Վարդան Արամյան. 2018-ին 5 % աճը հնարավոր կլինի

06.05.2017 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Ներկայացնում ենք ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հարցազրույցը Emerging Europe կայքի գլխավոր խմբագիր Էնդրյու Վրոբելի հետ, որի հայերեն թարգմանությունը ներկայացվել է ֆինանսների նախարարության մամուլի ծառայության կողմից:

- Երբ մենք հետ ենք նայում դեպի 2013-2015 թվականները, Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը եղել է 3 տոկոս: Հիմա մենք տեսնում ենք, որ աճը կանխատեսվել է 2.9 տոկոս: Ի՞նչն է ընկած սրա հիմքում:

- Դուք իրավացի եք, սակայն մինչև Ձեր հարցին պատասխանելը թույլ տվեք նշել այն երեք հիմնական միտումները, որոնք ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա: 2011 թվականի կեսերին պղնձի գները հասան իրենց գագաթնակետին` հասնելով 9.300 ԱՄՆ դոլարի մեկ տոննա պղնձի համար, ապա աստիճանաբար նվազեցին: Պղնձի գինը հասավ նվազագույնին 2016-ի սկզբին: Սա մեծ հարված էր Հայաստանի համար, քանի որ մենք հանդիսանում ենք պղինձ և մոլիբդեն արտահանող երկիր: Սրան զուգահեռ այս ընթացքում խոշոր կապիտալ հոսքերը զարգացող աշխարհից ուղղվեցին դեպի զարգացած աշխարհ:

2014 թվականի կեսերին Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցները նույնպես մեծ ազդեցություն ունեցան, քանի որ մենք Ռուսաստանի հետ բազմաթիվ տնտեսական կապեր ունենք: Կա փոխանցման երկու կարևոր ուղի: Առաջինը դրամական փոխանցումներն են, և երկրորդը` արտահանումը: Մեր վերամշակված սննդի շուրջ 60 տոկոսը գնում է Ռուսաստան:

- Դա նշականում է, որ կառավարությունը պետք է գործեր: Ինչպե՞ս եք որոշել նվազեցնել ռիսկերը:

- Խնդիրը պարզապես մարտահրավերն ու փոխզիջումը չէր: Բավականին երկար ժամանակ ճնշում կար նաև փոխարժեքի վրա, առաջինը` համաշխարհային ապրանքային գներից եկող առևտրային բացասական պայմանների, և երկրորդը` Ռուսաստանի ավելի թույլ տնտեսության պատճառով, ինչը հանգեցրեց դրամական փոխանցումների կրճատման և Ռուսաստանից եկող արտահանման եկամուտների կտրուկ անկման: Եթե մենք միայն դիտարկենք դրամական փոխանցումների վարքագիծը 2014 և 2015 թվականներն միասին վերցրած, մեր դրամական փոխանցումներր նվազել են շուրջ 45 տոկոսով: Մեր կանխատեսմամբ 2016-ին այն կնվազի ևս 11 տոկոսով: Եթե խոսենք թվերով, դա ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլարի կորուստ է` ընդամենը 2 մլրդ-ից նվազելու դեպքում:

Իհարկե, մենք պետք է ինչ-որ ձևով փոխհատուցենք դա: Կան երկու հիմնական միկրոտնտեսական գործիքներ, որոնք կարելի է կիրառել արտաքին շոկերը հաղթահարելու և շուկան կայունացնելու համար. հարկաբյուջետային կամ դրամավարկային քաղաքականության, կամ երկուսի ճիշտ հավասարակշռության միջոցով:

Երկու հանճարեղ տնտեսագետներ կային` Կալվոն և Ռեինհարթը, ովքեր հոդվածներ և հետազոտական աշխատանքներ են գրել փոխարժեքի տատանման վախի մասին, և թե ինչու են դոլարիզացված տնտեսությունները վախենում թույլ տալ, որ փոխարժեքը զարգացող աշխարհում ազատորեն տատանվի: Տնտեսագետները պնդում են, որ որոշ դեպքերում կառավարվող փոխարժեքի ռեժիմը արդարացված է, և արտարժույթի շուկայում բացասական սպասումների խարսխումը, ինչը տեղեկատվության անհամաչափության արդյունք է, այն է, ինչ պետք է անել: Մենք դա արել ենք և հիմա տեսնում ենք, որ դա մեզ հաջողվել է: Մենք խստացրել ենք մեր դրամավարկային քաղաքականությունը և փորձել ենք խարսխել բացասական սպասումները չարդարացված արժեզրկման դիմաց: Մյուս կողմից, դրամավարկային քաղաքականության կոշտացման ազդեցությունը փոխհատուցելու համար մեղմացրել ենք հարկաբյուջետային քաղաքականության պայմանները և հաջորդ երկու տարիների համար թույլ տվել ավելի բարձր դեֆիցիտ:

2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային կառույցները կտրուկ ավելացրին պահուստային պահանջը 12-ից մինչև 24 տոկոս, իսկ ռեպո տոկոսադրույքը` 8.5-ից 10.5 տոկոս մինչև 2015-ի փետրվար ամիսը: Սա նվազեցրեց ֆինանսական շուկայի խաղացողների ախորժակը տեղական արժույթով փոխառություն վերցնելու և դոլար գնելու տեսանկյունից, քանի որ տեղական արժույթը չափազանց թանկ դարձավ նման խաղ վարելու համար:

Մենք իհարկե հասկանում էինք, որ յուրաքանչյուր գործողություն ենթադրում էր իր ծախսերը, բայց մի բան ձեռք բերելու համար միշտ պետք է մեկ այլ բան զոհաբերել: Մենք զոհաբերեցինք ցածր տոկոսադրույքները տեղական արժույթով փոխառությունների և, որպես արդյունք, տնտեսությանը տրամադրված վարկերի աճի դիմաց, բայց մենք ձեռք բերեցինք կայունություն շուկայում և խուսափեցինք արժույթի տատանումներից: Մենք չտուժեցինք մեր ֆորեքս շուկայի անկարգությունից, ինչպես Ադրբեջանը, Ղազախստանը կամ Բելառուսը, Ռուսաստանը: Փոխարենը, ինչպես ասացի, մենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունը պահեցինք բավականին ճկուն վիճակում:

Իր հերթին, հարկաբյուջետային մեղմացումը հանգեցրեց պարտքի մակարդակի բարձրացման, քանի որ մենք ստիպված էինք արտաքին պարտք վերցնել` հարկաբյուջետային դեֆիցիտը ֆինանսավորելու համար: Այն մի փոքր ավելի բարձր էր, քան ծրագրված էր 2015 և 2016 թվականների համար: Այդ պատճառով էլ մենք դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության` 2015-ին պլանավորած 3 տոկոսի փոխարեն ունեցանք 4.8 տոկոս: 2016 թվականի համար, կարծում ենք, դեռևս չենք հաղթահարել արտաքին բացասական ազդեցությունը: Մենք դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին պլանավորել էինք մոտավորապես 4 տոկոս, բայց ունեցանք 5.5 տոկոս: Սա պարզապես հարկաբյուջետային ազդակ էր, որ մենք տվեցինք մեր տնտեսությանը, որպեսզի ապահովենք ինչպես ամուր հիմքեր հետագա վերականգնման համար, այնպես էլ դրական աճի տեմպեր 2015 և 2016 թվականներին: Ինչպես ասում են ամերիկացիները, անվճար ճաշ չեն մատուցում: Մենք այստեղ ևս կորուստ ունեցանք, կարող եմ ասել` դա այն էր, որ մեր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ աճեց շուրջ 10 տոկոսային կետով:

- Լավ, պարտքը վտանգավոր չէ, երբ կառավարելի է: Ի՞նչ կանխատեսումներ ունեք 2017 թվականի համար:

- 2017 թվականի համար մենք ասում էինք. «Տեսե°ք, հիմա հակառակ իրավիճակի և ելքի ռազմավարություն ունենալու ժամանակն է», որովհետև ես պետք է ունենայի հստակ ռազմավարություն: Ներդրողները նայում են` արդյոք դու քո ձեռքերում ունես անհրաժեշտ վերահսկողությունը պարտքի բարձրացման նկատմամբ, և եթե մենք մեզ սխալ դրսևորենք, ներդրողներն ավելի բարձր փոխհատուցում կպահանջեն իրենց ռիսկերի դիմաց: Սխալ ընտրված կամ «խեղաթյուրված» հարկաբյուջետային քաղաքականությունը կնվազեցնի նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների հնարավորությունները:

Մակրոտնտեսական կայունությունը կարևոր է օտարերկրյա ներդրողների համար: Դա օտարերկրյա ներդրումներ գրավելու առաջին նախապայմանն է: Քանի որ բոլորին, այդ թվում` տեղական ներդրողներին, կայունություն է անհրաժեշտ: Նրանց անհրաժեշտ է որոշակի կանխատեսելիություն և հստակ պատկերացում, թե կառավարությունն ինչ է անում և ինչու, և եթե մենք այս ամենը չապահովենք, մենք չենք կարող համոզել նրանց գալ մեր շուկա:

Հիմա, երկու հաջորդական տարի, ես ստիպված էի արտաքին պարտք ներգրավել, որպեսզի փոխհատուցեմ արտարժույթի պակասն իմ շուկայում և ֆինանսավորեմ ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը: Հիմա մենք պլանավորել ենք ամուր հարկաբյուջետային կոնսոլիդացիա 2017 թվականի համար, ուստի և պարտքի կայունության և մակրոկայունության ապահովում միջնաժամկետում: Սա հենց այն է, ինչ մենք անում ենք 2017 թվականի համար:

Կա ևս մի կարևոր բան: Մենք ունենք հստակ ֆիսկալ կանոն մեր օրենսդրության մեջ, ըստ որի` եթե դու գերազանցում ես պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսով, այսինքն` քո պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ, ապա հաջորդ տարվա համար դու պետք է թիրախավորես ՀՆԱ-ն ոչ ավել, քան 3 տոկոս գերազանցող դեֆիցիտ:

- Այժմ կրկին անդրադառնանք ՀՆԱ-ի աճին:

- Այո, 2017 թվականին մենք պլանավորում ենք ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, որովհետև կարծում ենք, որ 2017 թվականը պետք է լինի վերականգնման և կայունացման տարի: Առաջին հերթին, մենք պետք է կայունացնենք միջավայրը նախորդ երկու տարիների  հիմնական շոկերից հետո, ապա պետք է բարելավենք այն: 2018 և 2019 թվականներին մենք պետք է թիրախավորենք ավելի բարձր տնտեսական աճ, և մենք վստահ ենք, որ 2018-ին նույնիսկ 5 տոկոսը հնարավոր կդառնա մեզ համար:

- Ի՞նչն է լինելու այս աճի խթանը:

- Եվ արտաքին, և ներքին միջավայրը, ինչպես նաև մեր գործողությունները: Ինչ վերաբերում է ներքին միջավայրին, կան երկու հիմնական ուղղություններ. քաղաքականությունը մակրո և միկրո մակարդակնեում: Արտաքին մակարդակում, կարծում եմ, այս տարին արդեն իսկ դրական նշաններ է ցույց տալիս. ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ապրանքային շուկայում մենք նշանակալի վերականգնման ենք ականատես լինում: Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Ամերիկայի երկրները ավելի լավ արդյունքներ են ունենում, քան պլանավորված էր: 2016 թվականին ռուսական տնտեսությունը նույպես կայունացել է, և ռուբլին արժևորման նշաններ է ցույց տալիս:

- Դուք նշեցիք նաև ներքին գործոններ: Որո՞նք են դրանք:

- Առաջինը երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության մեր հստակ հանձնառությունն է: Ինչպես արդեն ասել եմ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականության և ելքի ռազմավարության շնորհիվ մենք պատրաստվում ենք իրականացնել հարկաբյուջետային  կոնսոլիդացիա, ինչը կնպաստի մակրո կայունության ապահովմանը: Սա ապագա ներդրումների ամենակարևոր նախապայման է:

Երկրորդ գործոնը միկրո մակարդակում է: Ներկայումս շարունակում ենք  իրականացնել արտահանումը խթանող քաղաքականությունը և կառավարության աջակցությունը ներդրումային ծրագրերին առևտրային հատվածում: Մենք կանխատեսում ենք արտահանման շուրջ 20 տոկոս աճ` 2015 թվականի 4.6 տոկոս անկումից հետո: Ինչևէ, 2017 թվականին մեր գործողությունների արդյունքում պլանավորում ենք կրկին երկնիշ թվով արտահանման աճ ունենալ:

Ի հավելումն սրան, կա նաև բարեփոխումների հստակ օրակարգ, որը կհեշտացնի Հայաստանում գործարարությամբ զբաղվելը, ինչպես օրինակ` կառավարության ծառայությունների թվայնացումը: Այս ծառայությունները ստանալու ժամանակը զգալիորեն կրճատվել է, ինչպես նաև մենք հանձն ենք առել խորը և համապարփակ գործողություններ բիզնեսի համար վարչարարական բեռը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես օրինակ` բարեփոխումները վերահսկողության ոլորտում, վարչարարական գիլյոտինը և այլն:

Մենք նաև ստեղծել ենք ռազմավարական կենտրոն, որը կգործի որպես վերլուծական կառույց և կհանդիսանա այս բարեփոխման խթանը` ախտորոշելով, թե մենք ինչ ունենք, վերացնելով բոլոր տեսակի չարդարացված խոչընդոտները և ձևավորելով իրագործելի ռազմավարություն ու հստակ ծրագրեր առաջ ընթանալու համար:

- Այժմ անդրադառնանք բիզնես միջավայրին: Համաշխարհային բանկի “Doing Business 2017” («Գործարարություն 2017») զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը` ավելի բարձր, քան նախորդ տարի: Այսպիսով, կարևոր է շարունակաբար բարելավել բիզնես միջավայրը: Սա մակրոտնտեսական կայունության հետ միասին այն է, ինչին ուշադրություն են դարձնում օտարերկրյա ներդրողները:

- Այո, ես համաձայն եմ: Ինչպես ասացի, բիզնես միջավայրը կարևոր է թե տեղական, թե օտարերկրյա ներդրողների համար, և բարեփոխումներն իրենց արդյունքը կունենան դրանում:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ըստ Համաշխարհային ներդրումների զեկույցի` 2015 թվականին Հայաստանը ներգրավել է 200 մլն ԱՄՆ դոլարից քիչ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, այսինքն` ավելի քիչ, քան 2014 թվականի ցուցանիշի կեսը:

Սա ճիշտ է, և մենք կարծում ենք, որ այդ ցուցանիշը չափազանց ցածր է մեր տնտեսության համար: Այն, ինչը մեր գործողություններից բացի ես այժմ համարում եմ չափազանց կարևոր, հաղորդակցությունն է մեր ներդրողների հետ: Կարևոր է լինել ազնիվ և բաց նրանց հետ այն առումով, թե ինչ ունենք մենք հիմա, որն է մեր գործողությունների փիլիսոփայությունը և ինչ նպատակներ ունենք հաջորդ մի քանի տարիների համար: Այս ամենը պետք է լինի չափելի և ըմբռնելի: Ես իսկապես հավատում եմ, որ կան շատ ներդրողներ, որոնք դեռ չեն բացահայտել այն բոլոր հնարավորությունները, որ առաջարկում է Հայաստանը:

- Մենք ավելի վաղ խոսեցինք ներքին շուկայի մասին: Ի՞նչ վիճակում է այժմ ներքին սպառումը:

- Երկու անընդմեջ տարիների հիմնական շոկերից հետո, իհարկե, սպառումն ինչ-որ չափով տուժել էր: Այն մի փոքր թուլություն է դրսևորում: Ինչո±ւ այն չի բարձրանում: Համախառն ազգային տնօրինելի եկամուտը ևս նվազել է: Բարեբախտաբար, այժմ վերականգնման նշաններ կան: Կան որոշ առաջատար ցուցանիշներ, օրինակ` մանրածախ առևտրի կատարումը, որոնք կարող են ակնարկել սպառման հնարավոր վարքագծի մասին, քանի որ սպառման վիճակագրությունը սովորաբար հրապարակվում է շատ ավելի ուշ: Եթե մենք նայենք մանրածախ առևտրին ամսվա կտրվածքով, մինչ 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այն նվազել է: Այնուհետև այն սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ, և տարեկան կատարումը ամփոփվեց մանրածախ առևտրի համար դրական աճով. մոտավորապես մեկ տոկոս աճ:

- Գործազրկությունը կարծես նույնպես նվազում է, ի՞նչն է ընկած դրա հիմքում:

- Այո, այն նվազում է: Իհարկե, սրա հիմքում ընկած է այն, որ 2014, 15 և 16 թվականներին տնտեսական աճը հիմնականում ապահովում էին այն ոլորտները, որոնք ինտենսիվ աշխատանք են պահանջում` գյուղատնտեսական և ծառայությունների ոլորտները:

- Թույլ տվեք հարցնել Եվրասիական տնտեսական միության մասին: Հայաստանը գո՞հ է ԵԱՏՄ անդամակցությունից ստացած օգուտներից:

- Իրականում, մի լավ ասացվածք կա. «Եթե ցանկանում ես քո սեփական օգուտն ունենալ, մի° մեղադրիր քո գործընկերոջը այդ հնարավորությունից չօգտվելու համար»: Ուրիշներին մեղադրելու փոխարեն պետք է ինքդ մտածես, թե ինչ է պետք անել շահ ստանալու համար:

Անկեղծ ասած, նախքան Եվրասիական միությանը անդամակցելը` մենք ինքներս ուսումասիրություններ ենք անցկացրել և համեմատել, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենանք Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր(DCFTA) ունենալու և ԵԱՏՄ-ին միանալու դեպքերում: ԵՄ ԽՀԱԱՀ-ին անդամակցելու արդյունքում տնտեսական կարճաժամկետ ազդեցությունը գնահատվում էր ՀՆԱ-ի շուրջ 1.06 տոկոսային կետ: Երկարաժամկետ հեռանկարում այն կլիներ մոտ երկու տոկոսային կետ` առանց մուլտիպլիկատիվ էֆեկտի:

- Իսկ ի՞նչ կասեք ԵԱՏՄ անդամակցության շահերի մասին:

- Մենք իրականացրել ենք մաքսային միությանը անդամակցելու ուսումնասիրությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ: Մեր գնահատմամբ` այս դեպքում մենք կստանայինք տարեկան նվազագույնը 2.4 տոկոսային կետ: Այսօր մարդիկ քննադատաբար են մոտենում, քանի որ 2015 թվականին արտահանումները դեպի Ռուսաստան նվազել են, բայց դա ամերիկյան դոլարի նկատմամբ ռուսական արժույթի արժեզրկման և իր իրական արժեքով ռուսական ռուբլու նկատմամբ մեր արժույթի արժևորման, ինչպես նաև Ռուսաստանում տեղական պահանջարկի զգալի նվազեցման արդյունքում էր:  

Եթե մենք միայն հաշվի առնենք գազի գների ազդեցությունը, որը գնում ենք Ռուսաստանից, 30 տոկոս արտահանման սակագինը այստեղ չի կիրառվում, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Անվանական ազդեցությունը տարեկան շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար է: 140 մլն դոլարը մեր ՀՆԱ-ի գրեթե 1.4 տոկոսային կետն է, և ես դեռ չեմ խոսում էներգակիրների սակագների ազդեցության երկրորդ փուլի մասին: Գազի գինն արտացոլվում է էներգակիրների գների մեջ, ինչն ազդեցություն է ունենում սպասարկման ծախսերի վրա, որոնք հոգում են հայկական ընկերությունները, և, իհարկե, դա կարող է վնասել նրանց մրցունակությանը:

- Կա նաև ԵԱՏՄ անդամակցության քաղաքական կողմը:

- Այո, շատ քաղաքական գործիչներ ասում են, որ ԵՄ մաս կազմելը կարող էր խթանել բարեփոխումները, քանի որ ԵՄ-ն ավելի զարգացած է, բայց մենք սերտորեն համագործակցում ենք թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ: Իրականում, այս փուլում ԵԱՏՄ-ն մաքսային միություն է: Ինչևէ, մենք համագործակցության ավելի լայն շրջանակ ունենք ԵՄ-ի հետ: Մենք իրականացնում ենք բարեփոխումներ լավ կառավարման, մարդու իրավունքների, դատական և բիզնես միջավայրի ոլորտներում և պատրաստվում ենք նույն ոգով շարունակել:
Դիտում՝ 49024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW