Տաթեւիկ Ջանոյան. Evocabank-ն ընդլայնվում է՝ շարունակելով մոտիվացնել ու զարգացնել թիմը

03.07.2020 | 08:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Տաթեւիկ Ջանոյան #Evocabank
Արտակարգ իրավիճակում մեծ թիմ կառավարելու առանձնահատկությունների, նոր մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու քայլերի շուրջ  Banks.am-ը զրուցել է Evocabank-ի Վարչության անդամ, HR բաժնի պետ Տաթեւիկ Ջանոյանի հետ։

- Տիկին Ջանոյան, որքանո՞վ են համադրելի հեռավար աշխատանքն ու բանկային գործունեությունը:  

- Քանի որ Evocabank-ը դեռեւս 2019թ. նախապատրաստում էր որոշ բաժինների աշխատանքի անցումը WFH (work from home) ձեւաչափին, այս արագացված անցումը հնարավորինս սահուն կազմակերպվեց՝ 1-2 օրերի  ընթացքում։ Այս գործընթացում հատկապես կարեւոր էր տեղեկատվական անվտանգության ստանդարտների պահպանումը, աշխատանքի արդյունավետության ապահովումն ու թիմի հոգեբանական միասնականությունը։

Լինելով թվային բանկ՝ մենք տեխնոլոգիապես պատրաստ էինք անցում կատարելու WFH ձեւաչափի։ Բանկը տանն աշխատող իր թիմակիցներին անհրաժեշտության դեպքում ապահովեց նոութբուքերով եւ այլ տեխնիկայով։ Մենք ներդրեցինք WFH աշխատանքի արդյունավետության գնահատման հատուկ առցանց համակարգ, որն ամենօրյա տեղեկատվություն է տալիս WFH ձևաչափի արդյունավետության մասին։ Արդյունքները քննարկում ենք թիմով, մշակում ենք կատարելագործման ուղիներ։

Բանկային թիմի համար, իհարկե, փոքր-ինչ անսովոր էր աշխատել տնից՝ բանկից ու իրարից հեռու։ Մեր թիմակիցներն անհամբեր սպասում են` երբ են վերադառնալու Evoca միջավայր, երբ են վերսկսելու tete-a-tete հանդիպումները, առավոտյան սուրճի հետ քննարկվող նորություններն ու միասին ընդմիջումները։ Վերջերս պարզեցի, որ ոմանք առավոտյան ու լանչթայմին տեսակոնֆերանսով սուրճ են խմում։ Բոլորն այնքան շատ են ուզում գալ բանկ և վերադառնալ անմիջական շփմանը, որ ստիպված ենք լինում կրկին հիշեցնել իրականացվող անվտանգության բոլոր միջոցառումների նպատակը, որպեսզի նրանք այս կամ այն պատրվակով չգան Բանկ։

Դժվար է, երբ տանը միաժամանակ մի քանի հոգի տեսահանդիպման են, երեխաները տեսազանգով դաս են անում, իսկ քեզ անհրաժեշտ է լռություն եւ կենտրոնացում։ Սակայն ժամանակի ընթացքում բոլորս էլ սովորեցինք ավելի արդյունավետ լինել տնային պայմաններում։

Մեր հաճախորդներն ու գործընկերներն այս ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցին, որ մենք վստահելի ենք։ Անկախ միջավայրի փոփոխությունից՝ մենք միշտ մեր հաճախորդների կողքին ենք։

Այսօր բանկի frontline-ն աշխատում է ամբողջ կազմով եւ ներուժով, իսկ գլխամասի անձնակազմի 80%-ը` շուրջ 140 թիմակից, շարունակում են աշխատել տնից` պահպանելով վարձատրության ամբողջ չափը:
 
- Ո՞րն է այս օրերին թիմի հետ կապված հիմնական մարտահրավերը։

- Համավարակի հենց առաջին օրերից մեզ համար շատ կարեւոր է թիմի հետ ճիշտ, բաց  ու անընդհատ հաղորդակցության ապահովումը: Ցանկացած նորություն, անվտանգության կանոնների մասին ցուցումներ ու խորհուրդներ հաղորդակցվում են թիմի հետ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ուղիներով։ Քննարկում ենք ու մոտիվացնում իրար։ Այս իրավիճակում շատ կարեւոր է, որ թիմում բոլորն իրենց զգան պաշտպանված ու կարեւոր։

Եթե մեր թիմակիցներն ունենում են համավարակի հետ կապված ուղղորդման կամ աջակցության կարիք,  թեկուզ գտնվելով հեռահար ռեժիմում, անմիջապես ստանում են իրենց հարցերի պատասխանները: Աշխատակիցների առողջության հետ կապված կամ ցանկացած այլ հարց մեզ համար առաջնային է։ Բանկը ֆինանսավորում է կասկածներ ունեցող թիմակիցների covid թեստավորումը։

Առանձնահատուկ կարեւոր են մեզ այն գործընկերները, որոնք անմիջապես շփվում են կանխիկի հետ, ինչպես նաեւ դիմավորում ու սպասարկում են օրական հարյուրավոր հաճախորդների։ Բանկը  շատ բարձր է գնահատում այս օրերին ամենառիսկային պայմաններում աշխատող մեր frontline թիմակիցներին։ Այս ընթացքում նրանք չեն ունեցել ավելորդ վախի կամ խուճապի զգացում:  Կարծում եմ՝ սա մեծապես պայմանավորված է նրանով, որ աշխատակիցները զգացել են բանկի ղեկավարների անկեղծ մտահոգությունը թիմի առողջության ու անվտանգության համար։

Որպես ապացույց՝ ուզում եմ նշել, որ մեր frontline եւ անվտանգության աշխատակիցներն արտակարգ իրավիճակի առաջին 2 ամիսների համար ստացել են հավելավճարներ։ Յուրաքանչյուր ամիս նրանք ստացել են 50%-ի չափով ավել աշխատավարձ՝ արտաքին միջավայրի անորոշության պայմաններում  անգամ  բանկի անխափան աշխատանքն ապահովելու ու դրական տրամադրվածության համար։ Ուզում եմ հատուկ նշել, որ այդ մասին նախօրոք չէր հայտարարվել, եւ թիմն առանց որեւէ ակնկալիքի, մեծ ոգեւորությամբ է կատարում իր աշխատանքը։

Այս օրերին շատ ենք լսում կրճատումների կամ ոչ ամբողջական վարձատրությունների մասին։ Մեզ մոտ չկան ու չեն լինելու իրավիճակով պայմանավորված կրճատումներ եւ մասնակի վարձատրություններ։ Ընդհակառակը՝ մենք ընդլայնվում ենք՝ շարունակելով մոտիվացնել եւ զարգացնել մեր թիմը։

Մեր թիմն ապահովված է անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով։ Ամենօրյա ախտահանող միջոցառումներից բացի յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին մասնագիտացված ընկերության կողմից հատուկ սարքավորումներով ու նյութերով ամբողջությամբ ախտահանվում են մեր բոլոր գրասենյակները:

Ի հավելում ուզում եմ նշել, որ անգամ հանրային տրանսպորտի վերագործարկումից հետո բանկը շարունակում է կազմակերպել աշխատակիցների անվճար տեղափոխումն աշխատանքի եւ տուն գործընկեր տաքսի ծառայության միջոցով: Թիմի աշխատանքը բարձր գնահատվեց եւ հատուկ շնորհակալական խոսքի արժանացավ բաժնետերերի ժողովին։
 
- Ինչպե՞ս ազդեց իրավիճակը թիմի վրա, ինչպե՞ս այն վերափոխվեց այս ամիսների ընթացքում։

- Մեր թիմում շատերն արդյունավետ օգտագործեցին lockdown-ը։ Զբոսանքների կամ ֆիլմեր դիտելու  փոխարեն նրանք ժամանակ ու ջանք ներդրեցին՝ օնլայն դասընթացներին մասնակցելու, մասնագիտական եւ անձնային աճ ունենալու ուղղությամբ:

Ի դեպ, մեր թիմի ֆեյսբուքյան խմբում #challenge ունենք՝ աշխատակիցներն իրենց ձեռքբերումներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից տրված սերտիֆիկատները տեղադրում են խմբում, որպեսզի բոլորը տեսնեն, ուրախանան, հպարտանան իրենց ընկերներով ու իրենք էլ ձգտեն նոր բարձունքների։ Արդեն ունենք #challenge-ի 50-ից ավել հավաստագիր։ Մեր թիմում ձեւավորվել է մի յուրահատուկ միջավայր, որը խրախուսում է ճկունությունը, նորարարությունը, ստեղծագործ մոտեցումը,  պրոֆեսիոնալ եւ անձնային աճը:

Դրա համար, կարծում եմ, շատ արդյունավետ է, երբ բոլորի համար օրինակ են ծառայում հենց  ղեկավարներն՝ իրենց զարգացմանն ուղղված վարքագծով:

Պետք է նշեմ, որ բանկը խրախուսում է աշխատակիցներին` փոխհատուցելով նրանց մասնագիտական եւ անգամ ոչ մասնագիտական դասընթացների եւ որակավորումների ծախսերը, ինչպես նաեւ 50%-ով փոխհատուցում է միջազգային համալսարաններում ուսման վճարները։

Մենք գիտակցում ենք, որ այսօր շատ կարեւոր է, որպեսզի աշխատակիցները հավասարաչափ զարգացնեն թե՛ մասնագիտական,  թե՛ «փափուկ» հմտությունները` soft skill-երը: Զգալիորեն մեծանում է soft skill-երի դերը՝ քննադատական մտածողություն, նորարարությունների կառավարում, բանակցություններ, Էմոցիոնալ ինտելեկտ, հաղորդակցություն, եւ ուզում եմ առանձնակի շեշտել` ճգնաժամային կառավարում:

Այսօր ամբողջ աշխարհը կանգնել է վերահմտանալու` reskilling-ի հրատապության առջեւ: 2020թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի իրականացրած «Աշխատանքների գլոբալ ապագան» ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատանքի պահանջները բավարարելու համար աշխարհում ներկայիս բոլոր աշխատողների 54%-ը կարիք ունի նոր հմտությունների կամ որակավորման բարձրացման:
 
- Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում աշխատել Evoca թիմում։

- Հայաստանը փոքր է, ու գործատուի ցանկալի կամ անցանկալի լինելու մասին տեղեկատվությունն արագ տարածվում է։ Չենք կարող թաքցնել ո՛չ մեր թերացումները, ո՛չ առավելությունները։

Բանկն ազնիվ ու հոգատար գործատու է, ու սրանք միայն կայքում գրված գեղեցիկ բառեր չեն։ Մենք բազմիցս ապացուցել ենք դա։ Չնայած ճգնաժամային իրավիճակին՝ մենք շարունակում ենք մրցունակ աշխատավարձերից բացի՝ տրամադրել բազմաթիվ այլ նյութական եւ ոչ նյութական առավելություններ։

Evocabank-ում պարգեւատրվում են տարբեր առիթներով` ծննդյան օրերին, ամուսնանալիս եւ երեխա ունենալիս։ Արդյունավետ աշխատանքի համար մենք ունենք եռամսյակային պարգեւավճարներ, ինչպես նաեւ՝ տարեկան բոնուսներ։ Մենք ունենք վարկավորման եւ բանկի այլ ծառայությունների արտոնյալ պայմաններ եւ զեղչեր: Մեր թիմակիցներին անվճար տրամադրվում է առողջության ապահովագրության ընդգրկուն փաթեթ, իսկ վճարվող day off-երը կարող ենք օգտագործել մեր ցանկությամբ:

Բանկում dress code չունենք։ Մենք ունենք հայտնի ոճաբանի կողմից մշակված style guide, որն ուղղորդում է՝ ինչպես հագնվել հարմար եւ ոճային. պարտադրված սպիտակ վերնաշապիկների ու անհարմար փողկապների դարաշրջանը մենք վաղուց արդեն անցել ենք։ Գլխամասում ունենք բացօթյա եւ վառ գույներով հագեցած rooftop սրճարան, որտեղ կարելի է ընդմիջել կամ պարզապես մի փոքր հանգստանալ։

Սա ամբողջը չէ. ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը` պարբերաբար ավելացնում ենք մեր առավելությունների ցանկը` ժամանակի թրենդերին եւ մեր գաղափարախոսությանը համահունչ:

Մեր խմբում ունենք ավանդույթ։ Թիմին միանալու 1-ամյակի առթիվ մենք հարցազրույց ենք տալիս ու պատասխանում մի քանի հարցի։ Հարցերից մեկն այսպիսին է՝ նկարագրեք Evocabank-ը 3 բառով: Ներկայացնեմ մի քանի իրական պատասխան՝

- Երիտասարդական, փայլուն, հավատարիմ,
- Անհնարինն իրական դարձնող,
- Նորարար, մոտիվացնող, ժամանակակից,
- Մանուշակագույն, հավես թիմ, պատասխանատվություն,
- Նոր գույներ, նոր զգացողություններ, ամեն ինչ՝ կապված նորարարության հետ,
- Կատարելագործող, նորարար, պահանջող,
- Սիրուն, թույն, հզոր։

Ինչպես տեսնում եք՝ մեր թիմակիցները սիրում են իրենց աշխատավայրն ու բրենդը։ Մեզ մոտ ուժեղ էմոցիոնալ կապ կա թիմի ու բրենդի միջեւ։ Այստեղ միշտ դրական մթնոլորտ է, չկա անառողջ մրցակցություն, բոլորն աշխատում են հաճելի միջավայրում։ Ի դեպ, լսե՞լ եք մեր կորպորատիվների մասին. կարծես տեխնոփառատոն լինի, ոչ թե բանկի միջոցառում։

Դե պատկերացրեք՝ ինչ հեշտ է ինձ աշխատել մեր թիմում, թիմի հետ, եւ անգամ այն մարդկանց հետ, ովքեր նոր են ուզում միանալ մեր թիմին։ Շատերը, Evocabank դիմելիս, արդեն ծանոթ են մեր մշակույթին, լսել են ղեկավարության հետ ընկերական, անմիջական հարաբերությունների մասին։ Ում դա խորթ է, հասկանում է, որ «մանուշակագույնն իր գույնը չէ»։
 
- Նոր տաղանդների ներգրավումն օրեցօր ավելի դժվարանում է։ Ինչպե՞ս են Evoca-ի գործերն այս ոլորտում։

- Մի քանի օր առաջ բացվեց բանկի «Մալաթիա» մասնաճյուղը, որի արդյունքում ստեղծվեց 10 նոր աշխատատեղ: Շուտով կբացվի «Նոր Նորք» մասնաճյուղը, եւ մեր թիմն էլի կընդլայնվի։
Ճիշտ է, մրցակցությունը մեծ է համակարգում։ Հատկապես դժվար է ներգրավել ՏՏ կամ թվային ոլորտի մասնագետների, քանի որ շատերը նախընտրում են աշխատել freelance կամ ՏՏ կազմակերպությունում։ Այդուհանդերձ, Evoca-ին սիրում են ու հաճույքով են ցանկանում միանալ մեր թիմին:



Նոր տաղանդների բացահայտման համար մենք արդեն 9-րդ անգամ իրականացնում ենք EvocaLAB ավարտական կուրսի ուսանողների եւ շրջանավարտների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը։ Այն օգնում է փորձ չունեցող, սակայն խելացի եւ նպատակասլաց երիտասարդներին դառնալ բանկային մասնագետներ։ Այսօր մեր թիմի 20%-ը հենց EvocaLAB-ից է, իսկ նրանցից ոմանք արդեն դարձել են հաջողակ ղեկավարներ՝ բաժնի պետ, մասնաճյուղի կառավարիչ եւ այլն:

Բոլորովին վերջերս բանկում մշակվեց կատարողականի կառավարման եւ աշխատանքի գնահատման նոր համակարգ, որը բնորոշ է մեր agile միջավայրին: Սա եւս մի մրցակցային առավելություն է, որը կօգնի ներգրավել տաղանդներ եւ ունենալ մոտիվացված թիմ: Այս համակարգի օգնությամբ յուրաքանչյուր մասնագետ հստակ կպատկերացնի, թե ինչ է պետք անել կարիերայի աճ ունենալու համար` սկսած ընդունվելու առաջին օրվանից մինչեւ ղեկավար պաշտոն զբաղեցնելը:

Մասնագիտական կարողությունների հետ մեկտեղ՝ մեզ համար չափազանց կարեւոր է մեր թիմին միացող նոր մարդկանց անձնային հատկությունները, սոցիալական ակտիվությունն ու կենսակերպը: Evoca թիմի բոլոր անդամները հենց իրենք են ձեւավորել այս մշակույթը եւ միջավայրը։

Չնայած COVID-19-ը փոխեց մեր առօրյան, բայց մեր թիմը մեծ պատասխանատվությամբ շարունակում է բանկի ռազմավարական նպատակների  իրագործումը: Մենք էլ ավելի արագ տեմպերով շարունակում ենք տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառումը եւ ներդնումը: Աշխարհն ավելի արագ տեմպերով թվային է դառնում, եւ մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք դրան:

Տաթեւիկ Ջանոյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը
Դիտում՝ 44243
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW