Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար այլեւս բավարար չէ միայն տեսական գիտելիքը: Գործատուն ցանկանում է ունենալ աշխատակից, որը կարողանում է այդ գիտելիքը կիրառել գործնականում, ծանոթ է աշխատաշուկայի կարիքներին, տիրապետում է ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Այսպիսի աշխատակից կրթելու համար համալսարան-աշխատաշուկա համագործակցությունն անխուսափելի է, որի դրսեւորման տարբերակներից մեկն աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է: Այս դեպքում ուսանողները դեռ ուսումնառության տարիներին հնարավորություն են ստանում մի քանի ամիս աշխատել իրենց ոլորտի ընկերություններում՝ տեղում ծանոթանալով աշխատաշուկայի պահանջներին, հստակեցնելով մասնագիտական հետաքրքրությունները: Այս նպատակով 2021թ.-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի ուսանողները վարձատրվող պրակտիկա են անցնում ՀՀ բանկերում եւ ապահովագրական ընկերություններում: Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն իրականացվում է Erasmus + ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծով: Հայաստանում նախագծի գործընկերներն են ՀՖՀՀ-ն, Շիրակի պետական համալսարանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ): Banks.am-ի հետ զրույցում ՀՖՀՀ ռեկտորը, համալսարանի ուսանողներն ու ՀԲՄ գործադիր տնօրենը խոսել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավելությունների ու ծրագրի արդյունքների մասին: Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Erasmus + ծրագրի WBL4JOB նախագծի երրորդ եւ վերջին տարին է: Այս նախագծի հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է, այսինքն՝ համալսարանում ուսանողը ստանում է տեսական գիտելիք ու դրան զուգահեռ՝ բավականին վաղ սկսում է աշխատել մասնագիտությամբ: Սալվա Նակուզին Լուսանկարը՝ Մեդիամաքս Նախագծի առաջնային նպատակներից մեկը Հայաստանում երիտասարդների գործազրկության ցուցանիշի վրա ազդելն է, որն այսօր կազմում է 21 տոկոս: Պետք է անկեղծորեն ասեմ՝ նման բարձր ցուցանիշ քիչ երկրներում եմ հանդիպել: Կարծում եմ՝ պատճառը ոչ թե հնարավորությունների բացակայությունն է, այլ համալսարանների ու աշխատաշուկայի համագործակցության պասիվությունը. ուսուցանվող նյութը հաճախ չի համապատասխանում շուկայի կարիքներին: Այս առումով ՀՖՀՀ-ն մշտապես կապ է պահում մասնավոր ընկերությունների հետ, ուսումնական ծրագրեր կազմելիս հաշվի ենք առնում նրանց դիտարկումները: Մեր համալսարանի բոլոր ուսանողներն ունենում են պրակտիկաներ, իսկ ուսուցումը հիմնված է տարատեսակ գործնական նախագծերի իրականացման վրա: Իհարկե, այստեղ նաեւ նրբություն կա. աշխատաշուկային լսելուն զուգահեռ՝ բուհերը չպետք է դառնան դրա ակնթարթային, կարճաժամկետ կարիքներին արձագանքող: Պետք է տարբերակել այն պահանջները, որոնք կարող են երկարաժամկետ արդյունք տալ: Մի բան միանշանակ է՝ բարձրագույն կրթությունն այլեւս չի կարող հիմնվել միայն տեսական գիտելիքի վրա: WBL4JOB նախագիծը լավ հնարավորություն է նաեւ գործատուների համար, քանի որ մասնակցելով ուսանողի կրթությանը, հետեւելով նրա աշխատանքին սեփական ընկերությունում՝ գործատուն հնարավորություն է ստանում անձնակազմը համալրել առավել արդյունավետ ճանապարհով: Անժելիկա Գասպարյան, ՀՖՀՀ ֆինանսների ֆակուլտետի ուսանողWBL4JOB նախագծով 4-ամսյա պրակտիկաս անցել է ԱԿԲԱ բանկում՝ ֆինանսական ռիսկերի բաժնում: Սկզբում առավել կենտրոնացած էինք տեսական գիտելիքների վրա՝ մասնագիտական կարողությունների կատարելագործման համար գրքեր էինք կարդում, կուրսեր անցնում, իսկ պրակտիկայի երկրորդ փուլում ընդգրկված էինք բանկի մի շարք աշխատանքներում: Անժելիկա Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կարծում եմ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումն իսկապես արդյունավետ է, քանի որ այս ընթացքում հասկացանք՝ ինչ ենք սովորում համալսարանում ու ինչի համար: Տեսական ու գործնական մոտեցումները համադրելով՝ որեւէ նոր հմտություն առավել լավ է յուրացվում: Դու սովորում ես ինչ-որ բան ու հետո ինքդ կիրառում այն գործնականում: Իհարկե, այս ծրագրից բացի, Հայաստանում ֆրանսիական համալսարանում կրթությունը մշտապես իրականացվել է տեսական-գործնական համադրությամբ: Պակաս կարեւոր չէ նաեւ, որ բանկում 4 ամիս սովորելով ու աշխատելով՝ կարողացանք հասկանալ՝ մեզ իսկապե՞ս հետաքրքիր է աշխատանքն այս համակարգում: Անձամբ ինձ դուր եկավ ու մեծ հաճույքով կշարունակեի աշխատել հենց բանկային ոլորտում: Տիգրան Զաքարյան, ՀՖՀՀ ֆինանսների ֆակուլտետի ուսանողԵս պրակտիկա եմ անցել Ինեկոբանկում: Ճիշտ է, Ֆրանսիական համալսարանում կրթության ընթացքում բազմաթիվ պրակտիկաներ ենք ունենում, բայց այս մեկը տարբերվում էր, քանի որ իրականացվում էր նոր՝ դուալ կրթական մոտեցմամբ: Այսինքն՝ մենք սովորում էինք աշխատավայրում: Այս նախագծում ընդգրկված էր վեց բանկ ու մեկ ապահովագրական ընկերություն, եւ ինքներս կարող էինք ընտրել՝ այս կազմակերպություններից որն է մեզ առավել հոգեհարազատ ու պրակտիկա անցնել հենց այդտեղ: Տիգրան Զաքարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինեկոբանկն ինձ գրավեց, քանի որ պրակտիկայի առաջին ամսում մենք հնարավորություն ունեցանք մասնակցել բանկի տարբեր բաժինների աշխատանքին, հասկանալ՝ դրանք ինչով են զբաղվում ու հետո ընտրել մեզ առավել հետաքրքրած բաժինը: Ստացվում է՝ ես հնարավորություն ունեցա կարճ ժամանակում ներսից ծանոթանալ բանկի միանգամից 6 բաժնի աշխատանքին: Արդյունքում ինձ շատ հետաքրքրեց պրոցեսինգի բաժինը, որտեղ էլ անցկացրի պրակտիկայիս հիմնական մասը: Մինչ այս նույնիսկ չգիտեի, որ բանկում պրոցեսինգային կենտրոն կա: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման առաջնային նպատակներից մեկն էլ հենց նոր ուղղությունների բացահայտումն է: Ինեկոբանկում պրակտիկա անցած յոթ ուսանողներից երկուսին, այդ թվում՝ ինձ, դեռ մինչեւ պրակտիկայի ավարտն աշխատանքի առաջարկ արվեց, ու այսօր մենք այս բանկի աշխատակիցներ ենք: Առանձնահատուկ պետք է ընդգծեմ բանկի աշխատակիցների պատրաստակամությունը՝ սովորեցնելու, փորձով կիսվելու ու ամեն հարցում աջակցելու: Կարծում եմ՝ հենց այս մոտեցմամբ Ինեկոբանկը կկարողանա իր համար պատրաստել պրոֆեսիոնալ ու զարգացած նոր կադրեր: Եվա Ավալյանց, ՀՖՀՀ ֆինանսների ֆակուլտետի ուսանողWBL4JOB նախագծով պրակտիկա եմ անցել Ամերիաբանկում եւ ստանալով աշխատանքի առաջարկ՝ այսօր այս բանկի աշխատակից եմ: Ըստ իս՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը շատ է օգնում ոչ միայն գործնական հմտությունների առումով, այլեւ՝ տեսական գիտելիքի: Եղել են համալսարանական քննություններ, որոնց պատրաստվելիս շատ հարցերի պատասխաններ հենց բանկում ենք գտել: Եվա Ավալյանցը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս մոտեցումը կարեւոր է նաեւ զբաղվածության ու աշխատաշուկայում տեղդ գտնելու տեսանկյունից: Նախ՝ բանկային ոլորտում աշխատանքի փորձ ունենալը շատ լավ է, երկրորդ՝ սա հնարավորություն է հասկանալու, թե ինչով ենք ցանկանում զբաղվել հետագայում: Երբ պրակտիկան նոր էր սկսվում, բանկային բաժինների անունները մեզ քիչ բան էին ասում, իսկ այսօր արդեն ներսից ծանոթ ենք դրանց աշխատանքին, հետեւաբար ավելի հեշտ կարող ենք ընտրել մեզ առավել հետաքրքիր ուղղությունը: Սեյրան Սարգսյան, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Այսօր, առավել քան երբեւէ, անհրաժեշտ են լուծումներ, որոնք հավասարակշռում են տեսական ու գործնական գիտելիքը: Աշխատանքի վրա հիմնված ուսուցման այս նախագիծը նման լուծման շատ լավ օրինակ է: Ակադեմիական ուսումնառությանը զուգահեռ՝ ուսանողը հնարավորություն է ստանում ձեռք բերել աշխատանքային բազմաթիվ հմտություններ, որոնք նպաստում են նրա կայացմանը՝ որպես մասնագետ: Սեյրան Սարգսյանը Լուսանկարը՝ ՀԲՄ Ծրագիրը պակաս կարեւոր չէ նաեւ բանկերի տեսանկյունից: Այս դեպքում բանկը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցություն ունենալ իր ապագա կադրերի պատրաստմանն ու արդյունքում ստանում այն մասնագետին, որի կարիքն ունի: Նախագծի արդյունքները ցույց են տալիս՝ ուսանողներից շատերն արդեն իսկ աշխատում են բանկերում, որտեղ անցկացվել է նրանց պրակտիկան: Որոշ ուսանողների հետ էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նրանց աշխատանքի կընդունեն ուսումնական տարվա ավարտից անմիջապես հետո: Սա նշանակում է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունքում ուսանողները դառնում են որակյալ մասնագետներ, որոնք կարող են աշխատել առաջատար ֆինանսական կառույցներում: Նշենք, որ Erasmus+ ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծի արդյունքում ՀՖՀՀ հինգ ուսանողի առաջարկվել է հիմնական աշխատանք գործընկեր բանկերում: Յանա ՇախրամանյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 22901