Մարքեթինգը՝ հայկական նորաձեւությունում

10.10.2019 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Աննա Սալոմե #նորաձեւություն #մարքեթինգ
Նորաձեւության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն Banks.am-ին պատմել է հայաստանյան նորաձեւության շուկայի առանձնահատկությունների եւ զարգացման տեմպերի մասին:

«Հայկական նորաձեւության շուկան դեֆորմացված է»

Ի տարբերություն միջազգային շուկայի՝ հայկական նորաձեւության շուկան դեֆորմացված է: Միջազգային նորաձեւության շուկայի դասական մոդելից մի քանի մակարդակ Հայաստանում բացակայում է:

Հայաստանյան իրականությունում զանգվածային շուկան ձեւավորում են Թուրքիայից, Չինաստանից, Պարսկաստանից ներմուծվող էժան եւ հիմնականում անորակ հագուստները: Դրանք վաճառող առեւտրային սրահները, որպես կանոն, չունեն բրենդ եւ մարքեթինգային ծախսեր էլ չեն կատարում:

Շնորհիվ առեւտրային կենտրոնների՝ Հայաստանում բավականին զարգացել է մանրածախ առեւտրային նշանների սեգմենտը: Միջազգային ճանաչում ունեցող նորաձեւության բրենդների մարքեթինգային ռազմավարությունը հաջող է իրականացվում, երբ ներմուծող ընկերությունը գիտի եւ ընդունում է տվյալ բրենդի փիլիսոփայությունն ամբողջությամբ, իսկ արտահանող ընկերությունը մշտական վերահսկողություն է իրականացնում:

Այս մակարդակին հաջորդում է դիզայներական Pret-a-Porter շարքը: Սա շուկայի այն մակարդակն է, երբ դիզայները հավաքածուն պատրաստում է խանութի համար՝ շարքով: Գները՝ որպես դիզայներական հագուստի, մատչելի են, չափսերը՝ ստանդարտ։ Այս դասի արտադրանք են թողարկում Etro, Calvin Klein Inc., Marc Jacobs եւ այլ բրենդներ։

Աննա Սալոմեն

Հայաստանում Pret-a-Porter ներկայացնում են 3-4 խանութներ

Pret-a-Porter-ը հայ դիզայներների շրջանում սկսեց զարգանալ 5concept-ի ստեղծման պահից, որը հայ դիզայներների առաջին մուլտիբրենդային խանութն է Հայաստանում: Այն միավորեց հայ դիզայներներին մի հարթակի շուրջ եւ նպաստեց, որ նրանք շարք թողարկեն:

Այս պահին Pret-a-Porter ներկայացնում են 3-4 խանութներ, որոնք հիմնականում մուլտիբրենդի տեսքով են, որովհետեւ հայ դիզայներներին ֆինանսական տեսանկյունից դեռեւս ավելի շահեկան է ներկայանալ միասին:

Pret-a-Porter de luxe-ն արդեն ենթադրում է նույն կոնցեպտը՝ ավելի բարձր գնային կատեգորիայում՝ օգտագործելով ավելի թանկ գործվածքներ, ձեւվածքներ եւ այլն:
Մայրաքաղաքում ներկայացված են մի շարք համաշխարհային հեղինակություն ունեցող բրենդներ, որոնք ներկայացնում են de luxe դասի սեզոնային հավաքածուներ: Խոսքը ֆրանչայզինգի պայմանագրով Հայաստանում ներկայացված այնպիսի բրենդների մասին է, ինչպիսիք են Ralph Lauren-ը, Zegna-ն, Burberry-ն եւ այլ բրենդներ։

Հայ դիզայներները եւս ստեղծում են Pret-a-Porter de luxe դասի հավաքածուներ: Արամ Նիկոլյանը, Արեւիկ Սիմոնյանը եւ Վահան Խաչատրյանը ամիսներ առաջ միասին բացեցին Privé-ն, որը դարձավ Pret-a-Porter de luxe կարգի առաջին մուլտիբրենդային խանութը Հայաստանում:

Այս մակարդակին հաջորդող Haute Couture-ը Հայաստանում բացակայում է: Սեզոնի համար հավաքածուի ներդրումները կազմում են միջինում $4 մլն: Մի կողմից, Հայաստանում գործունեություն ծավալող դիզայներները չունեն նման ֆինանսական հնարավորություններ, մյուս կողմից՝ բացակայում է նման հագուստի պահանջարկը:

Այսպիսով, շուկայի զարգացման տեմպը դեռեւս թույլ չի տալիս ունենալ Haute Couture:

Աննա Սալոմեն

«Հայ դիզայներներից քիչերն ունեին անուն, լոգո…»

Հայկական նորաձեւության շուկան որպես այդպիսին հետեւում է դասական զարգացման կանոններին: Զարգացումը հաջողությամբ ստացվեց մեր հարեւան Վրաստանի մոտ, եւ, վստահաբար, մեր դեպքում այդ շանսերն ու հույսերը եւս կան:

Մինչեւ առեւտրային կենտրոնների՝ մոլերի բացվելը, մեր շուկան սարսափելի վիճակում էր, որովհետեւ եղած ապրանքատեսակները որեւէ մարքեթինգային գործիք չէին կիրառում, հայ դիզայներներից քչերն ունեին անուն, լոգո, կորպորատիվ ոճի տարրեր առհասարակ:

Միջազգային բրենդների ներկայացվածությունը շուկայում ստիպել է հայ արտադրողին եւ դիզայներին պատասխանել մրցակցությանը համապատասխան ձեւով, եւ ստացվեց այնպես, որ սկսնակ դիզայներները շուկա մտան արդեն ձեւավորված բրենդներով, օգտագործեցին ամբողջ ներուժը:

«Ամենաակնհայտ թերացումը դիրքավորումն է»

Նորաձեւության բրենդների ստեղծման մարքեթինգային ջանքերը գնահատելով՝ նշենք, որ ամենաակնհայտը թերացումն է դիրքավորման մեջ, ինչը պայմանավորված է մարքեթինգային ռազմավարության, բյուջեի բացակայությամբ:

Բացի այդ, հաճախ ձեռներեցը չի պատկերացնում մարքեթինգային գործընթացը՝ ինչ է իրեն սպասվում մարքեթինգի մասնագետի դիմելու պարագայում, ինչ ծախսեր են նախատեսվում, որքան ժամանակ կպահանջվի այս կամ այն արդյունքը ստանալու համար եւ այլն:

Ես խորհուրդ եմ տալիս չվախենալ, քանի որ շուկան գերմրցակցային է, կորցնելու ժամանակ պարզապես չկա:

Դիզայներական տներից շատերի լոգոտիպերը հնարավոր է ստանալ անվճար օնլայն գործիքով: Ցավալի է, բայց այդպիսինները կան եւ նրանք շատ են:

Շատերն էլ չեն գրանցում առեւտրային նշանը, հետո խնդիրների են բախվում:

Կարելի է ասել, որ շուկան գրագետ չէ, եւ կա կրթելու խնդիր:

«Երկրորդ մաստեր-կլասը լինելու է հստակ գործիքակազմի մասին»

Երբ 9 ամիս առաջ սկսեցի խոսել նորաձեւության մարքեթինգից, ստիպված էի սկսել ամենատարրական բաներից, այսինքն՝ ինչ է նորաձեւության մարքեթինգն առհասարակ, ինչով է տարբերվում ավանդական մարքեթինգից, ինչու կա դրա անհրաժեշտությունը:

Աննա Սալոմեն

Ես դասավանդման գործունեությունս սկսել եմ այս տարվա ապրիլի 6-ի մաստեր-կլասով: Դրանից հետո մշակեցի հեղինակային դասընթաց, որը բաղկացած է 8 դասից: Դասընթացներից յուրաքանչյուրի ընթացքում 10-15 մասնակիցների ինտենսիվ սովորեցրել ենք կոնկրետ գործիքների կիրառում՝ սեփական բրենդների օրինակով:

Այժմ արդեն խոսում ենք նոր մաստեր-կլասի՝ «Մարքեթինգը նորաձեւության ոլորտում, Vol 2»-ի մասին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում:

Ուզում եմ ընդգծել՝ երկրորդ մաստեր-կլասը լինելու է հստակ գործիքակազմի վերաբերյալ: Կխոսենք այն մասին, թե ինչու է նորաձեւության բրենդին անհրաժեշտ կոնցեպտ, ինչպես գտնել կատարյալ անուն սեփական բրենդի համար, ինչ սկզբունքներով ձեւավորել ապրանքատեսականին, ինչպես ձեռնարկատիրոջ անձի բրենդի միջոցով ազդել վաճառքի ծավալների վրա եւ այլն:

Մաստեր-կլասի տոմսի արժեքը 67 000 դրամ է:

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 7115
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai