Վարկավորման ծավալները կտրուկ ավելացել են

15.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Հայէկոնոմբանկը» 15 մլն դոլար վարկ ստացավ 6 միջազգային բանկերից

"Ազգ", Դեկտեմբեր 14, 2007 թ.

Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ երեկ «Հայէկոնոմբանկը» 15 մլն դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր կնքեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ: Այս իրադարձությունն աննախադեպ էր այն առումով, որ միջազգային ճանաչում ունեցող միանգամից վեց ֆինանսական հաստատություններ իրենց մասնակցությունն ունեցան այս ծրագրին: Մասնավորապես «Հայէկոնոմբանկին» ֆինանսական միջոցներ տրամադրելուն մասնակցեցին, բացի Եվրոբանկից, գերմանական «Կոմերց բանկը», ավստրիական «Ռայֆեզեն» եւ «Բանկ Ավստրիա կրեդիտանստալտ» բանկերը, հնդկական «Ստեյթ բանկ օֆ Ինդիան», թայվանական «Լենդ բանկ օֆ Թայվանը» եւ անգլիական Էֆ Բի Էն բանկը:

Վերոնշյալ 15 մլն դոլարի վարկը բաղկացած է երկու առանձին վարկերից: Առաջինը՝ 5 մլն դոլար արժողությամբ, տրամադրել է միայն Եվրոբանկը՝ 36 ամիս ժամանակով: Երկրորդը՝ 10 մլն դոլար արժողությամբ, որը տրամադրել են մյուս 5 բանկերը, նույնպես բաղկացած է երկու մասից: Առաջին 5 մլն դոլարը տրվում է 18 ամիս ժամկետով եւ նույն ժամկետով երկարացնելու հնարավորությամբ, երկրորդ 5 մլն դոլարը՝ 12 ամիս ժամկետով եւ դարձյալ նույն ժամկետով երկարացնելու հնարավորությամբ:

Պայմանագրի ստորագրումից հետո «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը հայտնեց, որ վարկավորման նպատակն է զարգացնել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը: 1 վարկառուի առումով տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմելու է 400 հազար դոլար կամ դրան համարժեք դրամ: Վարկերը տրամադրվելու են միջինը 2-3 տարի ժամկետով, առավելագույնը 5 տարի ժամկետով: Տոկոսադրույքները լինելու են 14-16 տոկոսի սահմաններում: Այս առնչությամբ, ի պատասխան հարցի, Դավիթ Սուքիասյանն ասաց, որ տոկոսադրույքները համապատասխանում են ներկայիս պահանջարկին: Եթե շուկայում լինեն փոփոխություններ, ապա այդ տոկոսները եւս կփոխվեն:
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնն իր հերթին այս վարկային պայմանագիրը համարեց Հայաստանի նկատմամբ հետաքրքրության եւ հայկական բանկերի ռիսկերի նկատմամբ «ախորժակի մեծանալու» արդյունք: Նա նշեց, որ Հայաստանի բանկային համակարգը երկրի տնտեսության ամենաառողջ հատվածն է, առանց որի անհնար է տնտեսության զարգացումը: ՎԶԵԲ ներկայացուցիչը ընդգծեց, որ «Հայէկոնոմբանկը» վստահելի գործընկեր է Եվրոբանկի համար եւ պատահական չէ, որ այս կառույցը դարձել է «Հայէկոնոմբանկի» 25 տոկոսի համասեփականատերը:
«Ներդրումներ են գալիս Հայաստան, որոնք ուղղվելու են իրական հատվածին, փոքր եւ միջին ձեռնարկություններին: Սա վկայում է, որ մեր բանկային համակարգը կայացած է, որ «Հայէկոնոմբանկը» վայելում է լավ գործընկերոջ համբավ», կարեւորելով այս վարկային ծրագիրը, ասաց ԿԲ խորհրդի անդամ Վարդան Մովսեսյանը:

ԿԲ խորհրդի անդամ Վարդան Մովսեսյանը երեկ հայտնեց, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալներն այս տարի էապես՝ մոտ կրկնակի ավելացել են հասնելով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 12-13 տոկոսին, նախորդ տարվա 9 տոկոսի փոխարեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Դիտում՝ 6298
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW