Հուլիսի 11-ին Ազգային հիփոթեքային ընկերության(ԱՀԸ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկվելով հիմնական` Abond ցուցակում:1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 60 ամիս մարման ժամկետով եւ արժեկտրոնի 12% եկամտաբերությամբ պարտատոմսերը բորսայում շրջանառվելու են NMCCB2B հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից Արմսվիսբանկին շնորհվել է ԱՀԸ 11-րդ թողարկման պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Որպես շուկա ստեղծող` Արմսվիսբանկը կապահովի ԱՀԸ պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` երկրորդային շուկայում նպաստելով պարտատոմսերի իրացվելիությանը:Հիշեցնենք, որ հունիսի 27-ին պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որոնց համար ներկայացված գնման ընդհանուր գումարը/ պահանջարկը կազմել է 2 մլրդ 579 մլն 801 հազար 450 ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1 մլրդ 2 մլն 800 հազար 730 ՀՀ դրամ: Տեղաբաշխված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, իսկ կեռման եկամտաբերությունը` 11.9998%: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկման ծավալով ԱՀԸ-ն ամենաակտիվն է հայկական շուկայում:ԱՀԸ գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը նշել է, որ պարտատոմսերի թողարկումն ինքնանպատակ չէ. «Արդեն 11 անգամ պարտատոմսեր ենք թողարկել, որոնցից 2-ը երկարաժամկետ են, 9-ը` կարճաժամկետ: Մեր հետագա քայլերը կլինեն երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումը»: Արմսվիսբանկի տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանի փոխանցմամբ, «շուկան ցույց տվեց, որ պահանջարկը արժեթղթերի նկատմամբ կար եւ կա նաեւ հիմա. երկրորդային շուկայում մարդիկ գնում են դրանք»:Անդրադառնալով կորպորատիվ արժեթղթերի թողարկման ծավալների ավելացմանը` Կարեն Տուրյանը նշել է, որ դրանք պայմանավորված էին պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազմամբ: «Կարծում եմ, եթե պետական պարտատոմսերի եկամտաբերության դինամիկան պահպանվի այս մակարդակում, բավական հետաքրքիր զարգացումներ կարող ենք ունենալ»,-ասել է նա: Tweet Դիտում՝ 3199