- Տարեսկզբից ֆինանսական ի՞նչ ցուցանիշներ է արձանագրել «Արեգակը»: 

- Այս տարի մենք աճի զգալի դինամիկա ենք նկատում բոլոր ցուցանիշներով: Մասնավորապես, ընթացիկ տարվա երեք եռամսյակների ընթացքում տրամադրվել է ավելի քան 10 մլրդ դրամի շուրջ 25 հազար վարկ, վարկերի միջին ծավալն աճել է 19%-ով` կազմելով 400 հազ. դրամ: Կապիտալի ծավալով (6,2 մլրդ դրամ) «Արեգակը» զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ակտիվների ծավալով (10 մլրդ դրամ)` երկրորդ:

Օգտվելով առիթից` կցանկանայի նշել, որ չնայած ճգնաժամի բոլոր դժվարություններին, մեզ հաջողվել էր պահպանել աճի դինամիկան նաեւ նախորդ տարի:


Դիտում՝ 22140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai