Նոր զարգացումներ հիպոթեկի շուկայում

01.03.2008 | 10:27 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Առանձին բանկեր փոխում են պայմանները

Վերջին երկու տարիներին Հայաստանի հիպոթեկային շուկայի պահանջարկը կտրուկ ավելացել է. տարբեր գնահատումներով, ներկայումս հասնում է 1 մլրդ դոլարի: Սա նշանակում է, որ վերոնշյալ ժամանակաընթացքում շուկայի պահանջարկը աճել է գրեթե հինգ անգամ: Այսինքն` այդքանով մեծացել է այն մարդկանց քանակը, ովքեր պատրաստ են օգտվել հիպոթեկային վարկերից:

Հայաստանի բանկային համակարգում սա ամենաարագ աճող վարկային պորտֆելն է: Անցած տարի հիպոթեկային վարկերը կրկնապատկվել են` հասնելով 60 մլրդ դրամի կամ շուրջ 200 մլն դոլարի: Այլ կերպ ասած, բանկերի առաջարկը գրեթե 5 անգամ պակաս է շուկայի պահանջարկից: Սա հիմնական պատճառներից մեկն է, որի հետեւանքով հիպոթեկային վարկերի պայմանները շարունակում են մնալ բավականաչափ ծանր, թեեւ ընդհանուր առմամբ սրանք համարվում են ամենաէժան վարկերը:

Հայաստանի բանկերի մեծ մասն այսօր գործունեություն է իրականացնում հիպոթեկային շուկայում: 22 առեւտրային բանկերից այստեղ գործում են 16-ը: Ընդ որում, դրանց թիվը համալրվել է եւս մեկով` ի դեմս վերջերս բացված “Պրոկրեդիտ” բանկի: Իհարկե, այս բանկը շուկայում դեռեւս, այսպես ասած, ագրեսիվ գործունեություն չի ծավալում: Բանկի հիպոթեկային վարկերի պայմանները, հատկապես ժամկետայնությունը եւ գումարի չափը, շատ հեռու են շուկայի ներկայիս ընդհանուր միտումներից:

“Պրոկրեդիտը” վարկեր է տրամադրում 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետայնությամբ: Առավելագույն գումարը 6 մլն դրամ է: Սա այն դեպքում, երբ այս շուկայում գործող բանկերի գերակշիռ մասը վարկերը հատկացնում է 10-20 տարի ժամկետայնությամբ:

Հիպոթեկային շուկայում գործող բանկերի մեծ մասի պայմանները վերջին մի քանի ամիսներին հիմնականում մնացել են նույնը: Սակայն կան նաեւ բանկեր, որ փոխել են դրանք:

Շուկայի այդպիսի մասնակիցներից է “Արցախբանկը”, որը բարելավել է իր վարկային պայմանները: Նվազեցվել են ինչպես տոկոսադրույքները, այնպես էլ երկարացվել է ժամկետայնությունը: Գույքի ձեռք բերման համար նախկինում առաջարկվող 16-18-ի դիմաց, այժմ սահմանվել է 13-15 տոկոս տոկոսադրույք: Իջեցվել են նաեւ գույքի վերանորոգման ներկայացվող տոկոսադրույքները: Այժմ դրանք 16-17 տոկոս են: Բանկի հիպոթեկային պորտֆելի ժամկետայնությունը եւս դրական դրսեւորում է ունեցել. 5-ից երկարացվել է մինչեւ 15 տարվա:

Վարկերի տոկոսադրույքները նվազեցրել է նաեւ “ՎՏԲ-Հայաստան բանկը”: Նախկին 13-ի փոխարեն այժմ դրանք սկսվում են 12 տոկոսից: Ժամկետայնությունը 5-ից դարձել է 20 տարի:

Վարկավորման ժամկետայնության որոշակի աճ կա “Արարատ” բանկում: Հիպոթեկային վարկավորման իր պորտֆելը “հատուկ առաջարկով” է համալրել “Կասկադ բանկը”, որի պայմանները շուկայում, կարելի է ասել, լավագույններից են: Անշարժ գույքի ձեռքբերման համար առաջարկվող վարկային տոկոսը սկսվում է 11,75-ից: Մինչեւ 35 տարեկան հաճախորդների դեպքում տոկոսադրույքն ավելի ցածր է` 11,5: Ժամկետայնությունը հասնում է 16-20 տարվա: Բանկը պատրաստ է վարկ տրամադրել անսահմանափակ քանակությամբ: Իհարկե, “Կասկադ կրեդիտը” այս շուկայում գործող այն քիչ բանկերից է, որոնք ունեն նաեւ կոմիսիոն վճարներ (10 հազար դրամ):

Լիովին այլ պատկեր է “Յունիբանկի” դեպքում: Այս բանկը հիպոթեկային շուկայում մինչեւ հիմա իրականացրել է, այսպես ասած, ագրեսիվ գործունեություն: Այնուհանդերձ, “Յունիբանկը” վերջին շրջանում նկատելիորեն թանկացրել է հիպոթեկային պորտֆելը: Մասնավորապես բարձրացվել են վարկերի տոկոսադրույքները: Եթե երկրորդային շուկայում բնակարանի ձեռքբերման համար նախկինում բանկը վարկ էր առաջարկում` սկսած 14 տոկոսից, ապա այժմ տոկոսադրույքը սահմանվել է հաստատուն 16 տոկոս: Նույնն է պատկերը նաեւ այլ առաջարկների դեպքում: Մասնավորապես նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու համար նախկինում արված առաջարկը սկսվում էր 13 տոկոսից, իսկ այժմ` սահմանվել է 16 տոկոս տոկոսադրույք: Բիզնես-տարածքների ձեռքբերման համար նախկին 15-ի փոխարեն վարկային տոկոսադրույքները սկսվում են 17-ից:

Թե ինչով է պայմանավորված բանկի հիպոթեկային վարկավորման պորտֆելի այս թանկացումը, դժվար է միանշանակ ասել: Այնուհանդերձ, ակնհայտ է, վերջին շրջանում “Յունիբանկը” սկսել է ներգրավել թանկ ավանդներ: Դրանց տոկոսադրույքները հասնում են մինչեւ 10-ի, ինչը բնականաբար թանկացնում է նաեւ տրամադրվող վարկերը:

Այս ամենով հանդերձ, Հայաստանի հիպոթեկային շուկայում միջին տոկոսադրույքները տատանվում են հիմնականում 14-16 տոկոսի սահմաններում, թեեւ երբեմն հասնում են մինչեւ 22 տոկոսի: Ավելին` “Արֆին” հիպոթեկային կազմակերպությունը վարկեր է հատկացնում 30 տոկոսով: Վարկերի ժամկետայնությունը 10-20 տարի է: Ավելանում է այն բանկերի թիվը, որոնք պատրաստ են գումարներ հատկացնել մինչեւ 20 տարով: Նշենք, որ անցած տարվա կեսերին Հայաստանում նման բանկեր չկային:

Վասակ Թարփոշյան

Դիտում՝ 5298
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW