Ճիշտ արդյունաբերական քաղաքականությունը գիտելիքի քաղաքականություն է

27.07.2024 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ներկայացնում ենք Կոլումբիայի բիզնես դպրոցի ֆինանսների պրոֆեսոր Տանո Սանտոսի եւ Չիկագոյի համալսարանի ֆինանսների պրոֆեսոր Լուիջի Զինգալեսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:

Տանո Սանտոս եւ Լուիջի Զինգալես

Արդյունաբերական քաղաքականությունը կրկին նորաձեւ է: Տասնամյակներ շարունակ խուսափելով շուկայի ձեւավորման քաղաքականության գործիքներից, ինչպիսիք են սակագներն ու սուբսիդիաները, շատ արեւմտյան կառավարություններ ընդունեցին դրանք Քովիդ-19 համաճարակի պատճառով, որը բացահայտեց համաշխարհային մատակարարման շղթաների խոցելիությունը, եւ մեծ մտավախություններով Չինաստանի տեխնոլոգիական եւ առեւտրային գերակայության վերաբերյալ, որի պատճառով Արեւմուտքի անթիվ լավ վարձատրվող աշխատատեղեր կկորչեն: Այս ջանքերի հաջողության համար շատ կարեւոր է շեշտադրումը գիտելիքի վրա:

Արդյունաբերական քաղաքականությունն Արեւմուտքում վատ համբավ ունի: Երբ հետպատերազմյան կառավարությունները փորձեցին կիրառել այն, նրանք հաճախ չկարողացան հասնել իրենց նպատակներին, քանի որ աջակցում էին արդյունաբերություններին, որոնք կենսունակ շահութաբերություն չունեին: 1970-1980-ական թվականներին նրանք ընդհանրապես հրաժարվեցին արդյունաբերական քաղաքականությունից: Բայց եթե արդյունաբերական քաղաքականությունը դիտարկենք որպես գիտելիքի քաղաքականություն, ապա դրա վերադարձը կարող է հաջողվել:

Գիտելիքի արդյունավետ քաղաքականությունը ավելի մեծ ուշադրություն է դարձնում գիտելիքի տարածմանը, քան ստեղծմանը: Թեեւ նորարարությունն ակնհայտորեն արժեքավոր է, այն թանկ ու դժվար է, պահանջում է պայմանների որոշակի համակցություն, որը հաճախ դժվար է ապահովել: Ամեն երկիր չէ, որ կարող է իրատեսորեն հավակնել լինել տեխնոլոգիական առաջատար: Սակայն երկիրը չպետք է լինի նորարարություններ արտադրող, որպեսզի կարողանա այլուր արտադրված նոր գործընթացներից, մեթոդներից եւ գաղափարներից քաղել օգուտներ (օրինակ՝ ավելի բարձր արտադրողական կարողություններ, ավելի մեծ հարստություն եւ ուժեղ ռազմական հնարավորություններ):

Գիտելիքի տարածումը (որը կախված է ինչպես գիտելիքի հասանելիությունից, այնպես էլ այն կլանելու կարողությունից) բարեկեցիկ հասարակության բանալին է: Գերմանական եւ ճապոնական տնտեսությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արագ վերականգնվեցին հիմնականում այն պատճառով, որ չնայած ֆիզիկական ենթակառուցվածքը ավերված էր, գիտելիքների պաշարն անձեռնմխելի էր: Երկու երկրներն էլ ունեին ինժեներների, բժիշկների, գիտնականների ու մենեջերների մի խումբ, որոնք ընդունակ էին կլանել, տարածել, կիրառել եւ զարգացնել ամերիկյան օկուպացիոն ուժերի բերած առաջադեմ գիտելիքը:



Գիտելիքի նման փոխանցման արժեքը գիտակցելով՝ կարելի է հարցնել, թե ինչու պետք է ներգրավել պետությանը: Պատասխանն այն է, որ գիտելիքի տարածումը էությամբ արտաքին ազդեցությունն է: Երբ անհատը կամ ընկերությունը ներդրումներ է կատարում գիտելիքի մեջ, այն սովորաբար ստանում է եկամտի միայն մի մասը. գիտելիքի ձեռքբերումը հաճախ շատ ավելի բարձր սոցիալական եկամուտ է բերում, քան մասնավոր շահույթ: Սա բացատրում է, թե ինչու պետությունը երկար ժամանակ աջակցել ու խթանել է գիտելիքի արտադրությունը, օրինակ՝ արտոնագրային համակարգի ստեղծման եւ կրթության ամրապնդման միջոցով:

Գիտելիքի արդյունավետ քաղաքականությունը պետք է ներառի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բաղադրիչներ: Երկրի ներսում այն պահանջում է նպատակային կրթական քաղաքականություն, սուբսիդիաներ, որոնք խրախուսում են տեղական դերակատարներին գիտելիք ներմուծել, եւ մտավոր սեփականության (ՄՍ) ճկուն շրջանակ, որը ճիշտ հավասարակշռություն է հաստատում նորարարության դրդապատճառի եւ դրա տարածումը խրախուսելու միջեւ: Այն երկրներում, որոնք հեռու են տեխնոլոգիական առաջատար դիրքերից, ավելի ճիշտ է թույլ ՄՍ պաշտպանությունը, ինչպես Հնդկաստանինը, որը հնարավորություն տվեց ծաղկուն դեղագործական արդյունաբերություն ստեղծել: (Անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ստիպեց Հնդկաստանին ավելի խիստ կանոններ պահպանել):

Աշխարհաքաղաքականորեն մասնատված աշխարհում նման ներքին միջոցները պետք է լրացվեն ազատ առեւտրի գոտիներով՝ նպաստելու գործընկեր երկրների միջեւ գիտելիքների փոխանակմանը: Այս գոտիները թույլ կտան մասնագիտանալ որոշ ոլորտներում, բայց ոչ բոլորում: Եթե արհամարհենք տնտեսագետների մոլուցքը համեմատական առավելությունների վերաբերյալ, սա վատ բան չէ։ Ի վերջո, այն երկիրը, որը տեխնոլոգիական առաջատար է (կամ այնքան մոտ է դրան, որ կարող է շարունակել յուրացնել նոր գիտելիքները) կլինի ավելի արդյունավետ եւ բարգավաճ տնտեսական գործընկեր:

Երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների ներմուծմանը, երկրները պետք է խոչընդոտներ ստեղծեն միայն այն ոլորտներում, որտեղ առաջընթացը եւ՛ հասանելի է, եւ՛ ցանկալի (նույն ոլորտները, որտեղ ուղիղ սուբսիդիաները նույնպես կարող են արդարացված լինել): Այս առումով Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը շատ ավելի լավ պատճառներ ունեն ներդրումներ անելու իրենց ներքին կիսահաղորդչային արդյունաբերության մեջ, քան Հնդկաստանը, որն այնքան հետ է այս ոլորտում, որ նրանց հասնելու վրա ծախսվող ցանկացած ռեսուրս երեւի կվատնվի: Բայց նույնիսկ ԱՄՆ-ն կարող է չհասնել կիսահաղորդիչների ոլորտում իր հավակնություններին, եթե չիրականացնի նաեւ կրթական քաղաքականություն, որը խրախուսում է ճարտարագիտության ուսումնասիրությունը: Թայվանն աշխարհում կիսահաղորդիչների արտադրության առաջատարն է շնորհիվ ոչ միայն իր արտադրական գաղտնիքի, այլեւ համապատասխան կրթված աշխատուժի:



Բայց նույնիսկ ճիշտ հնարավորություններով տնտեսությունում, եթե նրա գործընկերներից շատերը փորձում են հաջողության հասնել նույն ոլորտում, ռազմավարության ծախսերը կբարձրանան, եւ հաջողության հավանականությունը կնվազի: Սա եւս մեկ պատճառ է, թե ինչու ազատ առեւտրի գոտիները օգտակար են. դրանք կարող են նպաստել քաղաքականության համակարգմանը՝ առնվազն դաշնակիցների միջեւ: Հնդկաստանը առաել պատրաստ կլինի հրաժարվել իր կիսահաղորդչային հավակնություններից, եթե իմանա, որ կարող է ապավինել կայուն մատակարարմանը վստահելի գործընկերոջից:

Անշուշտ, այդ գործընկերը կարող է ներկայացնել սեփական պահանջները, ասենք, որ Հնդկաստանը ուժեղացնի ՄՍ կիրառումը, ինչը շատ թանկ կնստի: Սակայն այսօրվա լարված եւ պառակտված աշխարհում նման փոխզիջումները գործնականում անխուսափելի են: Գիտելիքի խելամիտ քաղաքականությունը պետք է ճանաչի այն սահմանափակումները, որոնց ներքո գործում են դաշնակիցները:

Արեւմտյան կառավարությունները վերադառնում են արդյունաբերական քաղաքականությանը հատկապես ծանր պահին: Ռազմավարական նկատառումները չեն կարող անտեսվել, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ, երբ գլոբալացումը արագորեն զարգանում էր, իսկ Pax Americana-ն ամուր իր տեղում էր: Փոխարենը առաջնորդները պետք է առերեսվեն մարտահրավերին եւ մշակեն բարդ արդյունաբերական-ռազմական ռազմավարություններ, ներառյալ գիտելիքի քաղաքականությունը, որը հաշվի է առնում ռիսկերի, նպատակների եւ ճնշումների լայն շրջանակ:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ:


«Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:

Copyright: Project Syndicate, 2024.
www.project-syndicate.org
Դիտում՝ 2488
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW