Հիպոթեկային շուկան ունի մեծ ներուժ

19.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այն պատրաստ է կլանել շուրջ 1 մլրդ դոլար

"Հայոց Աշխարհ”, հունվարի 19, 2008 թ.

Վերջին երկու տարիներին Հայաստանի հիպոթեկային շուկայի ծավալը կտրուկ ավելանում է: Միայն անցած տարվա տվյալներով, հատկացված վարկային գումարը կրկնապատկվել է:

Սակայն, դրանով հանդերձ, հիպոթեկային շուկայի պահանջարկը շարունակում է մնալ չափազանց բարձր: Կենտրոնական բանկի գնահատումներով, ներկայումս այն շուրջ 1 միլիարդ դոլար է: Հայաստանի հիպոթեկային շուկայի զարգացման նպատակով երեկ գերմանական “Վերականգնման վարկերի բանկի” (KFW) հետ հերթական վարկային ծրագրի ստորագրումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Եթե հաշվի առնենք, որ, անցած տարվա տվյալներով, տրամադրվել է 55 մլրդ դրամի կամ շուրջ 185 մլն դոլարի հիպոթեկային վարկ, ապա ստացվում է, որ շուկայի պահանջարկն առնվազն 5 անգամ գերազանցում է բանկերի ներկայացրած առաջարկը:

Կենտրոնական բանկի նախագահի գնահատումներով, հիպոթեկային վարկերի բարձր պահանջարկը պայմանավորված է մի քանի գործոններով.

- Մի կողմից` վերջին տարիներին աճում են մարդկանց եկամուտները, ինչը նպաստել է վճարունակության ավելացմանը: Աստիճանաբար ավելի շատ մարդիկ են կարողանում օգտվել այդ վարկերից: Մյուս կողմից` առեւտրային բանկերը նվազեցրել են տոկոսադրույքները եւ երկարաձգել վարկերի ժամկետայնությունը, որը նույնպես հանգեցրել է պահանջարկի ավելացմանը:

Մասնակցելով Հայաստանի հիպոթեկային շուկայի զարգացմանը, այնուհանդերձ, գերմանական բանկը մտադրություն չունի բավարարել գոյություն ունեցող ամբողջ պահանջարկը: Շուկայի զարգացման համար բանկը տրամադրում է ընդհանուր առմամբ 12 մլն եվրո, որից 6 միլիոնն արդեն հատկացվել է ծրագրի առաջին փուլով: Եւս այդքանի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին Կենտրոնական բանկի նախագահը եւ բանկի հայաստանյան ներկայացուցիչ ԿԱՐԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:
Տ.Սարգսյանի գնահատումներով, այս ծրագիրը լուրջ աջակցություն է Հայաստանի համար: Խնդիրը ոչ այնքան ֆինանսական է, որքան ուսուցողական: Մասնավորապես, դա հնարավորություն է տվել Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի մասնագետներին ծանոթանալ միջազգային փորձին, ձեւավորել համապատասխան նորմատիվային դաշտ եւ դրանք տեղայնացնել Հայաստանում` պայմաններ ստեղծելով շուկայի զարգացման համար.

- Ծրագրի շրջանակներում բանկը հատկացնում է 12 մլն եվրո: Բայց մեզ համար կարեւորն այստեղ ոչ թե գումարն է, այլ այս նոր մշակույթի ներմուծումը Հայաստանի ֆինանսական համակարգ: Որովհետեւ մեր հիպոթեկային շուկայի ծավալները շատ ավելին են, քան այն ֆինանսական օժանդակությունը, որ ցուցաբերում է Գերմանիայի կառավարությունը` KFW բանկի միջոցով:

Ըստ Տ.Սարգսյանի, հիպոթեկային վարկավորումն այսօր ամենադինամիկ զարգացող շուկան է Հայաստանում: Վերջին մեկ-երկու տարիներին այն կտրուկ աճի միտումներ է դրսեւորել: Մասնավորապես, անցած տարվա արդյունքներով, ըստ ԿԲ նախագահի, հիպոթեկային վարկերի ծավալը կրկնապատկվել է, այն դեպքում, երբ բանկերի վարկային ընդհանուր պորտֆելի աճը եղել է 72 տոկոս:

Փոխվել է նաեւ վարկերի կառուցվածքը.

- Եթե երկու տարի առաջ դրանք 98 տոկոսով դոլարային էին, ապա այժմ գերակշիռ մասը հայկական դրամով տրամադրված հիպոթեկային վարկեր են:
Կենտրոնական բանկի նախագահը կարծում է, որ հիպոթեկային վարկերի ակտիվության միտումները կշարունակվեն նաեւ 2008թ. ընթացքում` անկախ ընտրական գործընթացներից եւ անշարժ գույքի շուկայում նկատվող լճացումային երեւույթներից:

Սակայն այդ ակտիվությունը, KFW բանկի ներկայացուցչի գնահատումներով, էական ազդեցություն չի ունենա շուկայի պայմանների վրա.

- Կարծում եմ` 2008թ. ընթացքում հիպոթեկային վարկերի տրամադրման ժամկետների էական տեղաշարժեր եւ փոփոխություններ չեն լինի: Պարզապես կավելանա այն բանկերի թիվը, որոնք կերկարացնեն վարկերի ժամկետայնությունը: Ներկայիս 10- 12 տարվա փոխարեն, այն կմոտենա 15 տարվա միջին շեմին: Կդանդաղեն նաեւ տոկոսադրույքների նվազման տեմպերը: Կարծում եմ` չենք կարող ակնկալել տարվա ընթացքում 3- 4 տոկոսանոց շեշտակի անկումներ:

Սա Կ.Գեւորգյանը պայմանավորում է ֆինանսական շուկայոււմ նկատվող թանկացմամբ: Վերջին շրջանում տարբեր խնդիրների հետ կապված բանկերը սկսում են ավելի թանկ փողեր ներգրավել, ինչն ազդում է նաեւ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների վրա:

Հայաստանի հիպոթեկային շուկայի զարգացման համար նախատեսված գերմանական բանկի այս վարկային ծրագիրը, ըստ Կ.Գեւորգյանի, կավարտվի 2009թ.: Դրան կհաջորդի՞ նոր ավելի մեծ ծրագիր, թե՞ ոչ, բանկի հայաստանյան ներկայացուցիչը համարում է երկու երկրների կառավարությունների քննարկելիք խնդիրը: Այնուհանդերձ, կարծում է, դրա շարունակումը քիչ հավանական է, քանի որ բանկը սովորաբար լրացուցիչ միջոցներ չի հատկացնում կայացած ծրագրերի համար:

Թեպետ չի բացառվում, որ գերմանական բանկի մասնակցությունը հիպոթեկային շուկայում դրսեւորվի այլ ձեւերով:

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Դիտում՝ 6621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW