Դոլարը փոքր-ինչ արժեվորվեց

10.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

"Ազգ" (Երեւան), 10 հունվարի, 2007թ.

Հայաստանի ֆինանսական շուկայում այժմ հանդարտություն է տիրում, ինչն անսպասելի չէր: Նախատոնական մակընթացությանը պետք է հետեւեր նման տեղատվությունը: Այդ երեւույթը նկատելի է տնտեսության բոլոր` արդյունաբերության, շինարարության, առեւտրի, սպասարկման եւ այլ ոլորտներում: Տարեսկզբի առաջին մեկ-երկու ամիսներին փաստորեն գործում են սեզոնային երկու գործոններ` հետամանորյա շրջանը եւ ձմեռը, որոնք, որպես կանոն, բացասաբար են ազդում տնտեսական աշխուժության վրա: Սա էլ իր ազդեցությունն է թողնում ֆինանսական շուկայի եւ մասնավորապես փոխարժեքի վրա:

Դեռեւս անցյալ տարվա վերջին դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեւորման տեմպը դանդաղեց, ապա կայունացավ` 1 դոլարի դիմաց 360-365 դրամ փոխարժեքի սահմաններում: Նոր տարվան հաջորդող օրերին փոխարժեքը շարունակեց կայուն մնալ, իսկ վերջին մեկ երկու օրերին արձանագրվեց վերջին երեք տարվա ընթացքում հազվադեպ դարձած հակադարձ երեւույթը` դրամը փոքր-ինչ արժեզրկվեց: Ներկայումս 1 դոլարը գնվում է 365 եւ վաճառվում 368 դրամով: Ինչո՞վ էր սա պայմանավորված եւ արդյոք կարելի՞ է ակնկալել, որ այս երեւույթը շարունակական կլինի:

Հիմնական պատճառն, ինչպես արդեն նշեցինք, տոներին հաջորդող շրջանն է: Մյուս պատճառները սրա ածանցյալն են: Հետտոնական շրջանում արտարժույթի (հիմնականում դոլարի) ներհոսքը Հայաստան կտրուկ նվազում է: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցները նույնպես այդ շրջանում ակտիվ գործունեությամբ զբաղված չեն լինում եւ նախատոնական օրերին իրենց հարազատներին կատարած գումարային փոխանցումներից հետո կամ ավելի փոքր գումարներ են ուղարկում, կամ առժամանակ ընդհանրապես չեն ուղարկում:

Դեպի Հայաստան դոլարային ներհոսքի մյուս թիրախը շինարարությունն է, որը հատկապես այս օրերին եւ ձմռանն ընդհանրապես, եթե չասենք դադարում է, ապա զգալիորեն նվազում է: Դոլարի ներհոսքի նման կտրուկ նվազումն է այն հիմնական պատճառը, որ տարվա այս շրջանում հանգեցնում է նրա նկատմամբ պահանջարկի աճին եւ որպես դրա հետեւանք` մեր ներքին շուկայում դոլարի արժեւորմանն ու դրամի արժեզրկմանը: Թեեւ դոլարի պահանջարկի աճը, պայմանավորված տնտեսական ակտիվության նվազմամբ, կտրուկ չի:

Վերոնշյալին մնում է միայն ավելացնել, որ արտաքին շուկաներում եւս դոլար-եվրո հարաբերակցությունում էական տեղաշարժեր չեն արձանագրվել, որոնք կարող էին ազդել դրամ-դոլար փոխարժեքի վրա:

Շարունակական կլինի՞ այս օրերին տեղի ունեցող դոլարի արժեւորումը: Հայտնի է, որ փոխարժեքը ձեւավորվում է բազմաթիվ գործոններից: Ուստի միանշանակ պատասխանել այդ հարցին հնարավոր չէ: Սակայն կարելի է ենթադրել, որ եթե դոլարի միջազգային դիրքերի կտրուկ ամրապնդում չլինի, ապա հայկական շուկայում անհավանական է նրա արժեւորումը, քանի որ այս տարի նույնպես ակնկալվում է, որ դեպի Հայաստան դոլարային մեծ ներհոսքը կշարունակվի: Բացի մասնավոր փոխանցումներից, Լինսի հիմնադրամի եւ ՙՀազարամյակի մարտահրավերների՚ ծրագրերից սպասվում են դոլարային խոշոր հոսքեր: Մեծապես օտարերկրյա ներդրումներով իրականացվող շինարարության բարձր տեմպերը նույնպես ակնկալվում է, որ կպահպանվեն: Կենտրոնական բանկն էլ շարունակելու է գնաճի զսպման իր քաղաքականությունը: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ սեզոնային գործոնների փոփոխվելուց հետո դրամը կշարունակվի արժեւորվել:

Հետեւաբար, դոլարային եկամուտներ կամ խնայողություններ ունեցող մեր հայրենակիցներին խորհուրդ կտանք դրանք դրամի վերածել հիմա կամ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում, քանի դեռ չի վերսկսվել դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման արդեն երեք տարի շարունակվող գործընթացը:

 

Դիտում՝ 7392
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai