Բրիտանական FinTech Futures (նախկինում՝ Banking Technology) թվային հրատարակչական հարթակի թիրախում ամբողջ աշխարհի ֆինտեխ համայնքն է՝ ոլորտի վետերաններից մինչեւ սկսնակներ: Հարթակի գլխավոր խմբագիր Տանյա Անդրեասյանի հետ Banks.am-ը զրուցել է ֆինտեխ ոլորտի հեռանկարների մասին: - Տանյա, դժվար չէ՞ լինել մի կայքի խմբագիր, որն անդրադառնում է օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին, այն էլ՝ ֆինանսական ոլորտում: - Ոլորտը, միանշանակ, շատ արագ է զարգանում, սակայն երբեք չի ձանձրացնում: Այն այնքան «թեժ» է այս պահին, այնքան շատ բան է փոխվում, որ ամեն օր մեր խմբագրակազմը գրում է եւ սովորում ինչ-որ նոր բանի մասին: Զարմանալի է, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում աշխարհը եւ մեր կյանքը, ու այս ամենի տեմպն աննախադեպ է:Ֆինանսական ծառայությունների ոլորտում, ինչպես եւ շատ այլ ասպեկտներում, տեխնոլոգիաները մասսայականացնում են ծառայությունները՝ դարձնելով դրանք ավելի մատչելի եւ հասանելի, բարելավելում են մարդկանց կյանքը եւ նրանց ավելի լայն ընտրության հնարավորություն ընձեռում. չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել այս ամենը, մոնիտորինգ անել եւ լուսաբանել:Կարծում եմ, որ ֆինտեխ ոլորտի B2B հրատարակչության հաջողակ խմբագիր լինելու համար պետք է լինել հնարամիտ, դինամիկ, համագործակցող եւ նորարար: Մեդիայի եւ հրատարակչության աշխարհը վերջին տասնամյակում շատ է փոխվել: Ուստի, իմ կարծիքով, մի կողմից, կարեւոր է պահպանել լրագրության հիմնական ավանդական արժեքները, ինչպիսիք են անկախությունը եւ լուրջ ուսումնասիրությունները, մյուս կողմից՝ կարողանալ բավարարել այսօրվա պահանջները, օրինակ՝ տեղեկատվության արագ հասանելիությունը, տեսանյութերը եւ սոցիալական մեդիան: Որակ եւ քանակ. մենք պետք է գտնենք բարձրորակ կոնտենտ ստեղծելու եւ դա արագ ու հստակորեն կատարելու միջեւ հավասարակշռությունը (մասնավորապես, երբ խոսքը լուրերի մասին է):Եվ իհարկե, պետք է հասկանալ շուկայի մարտահրավերներն ու ընթերցողների հետաքրքրությունները՝ լինել կարեւոր եւ օգտակար, ներկայացնել հրատապ լուրեր եւ խոր ուսումնասիրություններ, առանձնանալ ինտերնետի տեղեկատվական օվկիանոսում, ստեղծել եւ պահել արժանահավատ աղբյուրի հեղինակությունը, որն արժանի է լսարանի կողմից տրամադրվող ժամանակին:- Որո՞նք են ձեր լսարանի համար ամենապահանջված թեմաները: Դրանց շարքում որքանո՞վ են ընթերցելի կրիպտոարժույթներին վերաբերող նյութերը: Ի դեպ, անձամբ դուք ինչպե՞ս եք վերաբերվում բիթքոինին:- Ներկայում ամենաթեժ թեմաներն են արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը, կրիպտոարժույթները եւ բլոկչեյնը, եւ իհարկե, թվայինի հետ կապված ամեն ինչ: Կրիպտոարժույթների մասին լուրերը շատ պոպուլյար են, բայց սա ոչ անակնկալ է, ոչ էլ՝ չսպասված երեւույթ: Ամբողջ աշխարհում շուկաները լի են նոր կրիպտոարժույթներով եւ ICO-ի առաջարկներով: Դրանց մի մասն իրական է, մեծ մասը՝ ոչ: Եվ շուկան անկայուն է՝ ինչը դուք կարող եք տեսնել վերջին օրերի իրադարձություներից. ներկայում այն «ամերիկյան ոլորապտույտ բլրակներ» ատրակցիոնն է հիշեցնում: Բիթքոինը, իմ կարծիքով, կորցրել է իր նախնական նշանակությունը (ըստ Սատոշի Նակամոտոյի բնօրինակ սպիտակ թղթի): Այն, ի սկզբանե, կոչված էր փոխարինելու ներկայում ֆինանսական համակարգերի կողմից վերահսկվող դրամային փոխանցումները եւ պետք է գրեթե ամբողջությամբ պաշտպանված լիներ զեղծարարություններից: Բիթքոինի արժեքի ծայրահեղ տատանումներն այն պիտանի են դարձնում միայն սպեկուլյացիայի համար. այս թեմայի մասին հրաշալի հոդված է հեղինակել S-Banken-ի թվային տեխնոլոգիաների գծով տնօրենը, որը հրապարակվել է մեր կայքում: - Փորձագետների մեծ մասը, այդ թվում՝ կրիպտոարժույթի ընդդիմախոսները, մեծ ապագա են տեսնում բլոկչեյնի համար: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ այն հեղափոխական կլինի բանկերի համար:- Կարծում եմ՝ բլոկչեյնը՝ որպես տեխնոլոգիա, պայծառ ապագա ունի, որը մենք դեռ պետք է ամբողջությամբ հասկանանք եւ ընդունենք: Ամբողջ աշխարհի բանկերում հազարավոր թեստեր եւ փորձնական ծրագրեր են իրականացվում, սակայն դրանք դեռ փորձերից այն կողմ չեն անցնում:Ես վստահ չեմ, որ այն «հեղափոխական» դեր կունենա բանկային հատվածի համար, սակայն մյուս ոլորտները դրանից մեծապես օգտվելու են, ինչպես, օրինակ, կառավարությունները, անհատները:Ֆինանսական ծառայությունների ոլորտում ես տեսնում եմ դրա պոտենցիալ կիրառման ոլորտները, օրինակ՝ առեւտրի ֆինանսավորման հատվածը, որը դեռ մեծապես հիմնվում է հնաոճ թղթային տարբերակի վրա: Այս թեմայով լավ օրինակներ կարող եք գտնել այստեղ: - Գնալով ավելի հաճախ է հնչում այն կարծիքը, որ ֆինտեխ-ստարտափները մրցակից են բանկերի համար: Ի՞նչ կասեք այս առումով՝ արդյոք սա մարտահրավե՞ր է բանկերի համար եւ ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում միջնաժամկետ ապագայում: - Միանշանակ, ֆինտեխ-ստարտափները բանկերի մրցակիցն են: Ինչպես SWIFT-ի գործադիր տնօրեն Գոտֆրիդ Լեյբրանտն է ասում. «Ֆինտեխն ուտելու է մեր ճաշն այնքան ժամանակ, մինչեւ մենք ադապտացնենք եւ վերափոխենք մեզ ու շարունակենք նորարարության բռնած ուղին»: Այժմ այս արտահայտությունն ավելի տեղին է Եվրոպայի համար, որը ներկայացրել է Open Banking-ի եւ PSD2 (ԵՄ Վճարային ծառայությունների վերանայված կանոնակարգ) կարգավորումները: Ավստրալիան եւս ծրագրում է նման բարեփոխումներ:Եվ իհարկե, կա այսպես կոչված բիգտեխը (bigtech), ինչպիսիք են Google-ը, Amazon-ը եւ Alibaba-ն: Ոլորտում շատերը կարծում են, որ բանկերին իրական սպառնացողը ոչ թե ֆինտեխն է, այլ հենց բիգտեխը: Hewlett Packard Enterprise-ի ֆինանսական ծառայությունների գծով գլխավոր տեխնոլոգ Էլիզաբեթ Ռոչմանը, խոսելով բիգտեխ ընկերությունների մասին, ասում է. «Դրանք մեծ, խելացի եւ չափազանց քաղցած ընկերություններ են: Եվ նրանք միլիարդավոր դոլարներ են ներդնում R&D-ի մեջ»: Կարծում եմ՝ շատ ճիշտ նկատառում է:Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանք պետք է որոշեն, թե ինչ ուղի են ընտրում՝ մրցակցել եւ/կա՛մ համախմբել ֆինտեխի հետ իրենց նոր ծառայությունները, պրոդուկտները, կա՛մ դառնալ «պրիմիտիվ խողովակ»:Եվ թվայնացումն այստեղ ահռելի դեր ունի:Հայտնի բիզնես խորհրդատու Ռամ Չարանի խոսքով՝ «հին ճանապարհն այլեւս չկա»: Նա ասում է, որ բանկերը պետք է ամբողջությամբ փոխեն իրենց մտածելակերպը՝ «կառուցի՛ր այն եւ նրանք կգան» գաղափարախոսությունից անցում կատարելով «դրսից դեպի ներս»-ին, որպեսզի ձգեն հաճախորդներին: Այլ կերպ ասած, խոսքն այլեւս պրոդուկտների մասին չէ, ինչպես առաջ էր: Այժմ ամեն ինչ հաճախորդների եւ նրանց փորձառության մասին է:Ռամ Չարանն այն անվանում է «անհաղթահարելի միտում», որից փախչել չի կարելի, ուստի բանկերը պետք է ոչ թե հակազդեն դրան, այլ ընդունեն այն եւ կատարելագործեն, ընդ որում, դա պետք է անեն շատ արագ: Նոր՝ թվայնացվող աշխարհում գոյատեւելու եւ զարգանալու համար պետք է դառնալ «հարձակվող», ասում է նա: Կամ բանկերը պարզապես «կվախճանվեն»:Այսպիսով, ի՞նչ պետք է անել:• Համոզվե՛ք, որ թվային նորարարությունները գերակշռում են ավանդականին, քանի որ թվայինն է, որ քեզ դարձնելու է նորարար:• Գտե՛ք ճիշտ գործընկերների՝ ստեղծելու համար էկոհամակարգ. սա այն ճանապարհն է, որով բոլոր ընկերություններն ի վերջո աշխատելու են: Զարգացրո՛ւ հմտություններ, որոնք կօգնեն կառավարել եւ կարգավորել այդ էկոհամակարգը: Մրցակցությունը ծագելու է հենց էկոհամակարգից:• Համոզվե՛ք, որ դուք սկզբից մինչեւ վերջ հետեւում եք հաճախորդների փորձառությանը: • Տե՛ղ ազատեք ալգորիթմների վրա հիմնված նոր հիմնական հմտությունների եւ տեխնոլոգիաների համար:• Կրճատե՛ք ձեր ներքին ծախսերը մեկ երրորդով՝ միջոցներ խնայելով թվայնացման մեջ ներդնելու համար: Ծախսերը կրճատելու արագությունը չափազանց կարեւոր է:• Ստեղծե՛ք տաղանդների ռեզերվ, որը հասկանում է՝ ինչ է հաճախորդների սպասարկումը: • Համոզվե՛ք, որ անցումը թվայնացմանը կտեւի առավելագույնը երկու տարի:Մի՛ հակազդեք փոփոխությունների արագությանը, կարողացե՛ք տեսնել հնարավորությունները, դիմագրավե՛ք նոր «հարձակմանը»: Հին ճանապարհն այլեւս չկա, կեցցե՛ նոր ուղին: - Ի՞նչ խորհուրդ կտաք ֆինտեխ նորություններով զբաղվող լրագրողներին:- Դուք պետք է անընդհատ սովորելու եւ բացահայտելու եռանդ ունենաք, միաժամանակ՝ կարողանաք տարբեր խնդիրներ լուծել եւ ճկուն լինել: Որքան շատ բան իմանաք, այնքան շատ բան կարող եք կիսել ձեր ընթերցողների հետ:- Եվ վերջում, կպատմե՞ք մի փոքր Հայաստանի հետ ձեր կապերի մասին:- Հայրական կողմից հայկական արմատներ ունեմ: Պապս Վրաստանի փոքր գյուղից է, որը հայկական համայնք ուներ: Ես ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում՝ Հյուսիսային Կովկասի գեղեցիկ առողջարանային քաղաքում՝ Պյատիգորսկում: Ես մի շարք ազգությունների խառնուրդ եմ՝ հայի, ռուսի, վրացու եւ անգամ ֆրանսիացու:Տանյա Անդրեասյանի հետ զրուցել է Տաթեւ Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 39692