Voosh craft․ Էսթետիկ բիզնեսն ու էներգետիկ կտորից իրերը

22.01.2022 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
«Աշխարհի ամենահին եւ երկարակյաց» գործվածքներից մեկը՝ վուշը, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի կարի փոքրիկ արտադրամասում դառնում է տնային հագուստ, սփռոց, սրբիչ ու անձեռոցիկ։ Voosh_craft-ը ընտանեկան «էսթետիկ» բիզնես է, որի հիմնադիրները Նաիրա Բալյանն ու իր աղջիկն են՝ Լիլիթ Օհանյանը։ Ֆինանսական հարցերով զբաղվում է աղջիկը, ստեղծագործականով՝ մայրը։

Հիմնադիրները Banks.am-ին հետ զրույցում պատմել են, որ Voosh craft-ը բնության հետ ներդաշնակ բիզնես է։ Աշխատելիս ուշադրություն են դարձնում կատարյալ կարերին, որպեսզի մի քանի լվացքից դրանք չքանդվեն։ Ասում են՝ ճիշտ խնամքի դեպքում բնական վուշից իրերը երկար կծառայեն։

Դժվար ժամանակների ծնունդը

Նաիրա. Voosh craft-ը ստեղծվեց 2020 թվականի ամենադժվար ու ամենաբարդ շրջանում։ Տարիներ առաջ ապրում էի Դպրաբակում, հետո տեղափոխվեցի Ճամբարակ, ապա՝ Մոսկվա, վերջին երկու տարին ե՛ւ գյուղում եմ, ե՛ւ Երեւանում։ Երկար ժամանակ որեւէ տեղ չէի աշխատում եւ շատ ազատ ժամանակ ունեի, հետո որոշեցի ինքս իմ համար հագուստ կարել։ Տարբեր էջեր էի նայում համացանցում, պատահաբար վուշ կտորը հանդիպեց, շատ հավանեցի, սկսեցի ավելի ակտիվ ուսումնասիրել ու բիզնեսի գաղափարն առաջացավ, որի մասին պատմեցի Լիլիթին։

Նաիրա Բալյանը


Մայրս դերձակ է եղել, տանը կարի մեքենա ունեինք, շուրջ քսան տարի առաջ, երբ դեռ ինքնուս էի, ինքս ինձ համար հագուստ էի կարում: Հավանաբար, սա է պատճառը, որ երբ որոշեցի կարուձեւի հմտություններս զարգացնել ու դիմեցի մեր գյուղում բնակվող մի կնոջ, առանձնապես չդժվարացա։

Լիլիթ. Սպասարկման ոլորտի մասնագետ եմ, բայց հինգ տարվա ընթացքում հասցրել եմ սովորել լուսանկարչություն, հաշվապահություն, սոցիալական մեդիա մարքեթինգ, բիզնես պլանավորում եւ կառավարում, բայց այդպես էլ նեղ ուղղվածության մասնագետ չեմ դարձել, հիմա այդ բոլոր գիտելիքներն օգտագործում եմ Voosh craft-ի զարգացման համար։
 
Դպրաբակում մշտական բնակվում եմ 2016-ից, մինչ այդ Երեւանում էի, ուսանող էի։ Գյուղ գալու նպատակը զարգացման ծրագրեր անելն է։ Մինչ այս զբաղվել եմ համայնքային զարգացմամբ, մոտ երկու տարի երեխաներին ուղղված ծրագրեր եմ արել։ Ինձ շատ գրավում էր բիզնես ոլորտը ու երբ մայրս գաղափարը ներկայացրեց, շատ հավանեցի, անմիջապես միացա նրան։

Լիլիթ Օհանյանը


Շատ փոքր գումարով պատվիրեցինք առաջին կտորները։ 2020 թվականի օգոստոսին ստեղծեցինք Voosh craft-ի էջերը սոցցանցերում։ Այդ ընթացքում մասնակցում էի ՀԲԸՄ «Բարեփոխիր համայնքը» ծրագրին, ներկայացրել էի գաղափարը, որի նպատակը, ի սկզբանե, համայնքում, գյուղում կարի արտադրամաս ունենալն էր ու կանանց աշխատանքով ապահովելը, նրանց համար զարգացման նոր մասնագիտություն ձեռք բերելն ու սովորելու հարթակ ձեւավորելը։ Հենց դեկտեմբերին իմացանք, որ հաղթող շահառուներից մեկն եմ եւ ֆինանսավորում ստացանք ծրագիրը զարգացնելու համար։

Էներգետիկ վուշը եւ մերժված պատվերները

Լիլիթ. Առաջին կտորները պատվիրելիս փորձ չունեինք, կարելի է ասել՝ ռիսկի էինք գնացել։ Համավարակով պայմանավորված՝ սահմանները փակ էին եւ ուշացումներ ունեցանք։ Դեկտեմբերին, երբ առաջին վաճառքներն էինք ունենում, ստիպված էինք բազմաթիվ պատվերներ մերժել, որովհետեւ հումքի խնդիր կար։ Արդեն հույս չունեինք, որ կստանանք, բայց փոստից պատահաբար տեղեկացրեցին, որ կարող ենք վերցնել պատվերը, մեծ ուրախություն էր մեզ համար։



Նաիրա. Սկզբում կարում էի սփռոցներ, անձեռոցիկներ, սրբիչներ ու գոգնոցներ։ Շուրջ երկու-երեք ամիս է, ինչ նաեւ հագուստ ենք կարում, բայց դժվարություններ են առաջանում։ Հագուստի պահանջարկը դեռ չենք կարողանում բավարարել։ Մտածում ենք՝ որոշ ժամանակ դադար տալ հագուստի արտադրությունը, ավելի լավ, կազմակերպված, պլանավորած աշխատանքը վերսկսելու համար։ Իհարկե, դաժան է, երբ մերժում ես պատվերը, բայց հիմա, երբեմն, ստիպված ենք լինում անգամ գովազդներն անջատել համացանցում։



Բոլոր ապրանքները կարվում են բարձրորակ վերամշակված վուշից, որը հակաբակտերիալ է, անտիստատիկ (չմագնիսացող), հարմարավետ։ Պատվերները պատրաստ են լինում 7-10 օրվա ընթացքում, մինչ այդ պատվիրատուի հետ քննարկում ենք բոլոր մանրուքները։



Մեզ համար վուշով աշխատելն ու որակյալ իրեր պատրաստելը սկզբունքային է։ Անընդհատ փորձում ենք պատմել այդ կտորի բնական եւ օգտակար լինելու մասին, ուզում ենք, որ մարդիկ կարեւորեն իրենց առողջությունը։ Վուշը էներգետիկ կտոր է։ Այն ամենը, ինչ ներկայացնում ենք էջում վուշի մասին, իրականություն է։ Վուշի մասին տեղեկություն չունեցող մարդիկ հենց առաջին անգամ փորձելուց հետո դրական տպավորություն են ունենում։



Ընթացքում նաեւ մտածել ենք այլ կտորներով աշխատելու մասին, բայց, ամեն դեպքում, եթե նույնիսկ այլ տեսականի ունենանք, ապա վուշը կլինի առաջին տեղում եւ կաշխատենք միայն բնական կտորներով։

Երազներ վուշի մասին

Նաիրա. Կարելի է ասել, որ աշխատում ենք 24/7 գրաֆիկով: Եթե ցերեկը ժամանակ ենք ծախսում կարելու վրա, ապա երեկոյան աշխատում ենք սոցցանցի էջերի վրա։ Երբեմն, անգամ որոշ գաղափարներ երազում եմ տեսնում։ Անընդհատ գործի մասին եմ մտածում։ Հետաքրքիր մի պատմություն կա. երբ նոր էինք սկսել աշխատանքները, մի գոգնոց կար, որ ուզում էի կարել, բայց չգիտեի՝ ինչպես: Մի օր վաղ առավոտյան արթնացա, գնացի արտադրամաս ու միանգամից կարողացա կարել, կարծում եմ՝  երազում էի տեսել։
 



Սկզբում ուսուցողական շատ տեսահոլովակներ էի նայում։ Հումք գրեթե չեմ փչացրել, ամեն ինչ առաջին անգամից ստացվել է։ Անկեղծ ասած՝ շուտ եմ սովորում, չափելիս ու կտրելիս շատ ուշադիր եմ։ Նախապես միշտ հաշվարկում եմ, թե կտորի մի լայնքից որքան արտադրանք կստացվի, որ ավելորդ կտորներ չմնան, աշխատում եմ, որ թափոններ շատ չլինեն։ Վուշն էլ այնպիսի կտոր է, որ չափն անում ես, մի թել հանում կտորից ու հեշտությամբ կտրում եւ ոչ մի թեք գիծ չի կարող լինել։



Վուշը ոչ միայն անվնաս եւ օգտակար է մարդկանց համար, այլեւ մոլորակի։ Վուշից իրերը շատ երկար են ծառայում, իսկ երբ արդեն ենթակա չեն օգտագործման, հողի մեջ ամբողջությամբ քայքայվում են 2-3 տարվա ընթացքում։



Սիրով եմ իմ աշխատանքն անում ու հաճախ, երբ պատվերը պատրաստ է լինում, ուզում եմ նույնից ունենալ, երբեմն ասում եմ, որ ուզում եմ բոլոր իրերը պահել (ծիծաղում է- հեղ․), բայց, իրականում, ամեն պատվերից հետո եղած դրական արձագանքից մեծ էներգիա եմ ստանում։

«Վուշ»-ը բիզնես չէ

Նաիրա. Վուշ սիրող մարդիկ տարբերվող են, կարելի է ասել՝ ուրիշ կտորներ չեն սիրում, ինչպես որ ես, որովհետեւ այն պահից, երբ բացահայտեցի վուշը, այլ կտորների ուշադրություն չեմ դարձնում։ Խանութներում էլ առաջինը այդ կտորից պատրաստված ապրանքներն եմ նկատում։



Voosh craft-ն ինձ համար բիզնես չէ, այն հիմնելիս ավելի շատ մտածում էի գեղեցիկ, էսթետիկ գործի, ոչ թե բիզնես անելու մասին։ Ֆինանսական հարցերով Լիլիթն է զբաղվում, ես չեմ մտածում գումար վաստակելու մասին, ստեղծելն է շատ հետաքրքիր։

Լիլիթ. Ես ավելի պրակտիկ ու չոր մարդ եմ, հաշվարկներն ինձ համար կատարյալ են ու հաճախ չեմ ուզում խառնվել մայրիկի գործերին, որ ներդաշնակությունը չխախտվի։ Մայրիկն ամեն ինչ զգալով է անում, աչքն այնքան է սովորեցրել գեղեցկությանը, որ հեշտությամբ կարողանում է ստեղծել նման իրեր։

Այնպես է ստացվել, որ այժմ եկամուտ չենք ստանում։ Վաստակած ամբողջ գումարը ներդնում ենք աշխատանքի զարգացման, ընդլայնման մեջ։



Մեր վաճառքներն ամեն ամիս աճում են, մենք չենք սիրում հաճախորդ, գնորդ տերմինները, բայց նաեւ դեռ լավ բառ չենք գտել բնութագրելու, բայց նրանք լավ մարդիկ են, գնահատում են մեր աշխատանքն ու նրանց շնորհիվ ենք աճում, զարգանում։

Ազատվել սահմաններից

Լիլիթ. Մարզում բիզնես կազմակերպելն այնքան էլ բարդ չէ, հատկապես հիմա, երբ սահմանների ու հեռավորության հարցն ավելի հեշտ է լուծվում։ Սահմանափակումներն ավելի հաճախ մարդկանց ուղեղում են լինում։ Շատերն արդեն ազատվել են այն մտքից, թե՝ մարզում կամ գյուղում հնարավոր չէ բիզնես անել։



Մեր դեպքում, Երեւանից այնքան էլ հեռու չենք, պատվերները հեշտությամբ ուղարկում ենք փոստի միջոցով, եթե կարիք է լինում Երեւան տանել, կրկին կարողանում ենք արագ կազմակերպել։ Մյուս կողմից, Երեւանում, հավանաբար, ավելի հեշտ կլիներ կարող մասնագետներ գտնել ու ավելի արագ ընդլայնվել, բայց գյուղում աշխատելը շատ ավելի դրական կողմեր ունի, քան քաղաքում, ուր մրցակցությունը մեծ է, ծախսերն էլ՝ ավելի շատ։



Առայժմ հիմնական ծանրաբեռնվածությունը երկուսիս վրա է, չնայած ընտանիքի մյուս անդամներն էլ են օգնում։ Այս պահին իրերը մայրիկն է կարում, բայց, կախված պահնաջարկից, օգնականներ լինում են, օրինակ՝ Ամանորի վաճառքի պիկերի ժամանակ։

Այս պահին գլխավորը սեփական արտադրամասն ունենալն է՝ հատկապես գյուղում։ Առաջին փոքր ներդրումներն արված են, հետագա աշխատանքներն արդեն կապված են կադրերի պատրաստման հետ, նաեւ արտահանման մասին ենք մտածում, մի քանի հարթակներում ներկայանալու, թիմը մեծացնելու ուղղությամբ ենք աշխատում։

Անի Խչոյան
Դիտում՝ 25531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW