Walmart խոշորագույն առեւտրային ցանցը կստեղծի իր ֆինտեխ ստարտափը

18.10.2021 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Walmart #ֆինտեխ ստարտափ #Բրեթ Բիգս
Խոշորագույն Walmart մեծածախ եւ մանրածախ առեւտրային ցանցը կստեղծի իր ֆինտեխ ստարտափը՝ Goldman Sachs-ի նախկին թոփ մենեջերների գլխավորությամբ, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ):

Որպես տարբերակ դիտարկվում է նեոբանկի գնումը: Միաժամանակ, ընկերությունը չի նախատեսում ստանալ բանկային լիցենզիա: Հրապարակային անվանում ստարտափը դեռ չունի:

Նորաստեղծ ընկերությունը կլինի համատեղ ձեռնարկություն Ribbit Capital-ի, Robinhood Markets-ի եւ թվային ֆինանսական այլ ընկերությունների հետ, սակայն Walmart-ը հանդես կգա որպես հիմնական սեփականատեր:

Ըստ WSJ-ի աղբյուրների՝ հովանավորները պարտավորվել են հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնել նախագծում: Տեխնոլոգիաները մշակելու համար ներդրողներն, ամենայն հավանականությամբ, կդիմեն այլ ընկերությունների: Այս ծրագիրը Walmart-ի եկամտի նոր հոսքեր ստեղծելու ավելի լայն ռազմավարության մի մասն է:

Walmart-ը տասնամյակներ շարունակ փորձել է զարգացնել իր ֆինանսական ծառայությունների բիզնեսը, սակայն այն դեռ կազմում է իր տարեկան եկամտի փոքր մասը:

2015 թվականին ընկերությունը գործարկեց բջջային վճարումների սեփական Walmart Pay ծառայությունը, որը, սակայն, ժողովրդականություն չվայելեց գնորդների շրջանում: Walmart Pay-ը կարող է օգտագործվել միայն առեւտրային ցանցի ներսում եւ, բացի այդ, ընկերությունը ծառայության համար չմշակեց առանձին հավելված:

2000 թվականին Walmart-ը դիմեց կարգավորիչ մարմիններին բանկային լիցենզիա ստանալու խնդրանքով՝ արդյունաբերական վարկավորման ընկերություն հիմնելու համար: ԱՄՆ Կոնգրեսը զգուշությամբ մոտեցավ այս ծրագրերին, որոշումը երկարաձգվեց մի քանի տարով, եւ 2007 թվականին Walmart-ը հրաժարվեց այդ գաղափարից: Փոխարենն ընկերությունը համագործակցում է բանկերի եւ ֆինտեխ ստարտափների հետ` ֆինանսական ծառայություններ առաջարկելով իր հաճախորդներին:

Walmart-ի ֆինանսական տնօրեն Բրեթ Բիգսը հաստատել է WSJ-ին, որ ընկերությունը շուտով կընդլայնի իր ֆինանսական ծառայությունների տեսականին: «Այն ամենը, ինչ մենք կանենք, կօգնի ընդլայնել այն, ինչ մենք արդեն անում ենք: Walmart Pay-ի ավելի լայն ներդրումը միանշանակ տեղավորվում է այն էկոհամակարգի մեջ, որը մենք փորձում ենք կառուցել»,- ասել է նա:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW