«Ագրոլիզինգ» ԼՎԿ ՍՊԸ խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն Արամ Մխիթարյանի հարցազրույցը Banks.am-ին- Պարոն Մխիթարյան, այս տարի լրացավ «Ագրոլիզինգ»-ի 20-ամյակը, խնդրում եմ հակիրճ ներկայացրեք ընկերության անցած ուղին: - «Ագրոլիզինգ»-ը գյուղատնտեսական ոլորտում ֆինանսավորում իրականացնող առաջին լիզինգային վարկային կազմակերպություններից է, որն ունի ոլորտում ֆինանսավորված ծրագրերի մեծ փորձ: Ստեղծման եւ կայացման սկզբնական տարիներին ընկերությունը հիմնականում իրականացրել է ԱՄՆ Գյուղատնտեսական Դեպարտամենտի կողմից իրականացվող լիզինգի ծրագիրը, որի շրջանակում մի շարք սկսնակ սննդի վերամշակողների տրվել է տեխնիկական աջակցություն, մատչելի ֆինանսավորում եւ դրամաշնորհներ, ու այդ տնտեսավարողները ներկայումս ոլորտի առաջատարներ են: Ընկերության առաքելությունն է մատչելի ֆինանսական ծառայություններ մատուցել հատկապես գյուղական համայնքներում բնակվող ֆերմերներին եւ վերամշակող ձեռնարկություններին՝ ապահովելով վերջիններիս բարձրորակ ծառայություններով եւ սպասարկմամբ: Ընկերությունը տարբեր պետական եւ միջազգային ծրագրերով առաջարկում է բազմազան ֆինանսական ծառայություններ տվյալ հաճախորդների համար: Այո, իրավացի եք, այս տարի լրացավ ընկերության գործունեության 20 տարին եւ, ամփոփելով անցած ուղին, տեսնում ենք, որ կարողացել ենք ամբողջությամբ հասնել մեր նախորդ տարիներին նախանշված նպատակներին: Մենք նախընտրել ենք ոչ թե ստանդարտ ֆինանսավորում, այլ տարբեր ասպեկտներով խորը վերլուծության արդյունքում ֆինանսավորել ենք մեծ ներուժ ունեցող յուրահատուկ ծրագրեր, տարբեր ոլորտներում սկսնակ բիզնեսներին մատուցել ենք գրագետ եւ մատչելի ֆինանսական ծառայություններ, իրականացրել ենք լրիվ նոր ուղղությունների ֆինանսավորում, ինչպիսիք են դեռ տարիներ առաջ առաջին մոցառելլա պանրի արտադրությունը, առաջին սպանդանոցը եւ շատ այլ նախագծեր:- Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում նոր մարտահրավերներ են ի հատ գալիս՝ բերելով նոր լուծումներ ներդնելու անհրաժեշտություն: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել դիմակայել այդ մարտահրավերներին: - 2017 թվականին «Ագրոլիզինգ»-ը ռեբրենդինգի է ենթարկվել՝ ամբողջությամբ փոխելով ինչպես ընկերության ներկայանալի մասը՝ լոգոն, ինտերնետային կայքը, գովազդային նյութերի դիզայնը, այնպես էլ ներքին կառուցվածքը եւ գործընթացները, ծառայությունները, վերանայվել է առաքելությունը, նպատակն ու խնդիրները, կազմվել ժամանակակից տնտեսական կարիքներին եւ մարտահրավերներին համապատասխան ռազմավարական պլան:Վերջին հինգ տարիներին ընկերությունն արձանագրել է միջինում տարեկան 50% վարկային պորտֆելի եւ այլ ֆինանսական ցուցանիշների աճ, ամեն տարի ներկայացել է հաճախորդներին նոր ֆինանսական ծառայություններով, շուկա է մուտք գործել ծառայությունների նոր որակի անհատականացված մոտեցմամբ: Դրանցից մի մասի արդյունքը եկել է այն բանից հետո, երբ ես 2019 թվականին ավարտելով Մեծ Բրիտանիայի հեղինակավոր Շեֆիլդի համալսարանի MBA մագիստրատուրան, մի շարք նորարարական գաղափարներ բացահայտեցի եւ սկսեցի ներդնել ընկերությունում: «Ագրոլիզինգ»-ում վարկավորման գործընթացի, որոշումների կայացման եւ այլ պրոցեսներ ավտոմատացվեցին, ինչի արդյունքում արդյունավետությունը բարձրացավ եւ հնարավորություն ստեղծվեց ավելի շատ ժամանակ հատկացնել հաճախորդին՝ մաքսիմալ դուրս բերելու վերջինիս պահանջմունքները եւ սեղմ ժամկետներում բավարարելու դրանք: Լուսանկարը՝ «Ագրոլիզինգ» - Իսկ ինչո՞վ է առանձնանում «Ագրոլիզինգ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում:- «Ագրոլիզինգ»-ը սոցիալական ուղղվածությամբ ֆինանսական կազմակերպություն է, եւ հիմնական ֆինանսական պրոդուկտները մատուցվում են ցածր տոկոսադրույքներով: Ընկերությունն իր հիմնական հաճախորդների խմբին՝ գյուղատնտեսներին եւ սննդամթերքի վերամշակողներին առաջարկում է լայն շրջանակների ֆինանսական լուծումներ, մասնավորապես հինգ տարբեր ծրագրերով գյուղատնտեսական վարկեր՝ ամենամատչելին սկսած ՀՀ դրամով 0% տարեկան տոկոսադրույքով պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում: Մեկ այլ միջազգային ծրագրով որոշ մարզերում այգեգործությամբ, մեղվաբուծությամբ կամ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող անհատներին տրամադրում է նաեւ մինչեւ 25% դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորում: Առկա են նաեւ միջազգային ծրագրերով գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորման վարկատեսակներ, որոնց տարեկան տոկոսադրույքը տատանվում է 8-12% շրջանակում ՝ ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով: «Ագրոլիզինգ»-ն այն եզակի ֆինանսական կազմակերպություններից է, որն առաջարկում է միեւնույն ժամանակ տարատեսակ գյուղատնտեսական պրոդուկտներ, որոնք ՀՀ ֆինանսական շուկայում տվյալ ոլորտի ֆինանսավորման լավագույն առաջարկներից են եւ ուղղված են հաճախորդների կարիքների բավարարմանն ու ներկայումս մեծ կարեւորություն ներկայացնող գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Ընկերությունն առանձնանում է նաեւ ոչ ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցելու փորձով, այն է, օրինակ, արժեշղթաների ստեղծման միջոցով սիներգիաների ապահովումը ընկերության հաճախորդների միջեւ, ինչպես նաեւ ընկերության հաճախորդների եւ այլ մատակարար կամ գործընկեր կազմակերպությունների միջեւ:- Ո՞րն է ընկերության հաջողության գրավականը:- Մեզ համար յուրաքանչյուր հաճախորդ կարեւոր է՝ անկախ վերջինիս ֆինանսավորման կարիքներից եւ չափերից: Ունենալով փոքր, սակայն պրոֆեսիոնալ թիմ՝ մենք ունենք ինչպես գյուղատնտեսական եւ բիզնես նախագծերի գնահատման մասնագետ, այնպես էլ էներգաարդյունավետ վարկերի մասնագետ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել հաճախորդների պահանջմունքները եւ առաջարկել համապատասխան ֆինանսական լուծումներ: Եթե կարիք կա հաճախորդին ուղղորդելու ինչպես ֆինանսական ծառայության, այնպես էլ բիզնեսի կազմակերպման հարցերում, մենք իրականացնում ենք համապատասխան խորհրդատվություն եւ աջակցում հաճախորդին մաքսիմալ լավ արդյունք ունենալու հարցում: Մենք առաջնորդվում ենք հաճախորդի հաջողությունը՝ մեր հաջողությունն է սկզբունքով: Ինքս լինելով պրոֆեսիոնալ խորհրդատու եւ ունենալով տվյալ ոլորտում աշխատանքային փորձ ինչպես առաջատար բանկային կառույցներում, այնպես էլ ՀՀ Կառավարությունում, նույնպես ջանք չեմ խնայում հաճախորդներին բարձրորակ խորհրդատվություն մատուցելու համար: Նշեմ նաեւ, որ փոքր թիմի մեկ այլ առավելություն է ճկունությունը եւ խնդիրներին արձանագրելու արագությունը: Ճիշտ է, փոքր թիմ ունենալն առաջ է բերում նաեւ մի շարք դժվարություններ, սակայն մենք օգտագործում ենք այն որպես առավելություն: Ի դեպ, այս տարի մենք համալրվել ենք երկու նոր աշխատակիցներով եւ այժմ ունենք 11 հոգուց բաղկացած անձնակազմ:- Ի՞նչ նոր ծրագրեր եք իրականացրել վերջին շրջանում:- Ընկերության 20-ամյակին նվիրված հետաքրքիր միջոցառումների շարք էինք պլանավորել, սակայն համավարակով պայմանավորված դրանք, ցավոք սրտի, կյանքի չկոչվեցին: Սակայն վարկային ծրագրերը, որոնք պլանավորված էին այս տարվա համար, ամբողջությամբ իրականացրել ենք: Փորձում ենք ծառացած փորձությունները եւ դժվարությունները հաղթահարել ավելի շատ ու ավելի մեծ եռանդով աշխատելով: Վարկային ծրագրերի հիմքում որպես առաջնահերթություն եղել են հաճախորդների պահանջմունքների բավարարումը, դրանց ծանրակշիռ մասը եղել է ՀՀ դրամով եւ փաստացի տոկոսադրույքը տատանվել է տարեկան 10%-ի շրջանակում, ինչը ՀՀ ֆինանսական շուկայում բավական մրցակցային է: 2020 թվականի ընթացքում սկսել ենք նաեւ կանաչ վարկավորում իրականացնել: Մեկնարկել ենք երկու էներգախնայող վարկատեսակ՝ Հաբիթաթ ֆոր Հյումանիթի դոնոր կազմակերպության հետ համագործակցության արդյունքում բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր, որի շրջանակում արդեն իսկ իրականացվել է մոտ 20 բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացում, ինչպես նաեւ R2E2 հիմնադրամի միջոցով գազաֆիկացված եւ չգազաֆիկացված համայնքներում էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումը: - Եվ վերջում խնդրում եմ կիսվեք 2021 թվականի համար նախատեսված ծրագրերով:- 2020 թվականը մարտահրավերների տարի է եղել համաշխարհային տնտեսության համար: Բացառություն չեն կազմել նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները: Չնայած պատերազմի եւ համավարակի հետ կապված դժվարություններին, «Ագրոլիզինգ»-ը մի շարք նոր ֆինանսական ծառայություններով է ներկայացել հաճախորդներին: Բացի էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման մեկնարկից, ընկերությունը Ջինիշյան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում իրականացրել է Սյունիքի մարզում սկսնակ գործարարների նախագծերի ֆինանսավորումը աննախադեպ մատչելի պայմաններով: 2021 թվականի ընթացքում պլանավորվում է զարգացնել կանաչ վարկավորման եւ գյուղատնտեսության վարկավորման ծրագրերը, ինչպես նաեւ հանդես գալ հաճախորդներին ուղղված նոր գաղափարներով եւ ծրագրերով: Tweet Դիտում՝ 31428