Հայաստանում առաջին բրենդավորված լյուքս դասի բնակելի համալիրը. «Ռենշին»-ն ու Kempinski-ն պայմանագիր են կնքել

11.07.2023 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2025 թվականի դեկտեմբերին Երեւանում շահագործման կհանձնվի «Artlife Kempinski Residences» համալիրը, որը Հայաստանում առաջին բրենդավորված լյուքս դասի բազմաֆունկցիոնալ բնակելի եւ ժամանցի համալիրը կլինի։


Երեւանում կայացած «Մեծ Գեթսբի»-ի ոճով երեկույթի ժամանակ «Ռենշին Ուրբան Ինվեսթմենթս»-ի օպերացիոն տնօրեն Լեւոն Կասպարովն եւ Kempinski Hotels խմբի զարգացման գծով տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Քրիստոֆ Պիֆարետին կնքել են պատմական համագործակցության մասին պայմանագիր։

Իսկ մինչ բուն արարողությունը նրանք հանդիպել են լրագրողների հետ ու պատմել այդ անչափ կարեւոր համագործակցության մասին։ Կասպարովն ընդգծել է, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար եւ նոր նշաձող է սահմանում ոլորտում, ինչը Հայաստանին որոշակի հնչեղություն կտա միջազգային հարթակներում։

«Շատ ընկերություններ ենք ուսումնասիրել, բայց Kempinski-ն ոչ միայն ամենահինն է, այլեւ հսկայական փորձ ունի եւ անհատական մոտեցում է ցուցաբերում։ Եթե այցելեք ընկերության բրենդավորած կառույցներն ամբողջ աշխարհում, այդ մթնոլորտը միանգամից կզգաք։ Մեր շուկան դեռ զարգանում է, ցանկացանք համագործակցել լավագույնի հետ, որպեսզի օրինակ եւ չափանիշ լինի՝ հետագա այլ նախագծերի համար»,- ասել է Կասպարովը։



Քրիստոֆ Պիֆարետին էլ ընդգծել է, որ Kempinski ընկերությունը 125 տարվա պատմություն ունի եւ հպարտանում է իր եվրոպական արմատներով, ունեն 84 տարբեր համալիրներ Մերձավոր Արեւելքում, Չինաստանում, Ամերիկայում, Աֆրիկայում ու Եվրոպայում, իսկ «Artlife Kempinski Residences»-ը նրանց բրենդավորած 20-րդ բնակելի համալիրն է։

«Ուրախ եմ, որ արդեն գործունեություն ենք ծավալում նաեւ Հայաստանում, լիահույս եմ այս ծրագրի հաջողության առթիվ։ Հայաստանն հզոր անցյալ ունի, գունեղ մշակույթ, համեղ խոհանոց, բայց ամենակարեւորը ժողովուրդն է, որի ջերմությունը զգացվում է առաջին հայացքից։ Երեւանյան համալիրը նոր ապրելակերպի կենտրոնն է դառնալու, այն հրաշալի վայրում է տեղակայված՝ քաղաքի կենտրոնում, հասանելի է բոլոր կողմերից ու գեղեցիկ տեսարան ունի։ Բնակիչները կկարողանան 5 աստղանի հյուրանոցի հարմարությունները վայելել ընտանեկան միջավայրում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ «Ռենշին»-ը մեզ է ընտրել, եւ որ մենք մեր սեփական դրոշն ունենք ձեր երկրում»։



Հայաստանյան ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանն էլ շեշտել է, որ համալիրի հանրային տարածքը բոլորի համար է նախատեսված, այն բաց կլինի երեւանցիների ու քաղաք այցելողների համար։

«Համալիրում լիարժեք, գեղեցիկ կյանք եւ հրաշալի ժամանց անցկացնելու համար բոլոր հնարավորությունները ստեղծված են։ Կգործեն նորաձեւության, արվեստի եւ գեղեցկության ոլորտի համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքները։ Մասնագետների հետ ցուցադրություններ կկազմակերպենք։ Գործելու են նաեւ պատկերասրահ, կինոթատրոն, միջոցառումների անցկացման ու մանկական ժամանցի կենտրոններ։ Մի վայրում կենտրոնացնելու ենք այն ամենը, ինչ պետք է գեղեցիկ, ներդաշնակ եւ հարմարավետ կյանքի համար։ Այս ամենի հիմքում «Ռենշին Ուրբան Ինվեսթմենթս»-ի այն ռազմավարությունն է, որով մենք ստեղծում ենք  ապրելակերպ ձեւավորող անշարժ գույք»,- ասել է Մավյանը։



Լեւոն Կասպարովն ավելացրել է, որ համալիրն ընդգրկում է 285 բնակարան, որոնց զգալի մասն արդեն վաճառված է, բայց ցանկացողները եւս դեռ կարող են հասցնել ձեռք բերել։ Այս պահին վաճառքը դադարեցված է ու կվերսկսվի համագործակցության պայմանագրի ստորագրումից 2 շաբաթ անց։

«Սա առաջին համալիրն է, որը շահագործման է հանձնվելու՝ վերանորոգված ամբողջությամբ լյուքս դասին համապատասխան, ինչը շատ կարեւոր մոտեցում է։ Հանձնման հաջորդ օրն իսկ ամեն ինչ շնչելու և ապրում է, դա եւս Kempinski-ի պահանջներից է, մեր բնակիչները չեն կարող անհարմարություններ ունենալ։ Համալիրում կլինեն բոլոր ծառայություններն ու ապրանքները, որոնք անհրաժեշտ են առօրյա կյանքի համար։ Բայց լյուքսը չի նշանակում փակ, «Artlife Kempinski Residences-ը վայելելու հաճույքը կարող է զգալ ցանկացած այցելու»,- ավելացրել է Կասպարովը։



Նրա խոսքով՝ համալիրի կառուցումը կարժենա 80 մլրդ դրամ, հետագայում էլ ներդրումները շարունակական կլինեն ու կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը շնորհավորել է «Ռենշին»-ին նման լայնածավալ եւ պատմական իրադարձությունը կյանքի կոչելու համար. «Սա նոր նշաձող է մեր քաղաքաշինության համար, հանրաճանաչ միջազգային ցանցի ներգրավումը հաղորդում է նոր մոտիվացիա եւ նպաստում այս ոլորտում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լինելով լավագույն փորձ՝ այն օրինակ կդառնա մյուս կառուցապատողների համար»։

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Դիտում՝ 18421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai