«Նաիրի Ինշուրանս»-ը ստացել է «Moody's»-ի B1 վարկանիշ․ ի՞նչ է դա նշանակում

12.03.2023 | 21:50 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Տարեսկզբին «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին միջազգային հեղինակավոր «Moody's» վարկանշակյին գործակալությունը շնորհեց B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով։ «Նաիրի Ինշուրանս»-ը «Moody's»-ի վարկանիշ ստացած առաջին ապահովագրական ընկերությունն է Հայաստանում։

Ի՞նչ է նշանակում այս վարկանիշը, ի՞նչ է այն տալիս «Նաիրի Ինշուրանս»-ի գործընկերներին եւ հաճախորդներին, ի՞նչ է նշանակում ընկերության համար միջազգային ստանդարտներին համապատասխանելը․ այս եւ այլ հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է «Նաիրի Ինշուրանս»-ի ներքին աուդիտի ղեկավար Արփի Օսկանյանի հետ։

- Վարկանշավորման գործընթացը «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը մեկնարկել էր դեռեւս նախորդ տարվանից։ Խնդրում եմ մանրամասնեք՝ ինչ է այն ենթադրում։

- Ընդհանրապես, վարկանիշ ստանալու համար ընկերությունը անցել է մի քանի փուլով։ Իհարկե, առաջին հերթին սա բարձրագույն ղեկավարության որոշումն է։ Այն կայացնելուց հետո հետո ընկերությունը հարցի շուրջ հաղորդակցվում է վարկանշող ընկերության հետ, ապա սկսվում է համաձայնեցման, պայմանագրերի ստորագրման փուլը։ Սովորաբար այն տեւում է 4-5 ամիս։ Պայմանագրերի ստորագրման փուլի ավարտից հետո սկսվում է բուն՝ վարկանշավորման գործընթացը։ Սա արդեն հիմնական փուլն է, որը պետք է իրականացնի ընկերության գործադիր մարմինը։ Այստեղ մենք ծախսել ենք մոտ 4 ամիս։ Արագությունը, որով կարողացանք ստանալ վարկանիշը, պայմանավորված էր նրանով, որ ընկերությունը տիրապետում էր եւ ձեռքի տակ ուներ ամբողջ անհրաժեշտ ֆինանսական տեղեկատվությունը։ Մենք ժամանակ չենք ծախսել որեւէ տվյալ հավաքագրելու համար, այլ պարզապես ըստ պահանջի տրամադրում էինք այն։ Ունեցանք մի քանի հանդիպումներ, ամենաինտենսիվ աշխատանքը տեղեկատվության տրամադրման հետ մեկտեղ տեւեց մոտ 1 ամիս, եւ շատ արագ ստացանք վարկանշման մասին որոշումը։

Ամփոփելով՝ գործընթացի երկարությունը պայմանավորված է բացարձակապես նրանով, թե ինչքանով եք դուք պատրաստ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։ «Նաիրի Ինշուրանս»-ը կարողացավ բավականին արագ արձագանքել բոլոր հարցերին եւ շատ հեշտ լուծել խնդիրները, որոնք կային։

- Այնքան էլ հեշտ չէ առաջին փորձից «Moody's»-ի կողմից ստանալ վարկանիշ, այն էլ բավական լավ արդյունքով։ Ինչպե՞ս է դա հաջողվել «Նաիրի Ինշուրանս»-ին։

- «Նաիրի Ինշուրանս»-ը ստացել է վարկունակության B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով, ինչը ընկերության համար լավ ցուցանիշ է։ Ամբողջ «գաղտնիքը» նրանում է, որ մենք հանդիսանում ենք շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը, եւ բացի դա, ունենք երկարամյա պատմություն։ Այսինքն՝ ընկերությունը չի առնչվել այն խնդրի հետ, երբ պետք է տրամադրել տեղեկատվություն, որը չունես, եւ չունես ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ որովհետեւ չունես հետագիծ։ Մենք ունենք շուկայում կայուն դիրք, շահութաբերության բարձր ցուցանիշներ եւ այլն։ Մեր կողմից ներկայացվել է սեղեկատվություն վերջին 4-5 տարիների համար եւ նույնիսկ ավելին։ Կարծում եմ․ նաեւ դրանով էր պայմանավորված բավականին լավ վարկանիշ ստանալը։

Իհարկե, մեր նպատակն է բարելավել մեր վարկանիշը, եւ հույս ունենք, որ հաջորդ տարի դա իրականություն կդառնա։

Արփի Օսկանյանը


Կարեւոր է նաեւ նշել, որ վարկանիշները չեն տրամադրվում՝ բացառապես ընկերության ֆինանսական վիճակը, կայունությունը եւ ռիսկերը գնահատելով։ Դա որոշակի «երաշխիք» է եւ այն շնորհվում է հաշվի առնելով թե՛ պետության, թե՛ տարածաշրջանային եւ թե՛ ընկերության ռիսկերը գնահատելու արդյունքում։

- Ինչու՞ է ընկերության համար կարեւոր այս վարկանիշը, ինչպե՞ս է B1 վարկանիշն ընկալվում գործընկերների կողմից։

- Բոլորին հայտնի է, որ ապահովագրական ընկերությունները, որպես ֆինանսական շուկայի մասնակիցներ, վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։ Մենք աշխատում ենք ներպետական օրենսդրական հենքի վրա եւ վերահսկողության շրջանակում։ «Moody’s» վարկանիշը մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ բացի ներպետական իրավական ակտերին համապատասխանելուց եւ ներպետական մարմինների գնահատականից, կա անկախ մարմին, որը բիզնեսի միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատել է մեր աշխատանքը։ Մեր կարծիքով, սա շատ կարեւոր է, մասնավորապես, արտերկրյա համագործակցության համար։

Գործընկերների հետ աշխատանքում այս վարկանիշը տալիս է ամենակարեւորը՝ վստահություն ֆինանսական կայունության եւ ֆինանսավոման աղբյուրների մեջ․ դրանք թափանցիկ են, բաց են, հայտարարագրված են, եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է համագործակցության համար։

Մենք վաստահ ենք, որ վարկանիշը կարեւոր է նաեւ Հայաստանի տնտեսության համար, քանի որ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը ներառված է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում։
 
- Իսկ ի՞նչ է տալիս այս վարկանիշը հաճախորդներին։

- Սա ապացուցում է մեր հաճախորդների, որ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը վարկունակ է, վճարունակ է, կառավարվան ամուր հիմքեր ունի եւ աշխատում է միջազգային ստանդարտներին համապատասխան։ Մենք վստահ ենք, որ այս վարկանիշը բարձրացնում է վստահությունը հաճախորդների եւ «Նաիրի Ինշուրանս»-ի միջեւ՝ որպես ֆինանսական կառույցի։

- Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում «Նաիրի Ինշուրանս»-ը ձեռքբերված վարկանիշը պահպանելու եւ բարելավելու համար։

- Բնականաբար, արդեն սկսել ենք մեր աշխատանքների հաջորդ փուլը։ «Moody’s»-ն ընկերությանը գնահատում է՝ կապված կառավարման տարբեր մակարդակների, ֆինանսական ցուցանիշների հետ եւ այլն։ Մենք ինտենսիվ աշխատում ենք «Moody’s»-ի մեր գործընկերների հետ, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ պետք է շարժվենք եւ ինչ լրացուցիչ միջոցառումներ պետք է ձեռնարկենք վարկանիշը բարելավվելու համար։

Արփի Օսկանյանը


Առհասարակ, «Moody’s»-ի B1 վարկանիշը մի կողմից հնարավորություն է տալիս ասելու, որ մենք ունենք կայուն ֆինանսավորում, շահութաբերություն, ֆինանսական լավ ցուցանիշներ։ Միեւնույն ժամանակ, ցանկացած վարկանշում ընկերությանը եւս մեկ անգամ ցույց է տալիս կառավարման եւ ռիսկերի գնահատման համակարգերի բարելավման հնարավորությունները։ Կարծում եմ, որ ընկերության ղեկավարության համար, թերեւս, սա է ամենակարեւորը։ Մենք չենք ուզում կանգնել ինչ-որ մակարդակի վրա։ Ընկերությունն ունի դիրքորոշում բարելավելու իր վարկանիշը, ինչը նշանակում է, որ մենք աշխատելու ենք մեզ մատնանշված բոլոր ռիսկերի ու առաջարկված բարելավումների ուղղությամբ։

- «Նաիրի Ինշուրանսը» նաեւ սերտիֆիկացված է ISO որակավորմամբ։ Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից իրականացված աուդիտի արդյունքով որակավորվել եք սպասարկման որակի 9001 եւ տեղեկատվական անվտանգության 27001 սերտիֆիկատներով։ Ի՞նչ են փաստում այս սերտիֆիկատներն ընկերության աշխատանքի մասին։

- Վստահ եմ, որ մեր հաճախորդները զգում են այդ ստանդարտների ազդեցությունն ընկերության վրա։ Աշխատել միջազգային ստանդարտների շրջանակում՝ նշանակում է անցնել մտածողության բոլորովին նոր մակարդակի։ «Նաիրի Ինշուրանս»-ը երբեք նպատակ չի ունեցել պարզապես սերտիֆիկատ ունենալ։ Մեր առջեւ դրվել է խնդիր՝ համապատասխանել սերտիֆիկատին, եւ բոլոր աուդիտները, որոնք մենք անցնում ենք, ապացուցում են դա։

ISO ստանդարտները պարբերաբար լրամշակվում եւ թարմացվում են, եւ ընկերության հաջորդ քայլն այդ նորացված ստանդարտներին համապատասխանելն է։

Մենք վստահ ենք, որ մեր գործընկերները՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք մեր հիմնական հարստությունն են, իսկ ISO 9001 սերտիֆիկատը օգնում է մեզ սպասարկել իրենց որակի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Տնտեսական արդյունքի տեսակետից հաճախորդների որակյալ սպասարկումը հանգեցնում է ֆինանսական կայունության, ֆինանսական անվտանգության եւ տնտեսական գործունեության շարունակականության։

ISO 27001 սերտիֆիկատը փաստում է ընկերության տեղեկատվական անվտանգության համակարգերի միջազգային ստանդարտներին համապատասխանությունը, որը եւս ամեն տարի հաստատվում է համապատասխան աուդիտով։  

Այս սերտիֆիկատը նշանակում է, որ մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր հաճախորդների գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար։ Այս ստանդարտին համապատասխանությունը հաստատում է նաեւ մեր կարգախոսներից մեկը՝ մեզ հետ ապահով է։ Ընկերությունը կառավարում է տեղեկատվական հոսքերը տեղեկատվական ակտիվների խմբավորման եւ դասակարգման միջոցով։ «Նաիրի Ինշուրանսը», լինելով ապահովագրական ընկերություն, որի պորտֆելում շատ մեծ մաս է կազմում բժշկական ապահովագրությունը, գիտակցում է որ գործ ունի ամենազգայուն թեմաներից մեկի՝ անձի առողջության հետ։ Սա մեծ պատասխանատվություն է։

Արփի Օսկանյանը


Տեղեկատվական անվտանգության տեսանկյունից մենք աշխատում ենք երկու ուղղությամբ. ներքին՝ կորպորատիվ մշակույթի զարգացում, քանի որ այնուամենայնիվ, Հայասատանն այնպիսի երկիր է, որտեղ քեզ կարող են գաղտնի տեղեկատվություն ասել «ասեմ, բայց մեր մեջ մնա» մոտեցումով եւ արտաքին՝ համագործակցող ընկերությունների հետ աշխատանք՝ գաղտնիության վերաբերյալ պայմանագրային հստակ դրույթներ մշակելով եւ միջգործընկերային հարաբերությունները ամրապնդելով։ Եվ կրկին՝ համապատասխանել միջազգային ստանդարտներին առաջին հերթին նշանակում է փոխել մտածողությունը։ Դա չանելու դեպքում պարզապես կունենաս պատին ամրացված թղթի կտոր։

Շուկայում մեր դիրքերի բարելավումը, ընկերության պորտֆելի աճը, հաճախորդների գոհունակությունը փաստում են, որ ընկերությունը շարժվում է շարունակական զարգացման ուղղությամբ։

Արփի Օսկանյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Դիտում՝ 17653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai