Փետրվարի 12-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը` ընդգրկելով հիմնական Abond ցուցակում:Ինչպես հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի մամուլի ծառայությունը, ՎԶԵԲ-ի պարտատոմսերի 2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 դրամ անվանական արժեքով եւ մեկ տարի մարման ժամկետով այս պարտատոմսերը առաջին լողացող արժեկտրոնով արժեկտրոնային պարտատոմսերն են հայկական շուկայում: Պարտատոմսերը շրջանացվելու են Բորսայում EBRDB1 հապավմամբ, ինչպես նաեւ թույլատրվելու են հասցեական եւ ՌԵՊՈ գործարքների կնքմանը:«ՎԶԵԲ-ը առանցքային դեր ունի Հայաստանի ներդրումային նախագծերում, եւ իրենց պարտատոմսերի ցուցակումը հիմնական Abond ցուցակում կարեւոր քայլ է նոր գործիքների ներդրման եւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար», - նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:«Ազգային արժույթով արտահայտված ՎԶԵԲ-ի այս պարտատոմսերը խթանելու են եւ աջակցելու են Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: ՎԶԵԲ-ի դրամային վարկավորման այս մեխանիզմի շնորհիվ նաեւ նվազելու է տեղական գործարաների արժութային ռիսկը», - ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:Նշենք, որ հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել ՎԶԵԲ-ի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը: Ընկերության 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող 6 ամսյա պարտատոմսերի եկամտաբերության կորի արժեքին, որին գումարվում է 0.3% մարժա հետագա արժեկտրոնային վճարման համար: Աճուրդի ընթացքում ձեւավորված արժեկտրոնի կտրման եկամտաբերությունը կազմել է 8.555%: «Դա միջազգային ֆինանսական կազմակերպության կողմից թողարկված պարտատոմսերի առաջին բորսայական հրապարակային տեղաբաշխումն էր Հայաստանում, որը ընդլայնում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման տեխնոլոգիաներն օգտագործող հաճախորդների ցանկը եւ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային հնարավորությունների ընդլայնման հիմք է ստեղծում»,- ասված է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տարածած հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4351