Աջակցել օտարերկրյա ներդրողներին բիզնես հիմնել Հայաստանում. սա Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Լիլիթ Կարապետյանի կողմից ղեկավարվող աշխատանքային ուղղություններից մեկն է: Նրա բնորոշմամբ՝ հայաստանյան օրենսդրությունը բարենպաստ է բիզնեսի համար, բայց կարեւոր է, որ ներդրողը մեր երկրում իրավաբանական ճիշտ աջակցություն ստանա: Բիզնեսին աջակցող փաստաբանի աշխատանքը ֆիլմերի կերպարներով չպատկերացնելու եւ մասնագիտությանն իրատեսորեն մոտենալու կարեւորության մասին Լիլիթ Կարապետյանը պատմել է Banks.am-ին: Անգլիայում ավարտելով միջազգային առեւտրային իրավունքի ուղղությամբ ուսումը՝ նա վերադարձել է Հայաստան ու մոտ 6 տարվա ընթացքում Կոնցեռն Դիալոգում կրտսեր իրավաբանից գործընկեր դարձել: Աշխատել լավագույնների հետԿոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակում աշխատում եմ 2017թ.-ից: Բակալավրիատի կրթությունը ստացել եմ Հայաստանում՝ Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, հետո տեղափոխվել եմ Անգլիա ու մագիստրոսական կրթություն ստացել Էքսետերի համալսարանում՝ միջազգային առեւտրային իրավունքի ոլորտում: Իհարկե, արտերկրում սովորելուց հետո կար գայթակղություն մնալ այնտեղ, աշխատել համաշխարհային հայտնի ընկերություններում, բայց ինձ համար կարեւոր էր վերադառնալ Հայաստան եւ աշխատանքային գործունեություն ծավալել հայրենիքում: Այստեղ ցանկանում էի աշխատել լավագույնների հետ ու մտքումս մի քանի անուն ունեի: Նրանցից մի քանիսը Կոնցեռն Դիալոգից էին, այնպես որ գրասենյակում աշխատանքի հնարավորության մասին հայտարարությունը նկատելուց հետո անմիջապես դիմեցի ու հնարավորություն ստացա աշխատել որպես կրտսեր իրավաբան։ Աշխատասիրություն, իրատեսություն, հավասարակշռությունԻրավաբանությունն ինձ համար ուրիշ աշխարհ էր դեռ փոքր տարիքից։ Մարդիկ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ ընտրեցի հենց այս մասնագիտությունը, փորձում եմ բացատրել, որ փաստաբան լինելու գիտակցումը, կարծես, ծնվելուս օրվանից ինձ հետ է։ Իհարկե, մանկական, ռոմանտիզացված պատկերացումներն իրավաբանի աշխատանքի մասին իրականությունից շատ են տարբերվում, բայց միեւնույն է՝ այս ամենի հիմքում գործիս ու մասնագիտության հանդեպ մեծ սերն է։ Կարծում եմ՝ նաեւ այդ սիրո ու աշխատասիրության շնորհիվ եմ գրասենյակի կրտսեր իրավաբանից ընկերության գործընկեր դարձել։ Լիլիթ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիշում եմ՝ աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ հարցրեցին՝ որտե՞ղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, հնարավո՞ր է նորից հեռանամ Հայաստանից։ Պատասխանեցի՝ ո՛չ, հինգ տարուց հուսով եմ Կոնցեռն Դիալոգի գործընկեր լինել, այդպես էլ եղավ (ժպտում է – հեղ.)։ Այսօր ընկերություն եկող կրտսեր իրավաբաններին խորհուրդ եմ տալիս սիրել աշխատանքը, շատ կարդալ ու խորքային վերաբերվել իրավունքին։ Կարեւոր է գիտակցել, որ իրավաբանությունը հաճելի ու հետաքրքիր լինելուց բացի, նաեւ ծանր աշխատանք է. կարող ես ժամերով նստել ու իրավական ակտեր կամ դատարանի որոշումներ կարդալ: Պետք է իրատես լինել ու իրավաբան ասելիս չպատկերացնել միայն Հարվի Սփեքթրին։Շատ կարեւոր է հավասարակշռված լինել, խուսափել ավելորդ հուզականությունից ու կառավարել սեփական էմոցիաները։ Ինձ համար սա լավ ու վատ փաստաբանի առաջնային ցուցիչներից է։ Փաստաբանը չպետք է գործի հետ չափազանց հուզական կապվածություն ունենա, ոչ մի դեպքում չպետք է իրեն նույնացնի հաճախորդի հետ։ Առանց այդ էլ, մեր հասարակությունում սա մեծ խնդիր է, մարդիկ հաճախ չեն տարբերակում փաստաբանին ու վստահորդին։Չափից ավելի չկարգավորել գործարքի մասնակիցների հարաբերությունները՝ առաջացնելով լրացուցիչ խնդիրներ պրակտիկայումԿոնցեռն Դիալոգում աշխատանքիս հիմնական ուղղությունը բիզնեսին տրվող խորհրդատվությունն է։ Այս պահին ամենաակտիվ օղակը, որում ներգրավված եմ, օգնելն է ներդրողներին (հիմնականում օտարերկրյա) սկսել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում։ Խոսքն առաջնային փուլերի մասին է, երբ ներդրողները գալիս են Հայաստան, փորձում կողմնորոշվել շուկայում, հասկանալ՝ ինչ օրենսդրություն ունենք, ինչ պարտավորություններ ունեն կամ ինչ պետական քաղաքականություն կա այս կամ այն ոլորտում։ Իմ եւ գործընկերներիս հիմնական նպատակներից մեկը ՀՀ իրավական դաշտը ներդրողների համար ընկալելի, իսկ իրենց սպասվող գործընթացները՝ կանխատեսելի դարձնելն է: Լիլիթ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նշված գործընթացները ներառում են ինչպես ճիշտ կազմակերպական ձեւի ընտրությունը, ընկերության գրանցումը, այնպես էլ՝ անշարժ գույքի, հարկային եւ աշխատանքային հարցերով խորհրդատվությունն ու աջակցությունը, հիմնական պայմանագրերի նմուշների մշակումը, լիցենզիաների, թույլտվությունների ստացման հարցերով աջակցությունն ու բիզնեսի բնականոն աշխատանքի իրականացման համար այլ իրավաբանական հարցերի կարգավորումը: Իհարկե, բիզնեսի ոլորտում իրավաբանական խորհրդատվությունը Կոնցեռն Դիալոգի մատուցած միակ ծառայությունը չէ․ մենք աջակցում ենք վստահորդներին բիզնեսի համար մեծ գործարքներ կնքելիս, իրավաբանական աուդիտի առումով (մասնագիտական շրջանակներում հայտնի որպես «due diligence»), ինչպես նաեւ տրամադրում ենք խորհրդատվություն վստահորդի ընթացիկ գործունեության՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ:Մշտապես փորձում ենք բիզնեսի աշխատանքը չբարդացնել: Մեր նպատակն է անել այնպես, որ հարաբերության իրավական կարգավորումը միայն օգնի գործարքի մասնակիցներին, եւ, օրինակ, պայմանագրի ձեւակերպումներն ավելորդ բեռ չդառնան նրանց համար:Օրենքի պաշտպանությունն ակնկալելու համար պետք է չխախտել այնԲիզնեսը Հայաստանում առավել իրավագիտակից է դառնում։ Հաճախորդների հետ շփումներում հաճախ ենք կրկնում միտքը, որ եթե այսօր խախտում են օրենքը, վաղը չեն կարող ասել՝ «ինչո՞ւ օրենքով պաշտպանության եղանակներ չկան կամ դրանք արդյունավետ չեն»։ Ցանկացած բիզնես ունի ընտրություն՝ աշխատել օրենքին համապատասխան ու հետո ակնկալել այդ օրենքի պաշտպանությունը կամ՝ ոչ։ Եթե չես ուզում հարկ վճարել, հետո չես կարող բողոքել, որ քեզ տուգանել են։Բիզնեսի հետ աշխատանքում մեր հիմնական առաքելություններից է ցույց տալ եղած իրավական ռիսկերը եւ դա վստահորդներին հասցնել հենց իրենց լեզվով: Նկատի ունեմ՝ մեր առաջ մշտապես խնդիր ենք դնում վստահորդին ոչ միայն ցույց տալ իրավական ռիսկերը, այլեւ բացատրել դրանց հնարավոր ազդեցությունը վստահորդի գործունեության վրա: Եթե անգամ օրվա վերջում բիզնեսը որոշում է ստանձնել որոշակի ռիսկեր, այդ որոշումը պետք է լինի տեղեկացված եւ գիտակցված:Ռելոկացիան ու ընկերության գրանցումը 30 րոպեում2022թ. փետրվարից Կոնցեռն Դիալոգ ընկերության էլեկտրոնային հասցեին օրական բազմաթիվ նամակներ էինք ստանում։ Սկսվել էր մի շատ «հետաքրքիր» երեւույթ, որը մեզ ուղեկցում է առ այսօր՝ ռելոկացիան՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բազմաթիվ մարդիկ արթնացել էին իրենց երկրում, որոշել, որ ցանկանում են տեղափոխվել Հայաստան ու փորձում էին խորհրդատվություն ստանալ՝ ինչ, ինչպես ու որտեղ անել։ Նրանց թվում թե՛ անհատներ էինս, որոնք ցանկանում էին Հայաստանում ԱՁ գրանցել ու աշխատել այստեղից, թե՛ խոշոր ընկերություններ, որոնք հարյուրավոր աշխատակիցներով տեղափոխվում էին մեր երկիր, թե՛ միջազգային ընկերություններ, որոնք մասնաճյուղեր ունեին ՌԴ-ում ու հիմա, հասկանալի պատճառներով, ցանկանում էին կառուցվածքային փոփոխություններ կատարել։ Կոնցեռն Դիալոգ ընկերությունը մի կարեւոր մոտեցում ունի՝ առաջին խորհրդատվությունը մեզ մոտ, որպես կանոն, անվճար է։ Եթե հասկանում ենք, որ կարող ենք օգնել դիմողին միայն մի նամակով, երբեք չենք ասում՝ «վճարեք, կպատասխանենք»։ Ընդ որում, առաջին անվճար խորհրդատվությունը հաճախորդի համար պարտավորվածություն չի առաջացնում օգտվել մեր ծառայություններից։ Այս քաղաքականությունը չենք փոխել նույնիսկ ռելոկացիայի ակտիվ ալիքի ժամանակ ու մեր թիմով օրերով պատասխանում էինք նամակների ու զանգերի՝ հասկանալով, որ դիմողների մի մասն այդպես էլ չի տեղափոխվելու Հայաստան, իսկ տեղափոխվողներն էլ, գուցե, հետագայում օգտվեն այլ գրասենյակների ծառայություններից։ Մեզ համար կարեւոր էր եւ կարեւոր է, որ դիմողները ճիշտ պատկերացում ունենան Հայաստանի իրավական համակարգի եւ բիզնես միջավայրի մասին։ Լիլիթ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այդ ընթացքում նկատում էինք մի հետաքրքիր միտում՝ մեզ դիմողների մեծ մասը հաճախ թյուր տեղեկություններ ուներ Հայաստանում բիզնես սկսելու վերաբերյալ։ Նույնիսկ անձամբ փնտրում էի սոցցանցերի տարբեր խմբերում՝ հասկանալու՝ որն է այս համընդհանուր սխալ ինֆորմացիայի տարածման աղբյուրը։ Մեր խնդիրն էր նախ մեզ դիմողներին ցույց տալ իրական ճանապարհն ու հետո հուշել պետությանը, որ այս մարդկանց պետք է ինչ-որ կերպ աջակցել, օրինակ՝ տեղեկատվական միասնական եւ հավաստի հարթակներ ստեղծելով։ Միշտ կրկնում եմ, որ Հայաստանում շատ հեշտ է բիզնես գրանցել։ Եթե մարդը ֆիզիկապես Հայաստանում է եւ ունի նոտարական կարգով հայերեն թարգմանված անձնագիր, անկախ ազգությունից՝ կարող է գնալ պետական ռեգիստր, ցույց տալ անձնագիր ու 30 րոպեում գրանցել ընկերություն: Հայաստան եկողներից շատ անգամ լսել ենք մի հարց՝ «а в чем подвох?», երբ առաջարկել ենք իրենց ընկերությունը 30 րոպեում, բոլորովին անվճար գրանցել` պարզապես մեր նշած քայլերն ինքնուրույն կատարելով։ Փորձել ենք բացատրել՝ որեւէ ենթատեքստ չկա, պարզապես մեզ համար, որպես փաստաբանական գրասենյակ, կարեւոր է, որ օտարերկրյա ներդրողը գա Հայաստան ու ստանա աջակցություն։ Մենք ասել ենք՝ «պատրաստ ենք սովորեցնել ձեզ՝ ինչ ու ինչպես անել, շատ դեպքերում դուք մեր գրասենյակի կարիքը չունեք, քանի որ խնդիրը շատ պարզ է։ Եթե դրա լուծումը հնարավոր է ինքնուրույն գտնել, մենք կաջակցենք ու կուղղորդենք ձեզ»։ Իհարկե, կան դեպքեր, երբ անձանց համար կարեւոր է եղել ստանալ խորհրդատվություն եւ աջակցություն նաեւ պարզ դեպքերում, եւ չեն ցանկացել ինքնություն իրականացնել գործընթացը՝ բացառելու համար նույնիսկ փոքր ռիսկերը, այդ դեպքում տրամադրել ենք իրավական խորհրդատվություն կամ աջակցել վարչական գործընթացներում:Հայաստանում բիզնեսի համար կան բարենպաստ պայմաններ ՀՀ օրենսդրությունը բարեհաճ է օտարերկրյա ներդրողների հանդեպ։ Այն չունի առանձնահատուկ բարդ կամ բացասական կողմեր, քիչ թե շատ կանխատեսելի է՝ ե՛ւ սահմանափակումների, ե՛ւ իրավունքների, ե՛ւ պարտավորությունների տեսանկյունից: Կարող ենք ասել՝ օրենսդրական առումով Հայաստանում բիզնես սկսելը հեշտ է, դրա համար կան բարենպաստ պայմաններ։ Իհարկե, սրան զուգահեռ կան օրենսդրական զարգացումներ, որոնք մտահոգություն են առաջացնում։ Օրինակ՝ վերջերս մի քանի փուլով փոփոխվեց իրական շահառուների հայտարարագրման վերաբերյալ օրենսդրությունը։ Օտարերկրյա բիզնեսի տեսանկյունից կարող է խնդրահարույց լինել, երբ պետությունը շատ մանրամասն տեղեկատվություն է պահանջում եւ հրապարակում այն առցանց։ Օրինակ՝ այն դեպքում, երբ իրական շահառուն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ է, ընկերությունը պարտավոր է վավերացված անձնագրի պատճեն ներկայացնել: Նման պահանջի նպատակահարմարությունը դժվար է գնահատել, հատկապես հաշվի առնելով՝ ինչ բարդություններ է այն առաջացնում ընկերությունների համար՝ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից: Նաեւ տեխնիկական մակարդակում են առաջանում խնդիրներ. կան երկրներ, որտեղ նոտարները չեն վավերացնում անձնագրի պատճեներն ու ամեն անգամ ստիպված ենք լինում այլընտրանքային լուծումներ գտնել։ Սա ակնհայտ բարդացնում է օտարերկրյա ներդրումների գործընթացը։ Իրական շահառուների բացահայտման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը ենթադրում է, որ անկախ կազմակերպաիրավական տեսակից՝ իրավաբանական անձը պետք է բացահայտի՝ ովքեր են իր իրական շահառուները: Արդյունքում, այսօր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգում ցանկացած ընկերության վերաբերյալ մի քանի րոպեում հնարավոր է գտնել այս տեղեկատվությունը։ Արդյոք նման պահանջն էականորեն չի՞ վատթարացնի բիզնես մթնոլորտը. քննարկման հարց է։ Հստակության համար՝ այստեղ խոսքն ամենեւին իրական շահառուներին «թաքցնելու» մասին չէ: Ընկերությունները մի քանի այլ մակարդակներում, օրինակ՝ բանկերում, մշտապես անցել են ստուգման գործընթացներ եւ պարտավորված են եղել հրապարակել իրենց իրական շահառուների մասին տեղեկատվությունը։ Պարզապես այսօր այս ինֆորմացիան լիովին հասանելի է դարձել նաեւ հանրությանը, մինչդեռ նախկինում որոշ կազմակերպական տեսակների համար հնարավոր էր պահպանել դրա գաղտնիությունը։ Լիլիթ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ սկսվեց թափանցիկության գործընթաց հանքարդյունաբերության ոլորտում, նշված նախաձեռնությունը միանշանակ դրական էր եւ համաչափ՝ հաշվի առնելով պետության սեփականություն հանդիսացող ընդերքն օգտագործողներին իմանալու անհրաժեշտությունը եւ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը: Սակայն նշված պահանջը խնդրահարույց է դառնում «սովորական» բիզնեսների դեպքում՝ ՏՏ ընկերություններից մինչեւ առեւտրով զբաղվող ընկերություններ՝ անկախ շրջանառության կամ ներդրման չափից:Օտարերկրյա ներդրողներին տարբեր ոլորտներ են հետաքրքրումՀայաստան ներդրողներ մշտապես եկել են ամենատարբեր երկրներից ու ոլորտներից։ Ժամանակ առ ժամանակ այս կամ այն ոլորտն առավել գրավիչ է դառնում ներդրումների տեսանկյունից։ Գրավչության հիմք կարող են լինել ոլորտային օրենսդրական փոփոխությունները կամ պետության կողմից տրվող արտոնությունները։ Օրինակ՝ տարիներ առաջ փոփոխություն եղավ (սահմանվեց ֆիքսված սակագին) արեւային էներգետիկայի ոլորտում եւ օտարերկրյա ներդրողների համար հնարավորություն ստեղծվեց շահավետ սակագնով լիցենզիաներ ստանալ: Այդ փուլում ոլորտը շատ ակտիվացավ ու ներդրողներ եկան Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, այլ երկրներից։ ՏՏ ոլորտում եւս հետաքրքրություն կա, բայց սխալ կարծիք է, թե օտարերկրյա ներդրողներին Հայաստանում հետաքրքրում է միայն այս ոլորտը: Ներդրումների տեսանկյունից բավականին ակտիվ են նաեւ արդյունաբերության, առեւտրի, հյուրանոցային եւ ռեստորանային (HoReCa), կառուցապատման ոլորտները: Որպես ամփոփում՝ Կոնցեռն Դիալոգի ծառայությունների բարձր որակի գրավականներից մեկն այն է, որ մենք «խոսում ենք» վստահորդների լեզվով։ Խոսքս, իհարկե, միայն օտար լեզուների մասին չէ, որոնք բավականին շատ են՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Նկատի ունեմ, որ խորհրդատվությունը չի տրվում հաճախորդների բիզնես գործընթացներից, շահերից ու դրանց առանձնահատկություններից առանձին՝ ակադեմիական եղանակով օրենքի վերաշարադրմամբ: Վստահորդների համար փորձում ենք ստեղծել իրավական կանխատեսելիության միջավայր՝ հաշվի առնելով նրանց գործունեության ոլորտի առանձնահատկությունները:Յանա Շախրամանյան Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 83208