Չինացի միլիարդատեր Ջեկ Ման նախատեսում է հրաժարվել Ant Group ֆինտեխ հսկայի նկատմամբ վերահսկողությունից: Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին (WSJ) հայտնել են իրազեկ աղբյուրները։Նրանց խոսքով՝ Ման ձայնի իրավունք ունեցող իր բաժնետոմսերի մի մասը կփոխանցի ընկերության ղեկավարությանը եւ դրա գլխավոր տնօրեն Էրիկ Ցզինին։ Այժմ 57-ամյա Ման չի զբաղեցնում ղեկավար պաշտոններ Ant-ում, սակայն իրեն պատկանող կառույցների միջոցով վերահսկում է ընկերության բաժնետոմսերի 50,52%-ը։Ինչպես նշել են WSJ-ի աղբյուրները, Ման տարիներ շարունակ դիտարկում էր Ant-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու հնարավորությունը, սակայն ձեռնպահ էր մնում այդ քայլից՝ չցանկանալով հետաձգել ընկերության IPO-ի ծրագրերը։Ant Group-ի IPO-ն պետք է տեղի ունենար 2020 թվականի նոյեմբերին եւ կարող էր դառնալ պատմության մեջ ամենախոշորը՝ ներգրավելով $34,5 միլիարդ: Սակայն վերջին պահին Չինաստանի իշխանությունները չեղարկել էին ցուցակումը եւ պահանջել Ant Group-ից «վերադառնալ իր արմատներին»՝ կենտրոնանալով վճարումների մշակման վրա՝ ավելի շահավետ բիզնես ուղղությունների փոխարեն:2021 թվականի ապրիլին Ant Group-ը համաձայնել էր իրականացնել մասշտաբային վերակազմակերպում՝ ֆինանսական հոլդինգ դառնալու եւ Չինաստանի Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո հայտնվելու համար։WSJ-ի զրուցակիցները նշել են, որ Ant-ն արդեն տեղեկացրել է Չինաստանի կարգավորիչ մարմիններին Մայի մտադրության մասին՝ ընկերության վերակազմակերպման շրջանակում վերահսկողությունը փոխանցելու մասին։ Պարբերականի փոխանցմամբ՝ վերահսկողության փոխանցումը կստիպի Ant-ին հետաձգել հրապարակային ընկերություն դառնալու նոր ծրագրերը․ չինական օրենսդրության համաձայն՝ ընկերությունները չեն կարող ներքին շուկայում տեղաբաշխում իրականացնել, եթե վերջին երեք տարում փոխել են իրենց վերահսկիչ բաժնետիրոջը: Շանհայի STAR բորսա դուրս գալու դեպքում խոսքը երկու տարվա, իսկ Հոնկոնգի բորսա մուտք գործելու պարագայում՝ մեկ տարվա մասին է։Սակայն Ant-ը չի շտապում նոր IPO անցկացնել՝ հնարավոր համարելով այլ տարբերակներ, այդ թվում՝ ստորաբաժանումների առանձնացումը, որոնք կկարողանան ինքնուրույն իրականացնել ցուցակումը, նշել են պարբերականի զրուցակիցները։Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ Չինաստանի ֆինանսական կարգավորիչները սկսել են քննարկել Ant Group-ի IPO-ի հնարավոր վերագործարկումը։ Նրանց փոխանցմամբ՝ Չինաստանի արժեթղթերը կարգավորող հանձնաժողովը ստեղծել է աշխատանքային խումբ՝ վերագնահատելու բաժնետոմսերը բորսայում վաճառելու ընկերության ծրագրերը: Գործակալությունը նշել էր, որ Ant Group-ը շուտով կկարողանա լիցենզիա ստանալ, որը թույլ կտա կարգավորել ֆինանսական ստարտափը որպես բանկ՝ հնարավոր դարձնելով ցուցակումը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 50878