«ՍՁ Գաղափարաթոնը»՝ հանուն մրցունակ սոցիալական բիզնեսի

17.07.2020 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«ՍՁ Գաղափարաթոն» #Նաիրա Մարգարյան
Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ոլորտը շարունակում է զարգանալ: Դրան նպաստում են ՍՁ համայնքի կողմից իրականացվող մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ ձեռնարկատերերը կարողանում են ներկայացնել ու իրագործել իրենց գաղափարները:

Banks.am-ը պատմում է նախորդ ամիս տեղի ունեցած եւ շարունակական բնույթ կրող «ՍՁ Գաղափարաթոն» միջոցառման ընթացքում աչքի ընկած մի քանի սոցիալական բաղադրիչ ունեցող գաղափարների, ինչպես նաեւ կառավարության կողմից դրանց հնարավոր աջակցություն մասին:

31 գաղափարներ՝ մարզերից եւ Արցախից

Նախորդ ամիս «ԲիթուԷս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա ՀԿ-ի կողմից կազմակերպվել էր «ՍՁ գաղափարաթոն», որին մասնակցել են 31 տարբեր գաղափարներ ներկայացնող թիմեր Հայաստանի 9 մարզերից եւ Արցախից։

Ասոցիացիայի խորհրդի անդամ Գոհար Մնացականյանի խոսքով՝ «Գաղափարաթոնի» նպատակն է գտնել սոցիալական բիզնես գաղափարներ կամ այնպիսի բիզնեսներ, որ ցանկանում են ունենալ սոցիալական բաղադրիչ, նրանց ցուցաբերել մենթորական աջակցություն՝ այդպիսով զարգացնելով սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում:

Գոհար Մնացականյանը

«Նախատեսում ենք ամեն տարի ունենալ առնվազն մեկ նման միջոցառում: Յուրաքանչյուր միջոցառումից հետո 6 ամիս շարունակ մասնակիցները շարունակելու են ստանալ խորհրդատվություն եւ օժանդակություն: Նաեւ հետաքրքիր առաջարկ ստացանք կառավարությունից, այն է՝ ստեղծել բիզնես գաղափարների բանկ ու ներկայացնել կառավարությանը, որպեսզի հետագայում դրանք ներառվեն զարգացման ծրագրերում: Շատ հաճախ սոցիալական ձեռնարկատիրության գաղափարները համընկնում են պետության առաջնային քայլերի հետ եւ սոցիալական բիզնեսի զարգացումն իր հերթին կարող է դառնալ խնդիրներ լուծող»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ այժմ գաղափարների հավաքագրման փուլում են:


Միջոցառման ակտիվ փուլում, երբ մասնակիցներն անցնում էին հատուկ օնլայն դասընթացներ, հրավիրված էին տարբեր դոնորական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գոհար Մնացականյանի խոսքով՝ արդեն իսկ ստեղծվել են հեռանկարային համագործակցություններ:

Զբոսաշրջիկ-տեղացի հաղորդակցության պարզեցում

Թեհմինե Ենոքյանը, որ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից է, պատմել է «Խելացի ճամփորդ» (Smart Traveller) հավելվածի ստեղծման գաղափարի մասին:

«Ցանկանում ենք ստեղծել հյուրատների սպասարկման հավելված, որի միջոցով զբոսաշրջիկը կկարողանա տեղեկատվություն ստանալ եւ օգտվել տվյալ հյուրատան ծառայություններից իր համար նախընտրելի լեզվով: Շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս դժվարանում են հաղորդակցվել տեղացիների հետ, հյուրատների անձնակազմը հիմնականում գյուղերում հաճախ չի տիրապետում օտար լեզվի: Հավելվածի շնորհիվ զբոսաշրջիկներն այլեւս գիդից կախվածություն չեն ունենա, իսկ հյուրատներում տարբեր լեզուներով թղթային մենյուների անհրաժեշտություն չի լինի»,- մանրամասնել է նա:


Թեհմինե Ենոքյանի խոսքով՝ գաղափարն ունի ընդլայնվելու հնարավորություն եւ կարող է ընդգրկել բոլոր մարզերից տարբեր հաստատությունների՝ ռեստորաններ, հյուրանոցներ, լողավազաններ եւ այլն:  Ծրագիրը տրամադրելու է հատուկ QR կոդ, որի սքանավորման միջոցով այցելուն կկարողանա անմիջապես ծանոթանալ ծառայությունների ամբողջական ցանկին ու պատվիրել դրանք:

Թեհմինե Ենոքյանն իր ընկերուհու՝ Մերի Մուրադյանի հետ է դիմել «ՍՁ Գաղափարաթոնին», որտեղ իրենց հավելվածն արժանացել է 2-րդ տեղի մրցանակի:
«Միջոցառման շնորհիվ որոշակի կապեր ստեղծվեցին, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացանք: Այժմ սպասում ենք ֆինանսավորման ձեռք բերմանը, որպեսզի սկսենք հավելվածի ստեղծման աշխատանքները»,- ասել է Թեհմինե Ենոքյանը:

Պատմամշակութային վայրերը՝ 360˚-ով

3-րդ տեղի մրցանակի արժանացած «Before Visit» բիզնես գաղափարը եւս ուղղված է համայնքային զբոսաշրջության զարգացմանը: Գաղափարի համահեղինակ Ռաֆիկ Սայադյանը պատմել է, որ այժմ աշխատում են նորարարական հարթակ ստեղծելու ուղղությամբ, որի միջոցով կվիզուալիզացնեն մի շարք հայտնի ու անհայտ պատմամշակութային վայրեր:

«Հարթակը ներառում է գերֆունկցիոնալ կայք, ավտոմատ կառավարվող բոտ եւ հավելված: Այն հնարավորություն է տալիս դիտելու նախընտրելի պատմամշակութային վայրը 360˚տուրերով՝ 360˚-ով նկարված լուսանկարների հաջորդական տեղադրման շնորհիվ: Մեր նպատակն է առաջիկա 2 տարիների ընթացքում թվայնացնել Հայաստանի պատմամշակութային գրավչություն ունեցող բոլոր վայրերը եւ ոչ միայն»,- նշել է նա:


Ռաֆիկ Սայադյանը կարծում է, որ տեքստային, ձայնային եւ պատկերային հստակ տեղեկատվության տրամադրումը կօգնի լուծել զբոսաշրջության ոլորտի մի շարք խնդիրներ՝ ներկայացնելով տարբեր վայրերի առանձնահատկություններն ու ստեղծելով զբոսաշրջիկների կողմից գնահատվող ռեյտինգային համակարգ յուրաքանչյուր վայրի համար:

«Երբ զբոսաշրջիկն այցելի մեր կայք եւ դիտի իր համար հետաքրքիր տեղանքը, հենց կայքից կարող է տուր պատվիրել՝ կապվելով մեր գործընկեր տուրիստական կազմակերպության հետ: Այս կերպ կկարողանանք մեծացնել զբոսաշրջիկների հոսքը»,- ասել է գաղափարի համահեղինակը:

Աշխատանքներն արդեն իսկ սկսել են սեփական միջոցներով, հույս ունեն մինչեւ գալիք տարվա կեսը բացել կայքը:


Սրճարան՝ հանուն հավասար կրթության

Բիզնես նախագծերի շարքում առանձնանում էր Լուսինե Բարաթյանի եւ իր որդի Ռաֆայելի ներկայացրած գաղափարը, որ արժանացել էր «Սոցիալ-տնտեսական համերաշխությանը նպաստող գաղափար» անվանակարգի մրցանակին:

Բիզնեսի հայեցակարգով նախատեսվում է խրախուսել դաունի համախտանիշ ունեցող երեխաների աշխատանքը, աջակցել մասնագիտական հմտություններ ձեռք բերելուն:

Լուսինե Բարաթյանը, որ ներկայացնում է «Լուսիա ֆուդ» ապրանքանիշը, իր հայրենի Վանաձորում փոքր տարածք է ձեռք բերել, որտեղ նախատեսում է սրճարան հիմնել:
 
«Դաունի համախտանիշ ունեցող տղայիս երազանքն է բարերար դառնալ: Քանի որ խոհարարների ընտանիքում է մեծացել, բավականին հմուտ է խոհարարության մեջ, սիրում է քաղցրավենիքներ պատրաստել, նաեւ հոլովակների միջոցով վարպետության դասեր է իրականացնում: Տղայիս երազանքն իրականացնելու համար ցանկանում ենք հիմնել սոցիալական ձեռնարկատիրություն՝ սրճարան, որի շահույթի մեծ մասը կուղղվի սահմանափակ կարողություններ եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մասնագիտական կրթություն տրամադրելու գործին»,- պատմել է նա:

Լուսինե Բարաթյանը

Լուսինե Բարաթյանի խոսքով՝ գաղափարի նպատակն է օգնել հասարակական ինտեգրմանը՝ բացահայտելով յուրաքանչյուր երեխայի տաղանդն ու օգնելով հմտանալ դրանում:

«Տարածքում վերանորոգում իրականացնելու եւ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում: «ՍՁ Գաղափարաթոն»-ի շրջանակում մասնագետները մեզ աջակցելու են դոնորներ գտնելու հարցում, ես ինքս էլ ուշադիր հետեւում եմ՝ ինչ համապատասխան դրամաշնորհային ծրագրեր կան»,- մանրամասնել է նա:


ՍՁ-ների մրցունակության զարգացում

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ավարտել են սոցիալական ձեռնարկատիրության հայեցակարգի վերաբերյալ քննարկումներն ու նախագիծն արդեն իսկ ուղարկել կառավարություն:

«Շատ դեպքերում դժվար է տարանջատել սոցիալական ձեռնարկատիրությունը դասական ձեռնարկատիրությունից, քանի որ հաճախ այդ սահմանը բավականին լղոզված է: Որպես էկոնոմիկայի փոխնախարարի՝ ինձ համար առավել կարեւոր է ձեռնարկատիրական բաղադրիչը: Մեր նպատակն ընդհանուր առմամբ ձեռնարկատիրությունը զարգացնելն է, իսկ թե ձեռնարկատերը ինչ նպատակով է հիմնել բիզնեսը, արդեն իր սեփական որոշումն է»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով՝ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտը բավականին կարեւորում են, քանի որ այն հնարավորություն է տալիս շատ մարդկանց զբաղվելու ձեռնարկատիրությամբ՝ միեւնույն ժամանակ համադրելով դա իրենց երազանքների ու ցանկությունների հետ:



«ՍՁ Գաղափարաթոն» միջոցառման շրջանակում նախարարության կողմից առաջարկված բիզնես գաղափարների բանկի ստեղծումը հետագայում կդառնա ընդհանուր ինչպես դասական, այնպես էլ սոցիալական ձեռնարկատիրությունների համար: Նաիրա Մարգարյանի կարծիքով՝ կարեւորը ճիշտ ձեռնարկատիրական մոդելն է, որպեսզի բիզնեսը կարողանա գործել նաեւ առանց դոնորական ֆինանսավորման:

«Այստեղ չենք կարող առանձնացնել սոցիալական ձեռնարկատիրությունը դասականից, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նախագծում ու կառավարում: Իհարկե, կա որոշակի նրբություն այն առումով, որ սովորաբար այսօր Հայաստանում ՍՁ-ներ հիմնում են ոչ թե հմուտ գործարարները, որ ուզում են նաեւ սոցիալական ազդեցություն ունենալ, այլ այն գիտակից քաղաքացիները, որոնց համար սոցիալական ազդեցությունը կարեւոր է: Նման դեպքերում բիզնես բաղադրիչը հաճախ խոցելի է, քանի որ մարդկանց մոտիվացիան բոլորովին այլ է, կրթությունն ու մասնագիտացումը եւս: Պետք է ապահովենք նրանց ձեռնարկատիրական այն հմտություններով, որոնց շնորհիվ կկարողանան մրցունակ բիզնես վարել»,- ամփոփել է Նաիրա Մարգարյանը:

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 4293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai