10 հարց փողի մասին Մանե Թանդիլյանին՝ «Խելամիտ եմ ծախսում»

07.10.2017 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
#Մանե Թանդիլյան
Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանն է:

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Թանկարժեք գնում համարում եմ լավագույն էմոցիաներ եւ հիշողություններ արթնացնող գնումները: Իսկ եթե չկտրվեմ հարցի ուղղակի կոնտեքստից, սեփական միջոցներով՝ առանց լրացուցիչ պարտավորություններ ձեռք բերելու, գնել եմ ավտոմեքենա:

- Նախընտրում եք կանխիկ գումա՞րը, թե՞ բանկային քարտերը:

- Տարբեր բանկերի բանկային քարտեր:

– Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին՝ մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Կդժվարանամ պատասխանել, քանի որ անհոգ ապրելու չափանիշն էապես կախված է տրամադրվածությունից, որը փոփոխական է տարբեր իրավիճակներում, եւ միշտ չէ, որ գումարային արտահայտում ունի: Բայց եթե խոսենք նվազագույն անհրաժեշտի մասին, ներառելով ֆիքսված ծախսերը, ապա կարելի է տեղավորվել $1000-ի սահմաններում:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

-Այո, իհարկե: Պարբերաբար ունենում եմ, եւ դրանց հաղթահարելու լավագույն տարբերակը եւս գտել եմ՝ շարունակել աշխատել՝ էլ ավելի արդյունավետ օգտագործելով ժամանակը:

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Ոչ, չեմ համարում, քանի որ իմ ապահովվածությունը կախված չէ բացառապես իմ անձնական ապահովվածությունից:

– Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Այո։ Ներկայում էլ օգտվում եմ:

- Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:

- Խելամիտ եմ:

– Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Ներդրումներ կանեմ՝ արժեք ստեղծելու նպատակով։ Կփորձեմ բազմապատկել ներդրումը եւ ամբողջ շահույթը նորից կներդնեմ:

–Պարտքով գումար տալի՞ս կամ վերցնո՞ւմ եք:

- Խուսափում եմ թե՛ տալուց, թե՛ վերցնելուց։ Ես բանկ չեմ:

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Թեպետ բանկերն արժեք չեն ստեղծում, սակայն բանկային համակարգն այն ուղեգիրն է, որն աշխարհին տանում է դեպի տնտեսական արագընթաց աճ, իսկ վստահելի բանկային համակարգն այդ արագության գրավականն է: Ես նախընտրում եմ վստահել բանկերին։

Մանե Թանդիլյանի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 31762
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW