Պարտադիր ապահովագրության մոդելը պետք է ճիշտ լինի, որպեսզի մարդիկ իրենց խաբված չզգան

21.03.2008 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հարցազրույց “Ինգո Արմենիա” ապահովագրական ընկերության փոխտնօրեն Արևշատ Մելիքսեթյանի հետ

- Հայաստանում նախատեսվում է ներդնել ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգը: Ձեր կարծիքը:

- Նման պարտադիր ապահովագրության համակարգը գործում է գրեթե բոլոր երկրներում, որն հիմնականում լուծում է սոցիալական խնդիրներ: Շատ դեպքերում մարդիկ մեքենաները գնում են ապառիկ և աշխատավարձով կարողանում են վճարել միայն վարկը, իսկ երրորդ անձանց հասցված վնասը ի վիճակի չեն աշխատավարձով փոխհատուցել: Այսպիսի ապահովագրությունը, որպես երևույթ, դրական է ինչպես ապահովագրական շուկայի, այնպես էլ հասարակության մեջ ապահովագրության մասին պատկերացում կազմելու համար: Ինչ վերաբերում է ԿԲ-ի մշակած պարտադիր ապահովագրության հայեցակարգին, ապա այդ մոդելը վերցվել է ՙԳրին քարտ՚ համակարգից: Կարծում եմ` դա այդքան էլ չի համապատասխանում մեր օրենսդրությանը և մեր ազգի հոգեկերտվածքին: Այս մոդելի էությունն այն է, որ ստեղծվում է աշխատանքը համակարգող բյուրո, տվյալների բազա և երաշխավորման հիմնադրամ: Վերջինիս հիմնական նպատակն է հատուցել այն վնասները, երբ մեղավոր կողմերը հայտնի չեն: Ես մանրազնին ուսումնասիրել եմ Վրաստանի այս համակարգը. այնտեղ պարտադիր ապահովագրությունը ներդրվել էր նույն մոդելով, բայց երեք տարի հետո այն դադարեց աշխատելուց: Նման զարգացման հիմնական պատճառը երաշխավորման հիմնադրամի սնանկացումն էր: Մեր և վրացիների հեգեկերտվածքը բավական նման է: Օրինակ` վարորդներից մեկը խփում է մեքենային, բայց չի ցանկանում, որ իր անունը լինի վատ վարորդների ցուցակում և ապահովագրական ընկերությանն ասում է, թե մեքենան վնասել են, իսկ ինքը չի տեսել և այլն, և այլն: Այս դեպքում հատուցումը պետք է կատարվի հիմնադրամից: Վրաստանում նման դեպքերի առատությունը հանգեցրեց հիմնադրամի սնանկացմանը: Մենք պետք է մոդելը ճիշտ ներդնենք, որ մարդիկ իրենց խաբված չզգան: Պարտադիր ապահովագրությունը լուրջ եկամուտի աղբյուր չէ: Ընկերությունները եկամուտները ստանում են միայն առաջին մեկ-երկու տարում: Առաջին տարում մարդիկ չեն դիմում, երկրորդ տարում քիչ են դիմում, իսկ երրորդ տարում այս ծառայությունից սկսվում են օգտվել բոլորը: Մեր հիմնադիրը հետագայում հրաժարվեց պարտադիր ապահովագրության այս տեսակից: Այժմ մեզ նույնպես խորհուրդ են տալիս չմտնել պարտադիր ապահովագրության համակարգ: Մենք, իհարկե, գործունեություն կծավալենք պարտադիր ապահովագրության բնագավառում, բայց կշարունակենք մատուցել նաև այլ ծառայություններ:

- Ըստ Ձեզ` ի՞նչ է պետք անել նման խնդիրներից խուսափելու համար:

- Ես առաջարկել էի մի մոդել, որով ոչ թե ոստիկանությունը կկատարի հսկողությունը, այլ կընդունվի օրենք բոլոր ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության մասին: Ոստիկանությունն ունի Հայաստանում գրանցված բոլոր մեքենաների ցուցակը, օրենքով նշված ժամանակից հետո կլիներ նաև ապահովագրվածների ցուցակը: Հետագայում, առանց վարորդներին զգուշացնելու, դատական ատյանների միջոցով հարկ կլինի նրանց տուգանել: Նման պրակտիկայի կիրառումը կհանգեցնի այն բանին, որ հաջորդ տարի վարորդներըորպես օրինապահ քաղաքացիներ ապահովագրեն իրենց մեքենաները, իսկ երաշխավորման հիմնադրամը, եթե այդպիսին լինի, կհամալրվի տույժերով:

- Հայաստանում արձանագրվում են ոչ բոլոր ավտոճանապարհային պատահարները: Մտավախություն չկա՞, որ սխալ ելակետային տվյալների պարագայում ռիսկերը կհաշվարկվեն ոչ ճիշտ և ապահովագրական ընկերությունները կարող են սնանկանալ:

- Ինձ թվում է, որ ԿԲ-ն նույնպես հաշվի է առել, որ մեզ մոտ ոչ բոլոր պատահարներն են գրանցվում: Մենք ապահովագրության ոլորտում գործում ենք տասը տարի: Այդ ընթացքում ուսումնասիրել ենք, թե քանի պատահարից քանիսն է գրանցվել: Կարող եմ ասել, որ միջին հաշվով հինգից գրանցվում է մեկը: Ամեն օր մենք որոշակի ձևաչափով ԿԲ-ին տվյալներ ենք տրամադրում հատուցումների, պոլիսների մասին, և իրենք կատարում են հաշվարկներ: Որպեսզի ընկերություները չկանգնեն խնդիրների առջև, պետք է որոշակի ժամանակահատվածը մեկ սակագները վերանայելու հնարավորություն ունենանք: Օրինակ` Ռուսաստանում տարին մեկ օրենքով վերանայվում է ապահովագրության սակագինը: Մեզ մոտ նվազագույն սակագինը տարվա համար նախատեսված է 30 հազ© դրամ և հետագայում, կախված զարգացումներից, հնարավոր է այն վերանայելու անհրաժեշտություն լինի: ԿԲ-ի կողմից հաշվարկված 30 հազ© դրամ սակագինը մոտ է իրական սակագնին: Գույքային և անձնական փոխհատուցման լիմիտները ԿԲ-ն նույնպես բավական ճիշտ է հաշվարկել:

- Ապահովագրական ընկերությունները պատրաստ կլինե՞ն 2009թ© ներդնել պարտադիր ապահովագրության համակարգը: Հանրապետությունում կա՞ն, արդյոք, անհրաժեշտ քանակի ճանապարհատրանսպորտային փորձագետներ:

- Հայեցակարգում նշված է, որ պարտադիր ապահովագրության լիցենզիա ունեցող ընկերությունները պետք է ունենան գործակալական ցանց հանրապետության ողջ տարածքում: Ապահովագրական ընկերությունները, հոկտեմբերին ուժի մեջ մտած նոր օրենքի համաձայն, իրավունք ունեն բանկերի հետ կնքել գործակալական պայմանագրեր: Բանկը կարող է գրանցվել գործակալական ռեեստրում, վաճառել ապահովագրական ընկերության պոլիսները և դրանից ունենալ տոկոսներ: Մեր ընկերությունը արդեն բանակցում է մի քանի բանկերի հետ և առաջարկում է, որ նրանք վաճառեն մեր բոլոր պրոդուկտները: Երկու բանկում արդեն մեր ուժերով պատրաստում ենք ապահովագրական մասնագետներ, նախատեսում ենք դա անել ևս մեկում: Այս ամենը կատարվում է այն բանի համար, որ ԿԲ-ի կողմից գրանցում ստանալուն պես կարողանանք վաճառել մեր պրոդուկտը: Հայեցակարգում նշված է նաև, որ պետք է լինեն գնահատող ընկերություններ: Այսօր Հայաստանում արդեն կան մի շարք ընկերություններ, որոնք իրականացնում են վնասների գնահատում: Առկա են նաև ընկերություներ, որոնք ունեն մասնաճյուղեր մարզերում: Պատահարի փորձաքննության կենտրոններ ունի նաև ոստիկանությունը: Առաջարկն այս դեպքում կարող է ծնել պահանջարկ:

- Պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը ինչպիս՞ի անդրադարձ կունենա ապահովագրության շուկայի զարգացման վրա:

- Դրական: Կրկին կցանկանայի բերել Վրաստանի օրինակը, որտեղ մինչև պարտադիր ապահովագրության օրենքի ընդունումը բնակչությունը գրեթե չէր օգտվում ապահովագրական ընկերություների ծառայություններից: Երբ գործակալները դիմում էին բնակչությանը, ապա միանգամից մերժում են ստանում: Նույնը և մեզ մոտ է: Ներկայումս Վրաստանում, մարդիկ շարունակում են ապահովագրել իրենց ավտոմեքենաները,չնայած ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը հանվել է: Մեր հարևան պետությունում ներդրվել է, օրինակ, անշարժ գույքի ապահովագրությունը, բայց միայն հրդեհի ռիսկերից: Ապահովագրական ընկերությունները սակագների աննշան տարբերությամբ բնակչությանն արդեն առաջարկում են ապահովագրվել նաև մի քանի այլ ռիսկերից:

Զրուցեց Արմենակ Չատինյանը

>
Դիտում՝ 5628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW